ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, ով, մատնանշելով Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահների ներկայությունը, նշել է, որ «այս հարցում նույնպես մտածելու բան ունենք»:
Զախարովան հիշեցրել է, որ 1992 թվականին կնքված ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագիրն անժամկետ բնույթ ունի, և ռուս սահմանապահները 30 տարուց ավելի հսկում են Հայաստանի սահմանները։
«Սահմանային ծառայությունների միջև լայնածավալ և արդյունավետ փոխգործակցություն է հաստատվել, ինչը, ըստ երևույթին, նյարդայնացնում է Երևանի որոշ քաղաքական գործիչների»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
«Նրանց, ովքեր իսկապես հսկում են Հայաստանի սահմանը՝ ոչ թե աթոռներին նստած, այլ զենքը ձեռքին… Գուցե նրանք իրենց խոսքը ասեն»,- եզրափակեց նա։
Զախարովայի հայտարարությունից հետևում է, որ Հայաստանի իշխանությունները լիովին չեն վերահսկում ուժայիններին։ Ավելին, Զախարովան զինվորականներին կոչ է անում «իրենց խոսքն ասել»։
Ի՞նչ է կոչ անում ՌԴ ԱԳՆ-ն հայ զինվորականներին ու սահմանապահներին։ Հիշվում է, թե ինչպես էր 2022 թվականի մարտին Պուտինը բացահայտորեն կոչ անում ուկրաինացի զինվորականներին տապալել Կիևում «թմրամոլների կառավարությունը» և անցնել Ռուսաստանի կողմը։
Մարիա Զախարովան, սակայն, բոլոր հիմքերն ունի Հայաստանի վերաբերյալ նման հայտարարություններ անելու, հաշվի առնելով, որ ՀՀ իշխանությունն իր գործողություններով հաստատում է, որ Հայաստանի ուժային կառույցները դեռ վերահսկվում են Ռուսաստանի կողմից։
Ամենաթարմ օրինակը․ մի քանի ամիս առաջ հայտնի դարձավ, որ 2020 թվականի դեկտեմբերին Բաքվի, Երևանի և Մոսկվայի պաշտպանության նախարարները հուշագիր են ստորագրել Սյունիքում հայկական տարածքները, այդ թվում՝ Հայաստան-Իրան 21 կիլոմետրանոց ճանապարհի հատվածը հանձնելու մասին և ռուսական զորքերը Սյունիքուն տեղակայելու մասին։ Այն ժամանակվա Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը հայտարարեց, որ տեղյակ չէր այս հուշագրից։ Վարչապետի աշխատակազմից չեն մեկնաբանել, թե վարչապետը տեղյա՞կ էր հուշագրից, թե՞ պաշտպանության նախարարն առանձին է գործել։ Ավելին, լրատվամիջոցները նշում են, որ հուշագիրը ստորագրած Վաղարշակ Հարությունյանին կրկին ուզում են պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել՝ Ռուսաստանում դեսպանի առաքելությունն ավարտելուց հետո։
Այն, որ Ռուսաստանը ուղղակիորեն սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը, հայտարարում են իրանցի պաշտոնյաները, որոնք ոչ թե Երևանին կամ Բաքվին, այլ Մոսկվային են կոչ անում հրաժարվել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից։
Այժմ Զախարովան, փաստորեն, կոչ է անում Հայաստանի ուժայիններին «իրենց խոսքն ասել»։