«Լավ, մեր վերջն ի՞նչ է լինելու, որքա՞ն ենք այսպես վարձով ապրելու… Ախր սա փողի մասին էլ չէ, սա մեր ժամանակն է, մեր կյանքը, որ այսպես անորոշ անցնում է` առանց նշմարելու վաղվա օրը: Մի վաղ անցկացնում ենք, մյուսն է գալիս: Մի քաղաքից մյուսը, մի գյուղից մյուսը, բոլորը վարձով: Ասում են, “հիսուններն” էլ մինչեւ տարեվերջ են լինելու, իսկ ի՞նչ է լինելու այս մարդկանց վիճակը: Եթե ընտանիքում վեց անդամ կա, հիսուններից գոնե տան վարձն է գոյանում, մի տեղ էլ աշխատում են հավանաբար ու կենսական կարիքներ հոգում: Հիսուն հազար աջակցություն ու երկու հարյուր հազար տան վարձ, ապրեք ինչպես կարող եք…»,- այգում նստած «տրտնջում» են երեք ղարաբաղցի:
«Եթե տեղ էլ չլիներ գնալու, գոնե իմացել ենք, որ գյուղի տունը կա ու կա, ցանկացած պահի կարող էինք գնալ տատիկի տուն, իսկ այստե՞ղ … Այստեղ մենք նման ենք ինչ-որ բանկոմատի, որի ծածկագիրն ամսվա վերջ հավաքում ու հանում են գումարը, ասում է նրանցից մեկը, – դրամը ոնց գալիս, այնպես էլ անհասկանալի գնում է, ինչպես մեր կյանքը»:
«Հետաքրքիր է, տեսնես, ինչպե՞ս է դասավորվել Ֆրանսիա գնացածների կյանքը: Ամեն դեպքում, էյֆելյան աշտարակի տակ ֆոտո ունեն արդեն, ժպտում են, բայց մեկ է, նկատվում է, որ ուրախ չեն, դժվար թե նրանք մեկ տարում ֆրանսիացի դառնան․ լեզու սովորել կա, աշխատանք գտնել կա, ինտեգրվել կա, հայ համայնք էլ կա, գուցե դա օգնում է նրանց… Տարեցների մասին դժվար է ենթադրություններ անել, բայց գուցե երեխաները քաղաքակիրթ միջավայրում կմեծանան, լեզուն հեշտ կսովորեն։ Դժվար թե Ֆրանսիայի դպրոցների մոտով բաց կոյուղի անցի, ինչպես այստեղ, դժվար թե հիսուն հազար տան ու երկու հարյուր վարձ պահանջեն, դժվար թե այնտեղ այգիներն այսպես կեղտոտ լինեն։ Այնտեղ էլ մեզ կասեն՝ մորեխի նման եկել լցվել են էս ղարաբաղցիները, որտեղից նրանք պետք է իմանան, թե Ղարաբաղը որտեղ է, կատակում-քննարկում են նրանք»:
«Ես լսել եմ, որ Եվրոպայում սիրում են աշխատասեր մարդկանց, չեն սիրում ստախոսներին: Աշխատել ես կարող եմ, միթե՞ չեմ կարող մի թոշակառու մարդու համար խնամք տանել, լսել եմ, որ այդպիսի աշխատանքը նրանք լավ են գնահատում, ասում է հադրութեցի մի կին, – միայն թե ֆրանսերեն չգիտեմ, սերիալներից մի քիչ իսպաներեն եմ սովորել. hola señor como esta hoy, հիշում է կինն իր իմացած իսպաներենը չորորդ դասարանի աշակերտի պես»:
«Տեսնես դժվա՞ր լեզու է ֆրանսերենը,- հարցնում է նա- ու ինքն իրեն հարցով պատասխանում. բա սփյուռքահայերն ի՞նչպես են սովորել, մենք էլ ենք էլի սփյուռքահայ, ծիծաղում է նա: Դու տեսել ես Հադրութի մեր երկհարկ տունը, տեսել ես, քանի մեքենա կար մեր բակում, հիմա ահա այս սենյակում ենք ապրում մեր մեծ ընտանիքով, պարզում է ձեռքը իր չորս քառակուսի մետրի վրա: Երբ եկել ենք, կոյուղին բաց էր, եղբայրս ցեմենտաբիտոնե շերտով ծածկել է, սանհանգույց տեղադրել, բայց մեկ է, պատկերը հետապնդում է, չի ստացվում, զզվելով եմ ոտք դնում»:
«Չգիտեմ, կաթսա գնեմ, թե ոչ, չգիտեմ թթու, մուրաբա փակեմ, թե ոչ, որքա՞ն կարող եմ ես բարեկամից կաթսա փոխ վերցնել: Այսպես մի օր ջղայնացել, երեսուն հազար եմ տվել եւ կաթսաների մի կոմպլեկտ գնել, սկսել մուրաբա եփել, չի իմացվի, վաղն էլ այստեղ կարող է բլոկադա լինի,- ասում է կինը: Ի դեպ, դու ափսե, գթալ, բաժակ ունե՞ս,- հարցնում եւ բացում է մահճակալը կամ բազմոցը եւ մի փայլուն թիթեղե կոմպլեկտ դնում սեղանին.- օգնություն եմ ստացել, կտանես տուն, ամաչելու բան չկա, բոլորս նույն օրին ենք»:
«Երբ այս քաղաք ենք եկել (Մասիս), փողոցով անցնելիս տեսել եմ ղարաբաղցիները VivaCell-ի աստիճաններին նստած, տեղ չունեն գնալու, խիղճս կսպաներ ինձ գիշերը, բոլորին բերել եւ այս փոքր սենյակում տեղավորել եմ. գետնին, սեղանի տակ, ով որտեղ կարողացել քնել է, -ասում է հադրութեցի կինն ու նորից «գնում» Հադրութ,- մեր տունը… ամուսինս որքան փորձել է համոզել, ես իմն եմ պնդել. գյուղամիջից ես ոչ մի տեղ չեմ հեռանա»:
Հեռանալ չէր պատրաստվում նաեւ ստեփանակերտցի մի մայրիկ. ես խոստացել եմ երեխաներիս տանել սուպերմարկետ եւ որքան կոնֆետ են ուզում, թող վերցնեն: Ես մտածեցի, որ Գորիսի սուպերմարկետն ի նկատի ունի, քանի որ դա այն օրերն էին, երբ Ստեփանակերտում արդեն պլաստիկ տոպրակ էլ չկար ու հատկապես փոքր երեխաներով ընտանիքները փորձում էին ճեղքել շրջափակումը եւ Հայաստանից հեռանալ: Մինչ այդ հենց այս մայրիկն էր իր պայուսակից պլաստիկ տոպրակ տվել մի պապիկի, ով մի ձեռքով հենվել էր մահակին, մյուսով էլ փոքրիկ ձմերուկն էր փորձում բռնել, որ հայտնի չէ, թե որտեղից է գտել կամ գնել: Բայց ոչ, նա Ստեփանակերտի սուպերմարկետների մասին էր խոսում. մեկ է, մի օր ճանապարհը բացվելու է եւ դարակները նորից լցվելու են, ասում էր նա:
Ճանապարհն այդպես էլ չբացվեց ու սուպերմարկետների դարակները չլցվեցին: Ավելին, չորս օր անց կրկնվեց իր պատուհանից երեւացող տեսարանը. 2020թ. պատերազմի ժամանակ հրդեհված տնտեսական մի խանութ, որի բոցը բարձր էր դիմացի հնգհարկից, երբ հարվածել էին ադրբեջանցիները (լավ հիշում եմ այդ գիշերը. Անձրեւ էր, փրկարարները փորձում էին մարել կրակը, որ լուսավորում էր մութ քաղաքը), բակում էլ մաղ դարձած մի մոսկվիչ էր «կայանել»:
Նորից սկսեցին պայթյուններ որոտալ Ստեփանակերտում: «Կարկուտը թակած տեղն է թակում»,- ասում են ղարաբաղցիները:
Մարութ Վանյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: