Արցախցի երեխաները զրկվեցին իրենց տանը ծնվելու իրավունքից

  • 15:31 11.09.2024

«Մի օր գնում եմ հիվանդանոց, բուժքույրերից մեկը 6 հատ խնձոր է տալիս, որը գյուղից էր բերել: Այդ օրերին ամեն օր խնձոր ուտելը ճոխություն կլիներ: Ես խնձորների վրա գրեցի շաբաթվա օրերը, երբ դրանք կարելի էր ուտել։ Այդ օրը ես ու փոքրիկ աղջիկս ուտում էինք մեկական խնձոր։ Մեկ էլ հիշում եմ, որ ահավոր կաղամբ էի ուզում, և երբ ընկերուհիս բերեց, ես սկսեցի լացել»:

Շատ արցախցի երեխաներ պետք է ծնվեին Արցախում, սակայն շրջափակումը, իսկ հետո պատերազմը զրկեցին նրանց սեփական տանը ծնվելու իրավունքից:

Գեղանուշ Սաֆարյանը 34 շաբաթական հղիության ժամանակ Կարմիր խաչով տեղափոխել էր Երևան: Հղիությունը՝ սննդի ու դեղորայքի բացակայության պատճառով վտանգի տակ էր։ Երևանում ծնվել է նրա որդին: Թեև ժամանակից շուտ, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրան։

Երևան գալուց Գեղանուշը ընդամենը մի քանի իր է վերցրել հետը, չպատկերացնելով, որ հնարվոր է՝ չվերադառնա Արցախ:

«Հիմա դժվար է պատկերացնել, բայց շրջափակման ողջ ծանրությունը զգացել են հղիները՝ դեղերի պակաս, տրանսպորտի բացակայություն և ամենակարևորը՝ վիտամիներով հարուստ սննդի պակաս: Եթե Գորիս գնացող մեքենաները կարողանում էին թաքուն ինչ-որ միրգ կամ բանջարեղեն հասցնել, դա արդեն երջանկություն էր”:

Գեղանուշը որպես հոգեբան աշխատում էի Ստեփանակերտի հիվանդնոցներում: Մի անգամ հղի երիտասարդ կին զանգեց ու լացելով ասաց, որ տրանսպորտ չկա, բայց ինքը ոտքով գյուղից գալիս է: “Շատ դժվար էր, տրանսպորտի բացակայության պատճառով մեր գրաֆիկներն էլ են խառնվել, բայց փորձում էինք ամեն ինչ անել, որ օգնենք մարդկանց»:

Հայաստանում Գեհանուշի ընտանիքը, ինչպես արցախյան շատ ընտանիքներ, բախվել է սոցիալական և կենցաղային խնդիրների։  Նա վերսկսել է աշխատանքը՝ ընդունելով բոլորին, ովքեր ցանկանում են հաղթահարել հոգեբանական դժվարությունները։

Նա նույնպես դեռ չի պատկերացնում վերադարձը Արցախ, ասում է՝ վերադարձը հնարավոր կլինի, եթե Արցախը նորից դառնա հայկական:

Ալվարդ Գրիգորյան

f