Արցախի հարցում Լյուքսեմբուրգի դիրքորոշումը միանշանակ է․ ի՞նչ կասի փոխվարչապետը

  • 13:41 07.09.2024
Սեպտեմբերի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը։
Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի և Լյուքսեմբուրգի արտգործնախարարները կմասնակցեն «Հարավային Կովկասը անմիաբանության և համագործակցության խաչմերուկում» պանելային քննարկմանը։
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Հայաստանի խորհրդարանում ելույթ էր ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիսլերը։

«Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը պարտադիր ուժ ունի եւ պետք է ամբողջապես իրականացվի ամենայն մանրամասնությամբ։ Մենք պահանջում ենք նաեւ, որ Բաքուն անհապաղ ազատ արձակի բոլոր ռազմագերիներին եւ համապարփակ տեղեկատվություն տրամադրի անհետ կորած անձանց վերաբերյալ։ Արդարությունը եւ մարդասիրությունը պահանջում են, որ այս անձինք ազատ արձակվեն՝ առանց հետաձգումների»,- ասել է Կլոդ Վիզլերը։

«Ես ծանր սրտով եմ դիմում ձեզ՝ տեղյակ լինելով այն ողբերգական իրադարձություններից, որոնք ցնցեցին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը։ Ավելի քան 100 հազար հայ բռնի տեղահանվեցին այն անհիմն ու անարդարացի ռազմական գործողությունների հետեւանքով, որը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն իրականացրեց։ Այս իրադարձությունը ոչ միայն մեծ տեղահանում է առաջացրել, այլ նաեւ սպառնում է Հայաստանի մշակութային արեժքներին։ Մենք չենք կարող անտարբեր մնալ Հայաստանի ինքնության եւ պատմության ջնջմանը Պատմական ճշմարտության հիշողությունը եւ ճանաչումը կարեւորագույն գործոններ են՝ ապագան կառուցելու համար»,- հայտարարեց նա։

Կլոդ Վիզլերն անդրադարձավ նաեւ Արցախի կարգավիճակի հարցին։ «2020 թվականի հոկտեմբերին ԼՂ երկրորդ պատերազմի ժամանակ Լյուքսեմբուրգի խորհրդարանն ընդունեց հայտարարություն, որով խստորեն դատապարտում էր 1994 թվականի զինադադարը խախտող ռազմական գործողությունները։ Խորհրդարանականները միաձայն դատապարտեցին արտաքին միջամտությունը, հատկապես Թուրքիայի ռազմական աջակցությունը Ադրբեջանին։ Նույն տարվա դեկտեմբերին պատգամավորների պալատը վերահաստատեց  իր դիրքորոշումը՝ շեշտելով, որ կրիտիկական կարեւորություն ունի նախաձեռնելու համապարփակ քաղաքական գործընթացներ, որոնք ուղղված կլինեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանմանը»,- նշեց նա։

Լյուքսեմբուրգի նախագահի դիրքորոշմանն այն ժամանակ հայ պատգամավորներն ու արտաքին գործերի նախարարությունը չարձագանքեցին։ Դքսության դիրքորոշումը փոխվե՞լ է։