Անդրեյը չէր կարող ճանապարհին թողնել իր համագյուղացուն։ Սարուշենցիներն այդպես չէին կարող վարվել

  • 16:19 14.09.2024

-Հայրիկիս կողքին ես ինձ պաշտպանված և ուժեղ էի զգում։ Նրա կողքին հպարտ էի, ապահով ու միշտ անկեղծ․ գիտեի՝ անվերապահորեն կարող եմ վստահել նրան։ 2023-ի սեպտեմբերի 19-ին ես կորցրի իմ վստահելի հենարանը, թիկունքս։ Ո՛չ հայրս կա, ո՛չ էլ իմ հայրենիքը։ Փշրվել են բոլոր իմ երազանքները, մնացել են սոսկ թանկ հիշողություններ,- ասում է զոհված Անդրեյ Իսրայելյանի դուստրը՝ 15-ամյա Նարեն։

Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղում իրավիճակն առավել վտանգավոր էր։ Ցեղասպանությունը կանխելու համար համայնքի ղեկավարի հրահանգով կանայք, ծերերն ու երեխաները դուրս են եկել գյուղից և տարբեր ճանապարհներով հասել Ստեփանակերտ։ Շատերն անգամ չեն հասցրել մտնել տուն, որ փաստաթղթերը վերցնեն։ Տղամարդիկ մնացել են գյուղի դիրքերում և մինչև վերջ կռիվ տվել թշնամու անհավասար ուժերի դեմ․․․

Նարեն պատմում է

-Երբ սկսվեցին առաջին հրետակոծությունները, դպրոցում էի։ Հայրս նույնպես այդտեղ էր․ դպրոցում վերանորոգող-վարպետ էր աշխատում։ Բոլորս դուրս եկանք բակ՝ իմանալու, թե ինչ պետք է անենք։ Հայրս մոտեցավ ինձ, գրկեց, համբուրեց ու ասաց՝ պատերազմ է սկսվել և իր տեղը դիրքերում է՝ աշխարհազորայինների մոտ։ Չգիտեի, որ հայրիկիս տեսնում եմ վերջին անգամ․ կփաթաթվեի ու բաց չէի թողնի․․․

Մայրիկիս հետ գնացինք պապիկիս տուն, որը գյուղի վերևի մասում էր։ Արդեն կտրվել էր կապը և հնարավոր չէր իմանալ կատարվող իրադարձությունների մասին։ Մեծ եղբայրս՝ Վահեն, Ստեփանակերտում էր, փոքրը՝ Էդգարը, որ ժամկետային զինծառայող էր, այդ պահին Խաչեն գյուղի մոտերքում էր։ Շատ էինք անհանգիստ, գյուղում իրավիճակը խուճապային էր։ Համագյուղացիներով անտառների միջով հասանք Մարտունու շրջանի Մսմնա գյուղ։ Մեզ լավ ընդունեցին, տեղավորեցին տներում։ Հետո տղամարդիկ ևս եկան, որոնք իջել էին դիրքերից․ մերոնք չկային։ Նույն գիշերը մեր համայնքի ղեկավարը ավտոբուսներ ուղարկեց ու մենք տեղափոխվեցինք Ստեփանակերտ։ Եղբայրներիցս արդեն լուր կար, բայց հորիցս՝ ոչ։ Իրարամերժ լուրեր էին հասնում, խոսում էին, որ զոհեր կան։ Սիրտս զգում էր, որ հայրիկիս հետ բան է պատահել, այլապես նա մեզ մենակ չէր թողնի Ստեփանակերտում․․․

Օրեր հետո եկավ գույժը։ Անդրեյ Իսրայելյանը զոհվել է հորեղբոր տղայի՝ Արտակի հետ միասին։ Խաչմաչցի ականատեսները պատմում են, որ տեսել են՝ ինչպես է Անդրեյի մեքենան, որի մեջ վիրավոր եղբայրն էր, սլանում դեպի Ստեփանակերտ։ Ճանապարհին նա կանգ է առնում, տեսնելով համագյուղացու մեքենան կանգնած, մտածելով, որ հավանաբար օգնության կարիք կա։ Մեքենայի մեջ տեսնում է սպանված համագյուղացուն, և այդ պահին տարբեր տեղերից դուրս է գալիս ադրբեջանցիների մի խումբ, շրջապատում մեքենան ու կրակ բացում․․․ Եթե Անդրեյը չկանգներ, գուցե կանխվեր Իսրայելյան եղբայրների մահը․․․Սակայն նա չէր կարող ճանապարհին թողնել իր համագյուղացուն։ Սարուշենցիներն այդպես չէին կարող վարվել․․․

Տղաների աճյունները հայտնաբերվեցին օրեր հետո՝ Արցախի Մարտունի քաղաքում։ Տեղափոխվեցին Ստեփանակերտ, ապա՝ Երևան։ Անդրեյը համագյուղացի տղաների հետ վերջին հանգրվանն է գտել Երևանի Եռաբլուր պանթեոնում։

 Երբ Նարեին հարցրի, թե ի՞նչ կցանկանար ասել իր հայրիկին, նա երկար լռեց, հետո հայացքն ուղղելով դեպի երկինք, ասաց

-Արդեն մի տարի է անցել, բայց ես դեռ այնտեղ եմ՝ դպրոցի բակում, որտեղ քեզ գրկեցի, չմտածելով, որ դա մեր վերջին գրկախառնությունն է։ Դու ժպտացիր ինձ քո բարի աչքերով։ Ես էլ քեզ ժպտացի․․․ Ինձ համար ամենահարազատ ու ջերմ վայրը իմ հայրական օջախն էր, իսկ հիմա՝ աստղազարդ երկինքը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

f