44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքները, եզրակացությունն արդեն պատրաստ է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Քոչարյանը հավելեց, որ հանրությունը միայն մասամբ կկարողանա ծանոթանալ հանձնաժողովի եզրակացությանը, քանի որ այնտեղ շատ գաղտնի տեղեկություններ կան։
Ի՞նչ գաղտնի տեղեկությունների մասին է խոսքը։ Ի վերջո, Արցախն այլևս գոյություն չունի, եւ ոչ ոքի հետաքրքիր չէ դիրքերի կամ զենքերի մասին տեղեկությունը։ Հատկապես, որ մեր թշնամիներն այս ամենը արդեն տեղադրել են համացանցում։
Որեմն ո՞րն է «գաղտնիքը»: Միգուցե այն է, որ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում բացահայտել իրենց անգործության կամ կանխամտածված գործողությունների բազմաթիվ փաստեր։
Տվյալների հրապարակումից հետո կարող է պարզվել պատերազմի ժամանակ իշխանությունների անփութության հանցավոր աստիճանը։ Հատկապես որ պարզ չէ, պատերազմ եղե՞լ է թե ոչ։ Եթե դա պատերազմ չէր, ապա ինչո՞ւ առաջին օրերին ՀՀ-ում մոբիլիզացիա հայտարարվեց։ Իսկ եթե պատերազմ էր, ինչո՞ւ մոբիլիզացիան չեղարկվեց, և վարչապետը եթերում համոզում էր բոլոր տղամարդկանց, որ կամավոր գնան պաշտպանեն Արցախը։
Եթե Հայաստանի իշխանությունները կարծում էին, որ հայկական բանակը չպետք է պաշտպանի Արցախը (չնայած Սահմանադրությամբ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն էր), ապա ի՞նչ իրավունքով է վարչապետ Ն. Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել եռակողմ հայտարարությունը։ Ավելին, նույնիսկ 4 տարի անց նա ամուր կառչել է դրանից, թեև այս թղթի ոչ մի կետ չի կատարվել հօգուտ Արցախի։
Ի՞նչ է արել Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը 4 տարի։ Չէ՞ որ 2020 թվականին տեղի ունեցածի քաղաքական գնահատականը հանրությանը այդպես էլ չի ներկայացվել։ Միակ բանը, որի մասին այս տարիների ընթացքում ինտենսիվորեն խոսվել է՝ արցախյան բանակի իբր դավաճանությունն է եւ զինվորականների «դասալքությունը»։
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անգամ թիվ է հրապարակել՝ 11 հազար դասալիք։ Այդ դեպքում ինչպե՞ս են մեր զինվորականները 44 օր կռվել 5 բանակների դեմ։ Ի վերջո, հայտնի է, որ Արցախի զինված ուժերի դեմ ռուսական զորքերի աջակցությամբ կռվել են Թուրքիայի, Պակիստանի, Իսրայելի զինվորականներ, Սիրիայից վարձկաններ։
Ինչպես մեզ հայտնի է դարձել, Հայաստանի քննչական կոմիտեն այժմ քննում է սպաների՝ նահանջելու հրամանից խուսափելու դեպքերը։ Գործը հասնում է աբսուրդի. Հայաստանի քննչական կոմիտեն ոչ միայն քաշքշում է նախկին սպաներին հարցաքննության, պարզվում է, Հայաստանի ՊՆ-ն տվել է հարցաքննության ենթակա անձանց ցուցակներ, սակայն այդ մարդիկ զոհվել են մարտական գործողությունների ժամանակ։
Կամա թե ակամա ստացվում է, որ դա արվում է 11 հազար դասալիքների թիվը «ապահովելու» համար։ Հակառակ դեպքում ինչո՞ւ են այսքան զինվորականներ հարցաքննվում։ Էլ չենք ասում, թե ինչ իրավունքով են կանչում հարցաքննության զինվորականներին պատերազմից, ցեղասպանությունից ու Արցախի լիակատար հայաթափումից հետո։ Եվ դա չնայած այն հանգամանքին, որ ՀՀ վարչապետը Արցախը համարում է ադրբեջանի մաս։
Բայց վերադառնանք Անդրանիկ Քոչարյանին. դեռևս 2022 թվականին մի միջոցառման ժամանակ ես նրան հարց տվեցի. «Դուք խոսում եք զինվորականների դասալքության և դավաճանության փաստերի մասին։ Ո՞ւր էին Արցախի ԱԱԾ-ն ու նրա ղեկավարը։ Ինչո՞ւ նրանք, մանրակրկիտ ուսումնասիրելով սոցցանցերում ընդդիմադիրների հաշիվները, չնկատեցին նույն խողովակներով զինվորականների կողմից գաղտնի տեղեկատվության փոխանցման փաստերը»։
Պատասխանը կարճ էր. «Մի քանի շաբաթից դուք կլսեք ցնցող նորություններ։ Արցախի ԱԱԾ պետը և շատ ուրիշներ կձերբակալվեն ու կդատապարտվեն»։
Անցել է ավելի քան երկու տարի, բայց սայլը, ինչպես ասում են, դեռ տեղում է։ ԱԱԾ տնօրենն ազատ շրջում է Հայաստանում և նույնիսկ հնարավորություն ունի մեկնել այլ երկրներ, թեև արցախցիներից շատերը փաստաթղթերի հետ կապված բազմաթիվ խնդիրների են հանդիպում։
Իսկ 44-օրյա պատերազմի փաստերն ուսումնասիրող հանձնաժողովը ղեկավարող Քոչարյանը կրկին ստում է, քանի որ գործնականում ոչ մի գաղտնի տեղեկություն չի մնացել։ Թեկուզ հնարավոր է, հարցաքննությունների ընթացքում բացահայտվել են փաստեր, որոնք կարող են վկայել իշխանության սխալների, ոչ ճիշտ հաշվարկների, անփութության կամ գուցե այլ դերակատարների, ասենք, Ռուսաստանի հետ համատեղ կանխամտածված գործարքի մասին՝ հանուն սեփական իշխանությունը պահպանելու և Արցախը հանձնելու։
Մեզ կարող են մեղադրել զրպարտության մեջ, այդ իսկ պատճառով հանձնաժողովը պետք է հրապարակի զեկույցի մեծ մասը և «թաքցնի» միայն իսկապես գաղտնի փաստաթղթերը։
Հայկական պետությունում ինչ-որ բան այն չէ. վարչապետն ու իր թիմը փաստաթղթեր են պատրաստում ադրբեջանի հետ համաձայնության գալու և պայմանագրեր կնքելու համար, որոնց մասին հայ հասարակությունը ոչինչ չգիտի։ Փաստահավաք հանձնաժողովը չի հրապարակում պատերազմի հետաքննության արդյունքների մասին զեկույցը…
Տեղեկատվությունը հայ հասարակությունը քաղում է կա՛մ ռուսական արտահոսքերից, կա՛մ ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններից:
Այդպես էր Արցախում, և այսօր ունենք այն, ինչ ունենք։ Աստված չանի, որ Հայաստանում «սյուժեն» կրկնվի։
Մարգարիտա Քարամյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: