Արցախի բռնի տեղահանումից և հայաթափումից գրեթե մեկ տարի անց Արցախի Հանրապետության շուրջ 50 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ դիմել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Գործող նախագահ Յան ԲՈՐԳ-ին։
Հասցեում, մասնավորապես, ասվում է.
«Freedom House, International Partnership for Human Rights, Democracy Development Foundation, Helsinki Citizens’ Assembly – Vanadzor, Protection of Rights without Borders NGO, Law Development and Protection Foundation и Truth Hounds կազմակերպությունների փաստահավաք առաքելությունը հաստատել է, որ բավականաչափ ապացույցներ կան եզրահանգելու, որ ադրբեջանական իշխանությունների և զինվորականների գործողությունները, ինչպես նաև այլ արարքները, որոնք արձանագրվել են Առաքելության զեկույցում և հրապարակվել «Ինչու՞ հայեր չկան Լեռնային Ղարաբաղում» վերնագրով, հանցագործություններ են համարվում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի համաձայն, ներառյալ հոդված 7-ը/հանցագործություններ մարդկության դեմ/ և հոդված 8-ը/ռազմական հանցագործություններ/ և համապատասխանում են բնակչության արտաքսման և բռնի տեղահանման բնորոշմանը»:
Այս կոչը հատկապես կարևոր է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի կեղծ հայտարարության ֆոնին, ով պնդում է, որ «Ադրբեջանը օկուպանտ-պետություն չի եղել։ Եթե դիտարկենք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային հարաբերությունների համակարգը, ապա կտեսնենք, որ օկուպանտ պետություններն ու ագրեսորները շատ քիչ են, որոնցից մեկն էլ Հայաստանն է»։
Եվ սա ասում է մի երկրի պաշտոնյա, որը 36 տարի՝ սկսած 1988 թվականից, ցեղասպանություն է իրականացրել Սումգայիթում, Բաքվում, Գանձակում (Կիրովաբադ), Շահումյանում, Գետաշենում, Մարաղայում։
1992-ին, խախտելով ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները, Ադրբեջանը ագրեսիա սկսեց Արցախի դեմ, որն այդ ժամանակ ոչ մի կապ չուներ այս ահաբեկչական, ռասիստական երկրի հետ։ Արհեստական այս կազմավորմանը ապօրինաբար ենթարկած արցախահայությունը, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, հռչակեց իր Հանրապետությունը՝ հետագայում մայրցամաքային Հայաստանին վերամիավորվելու նպատակով։
Հենց ԼՂՀ կարգավիճակը որոշելու նպատակով ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Հասարակական կազմակերպությունների կոչում ասվում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրները և մյուս ներգրավված դերակատարները բազմիցս հայտարարել են, որ ղարաբաղյան հակամարտությունը մնում է չկարգավորված, հետևաբար, Լեռնային Ղարաբաղի ռազմական բռնազավթումը անօրինական է, և ԵԱՀԿ Մինսկի խումբը իր մանդատին համաձայն պետք է շարունակի գործունեությունը”։
1992 թվականին ԵԱՀԽ/ԵԱՀԿ բոլոր անդամ-պետությունները ճանաչել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված ԵԱՀԿ միջազգային խորհրդաժողովին Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մասնակցության իրավունքը։ Հետագայում Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների հետ միասին հակամարտության կողմ է ճանաչվել։
Սակայն, անդամակցելով ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ին, Ադրբեջանն անմիջապես խախտել է վեճերի խաղաղ կարգավորման իր միջազգային պարտավորությունը։ Պաշտոնական Բաքուն անօրինական ուժ է կիրառել ԼՂՀ վիճելի տարածքի նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցով միջազգային խորհրդաժողովի անցկացումը ձախողելու նպատակով։
Ադրբեջանն ի սկզբանե ճանաչել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վիճելի լինելը և այդ կարգավիճակը միջազգային խորհրդաժողովում որոշելու համաձայնություն է տվել։ Հետևաբար, նրա կողմից Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հիմնախնդրի առկայության անտեսման փորձերը որևէ իրական հիմք չունեն»։
Սակայն, ինչպես նշվում է Դիմումի մեջ, «Մինսկի գործընթացի հենց սկզբից ՄԽ բոլոր անդամ-երկրների կողմից անտեսվել է առանցքային մի հանգամանք՝ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու պարտավորության խախտումը։ Նման մոտեցումը Ադրբեջանի մոտ հիմնախնդրի ռազմական լուծման տրամադրություններ է խթանել, իսկ բանակցային գործընթացը նրա կողմից օգտագործվել է որպես ծածկույթ ռազմական ներուժի զարգացման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման միջազգային ջանքերին հակազդելու համար»:
Հենց այս հանգամանքն է այսօր Ադրբեջանին հնարավորություն տալիս անտեսելու միջազգային դերակատարների բոլոր, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները։ Իսկ այս պսեւդոպետության լկտիության ամենաբարձր աստիճանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջն էր։
Բայց, ինչպես նշում են Դիմումի ստորագրողները, «այս տարածքի (Արցախի) կարգավիճակի հարցը այդպես էլ մնացել է չլուծված, ինչը պահպանում է հակամարտության արմատական պատճառը։ Մինսկի խմբի գործառույթներում ոչ մի իրավաբանական փոփոխություններ չեն կատարվել։ Ուկրաինայում պատերազմի պատճառով համատեղ աշխատելու ԵԱՀԿ Մինսկի խմբի չկամությունը չի կարող ՄԽ գործունեության սառեցման արդարացում լինել։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցով միջազգային խորհրդաժողովի նախապատրաստումն ու անցկացումը առաջվա պես մնում է ԵԱՀԿ խնդիրը և պահպանում է իր արդիականությունը։
Միջազգային կազմակերպությունը, որը պատասխանատու է Եվրոպայում անվտանգության և համագործակցության համար, չի կարող այն անդամ-պետությունների պատանդը դառնալ, որոնք բացահայտորեն խախտում են ԵԱՀԿ-ին ստանձնած պարտավորությունները և անտեսում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները»:
Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակությունն առաջարկում է պայմաններ ստեղծել շատ մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաժողով անցկացնելու համար։ Հասկանալի է, որ այժմ միայն Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային համաժողովը կարող է ընդունել քաղաքական որոշումներ, որոնք անհրաժեշտ են այս տարածաշրջանում մարդու ոտնահարված իրավունքները վերականգնելու համար։
Արցախցիների՝ նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքը պետք է երաշխավորված լինի Արցախի կարգավիճակով. ցանկացած այլ «երաշխիքներ» պարզապես խոսքեր են:
Մարգարիտա Քարամյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: