Արցախցիների՝ ՀՀ քաղաքացի լինելու հարցի վերաբերյալ հայց է ներկայացվել Վարչական դատարան։ Սեպտեմբերի 18-ին վարչական դատարանում այս գործով լսումներ են լինելու։ Արցախցի Մարատ Եգանյանը Step1.am-ի հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ բովանդակություն ունի իրենց պահանջը։
«Հայցվորը մեկ անձ է, բայց այս խնդիրն առնչվում է բոլոր արցախցիների շահերին, հետեւաբար, մի խումբ մարդիկ աջակցում են հայցվորին։ Հայցվորն Արցախի մի բնակչուհի է, ով ծնվել է Գորիսում, ամուսնացել Արցախում, ունի երկու զավակ։ Արցախից բռնի կերպով Հայաստան տեղափոխվելուց հետո, երբ դիմել է անձնագրային բաժանմունք, որպեսզի իրեն տրամադրեն ժամանակավոր պաշտպանության մասին (փախստականի) վկայական, իրեն մերժել են։ Եվ մերժել են այն պատճառաբանությամբ, որ ինքը ՀՀ քաղաքացի է, դրա համար չի կարող այդ փաստաթուղթն ստանալ։ Մենք աջակցեցինք, որպեսզի ինքը դիմի Վարչական դատարան՝ հետեւյալ հարցադրմամբ՝ ինչո՞ւ է մի դեպքում ՀՀ քաղաքացի լինելը արգելք հանդիսանում ժամանակավոր պաշտպանության վկայականի ձեռքբերման համար, իսկ մնացածների դեպքում՝ ոչ։ Մյուս արցախցիներն էլ են ՀՀ քաղաքացի։ Այսինքն՝ եթե ՀՀ քաղաքացի լինելը բացառում է այդ փաստաթուղթը ձեռք բերելը, ապա ինչո՞ւ մնացածների դեպքում այդ արգելքը չի գործում, ինչո՞ւ է խտրական վերաբերմունք դրսեւորվել։ Հայցվորը նաեւ դատարան է ներկայացնելու այն անձանց փաստաթղթերը, ովքեր ստացել են ժամանակավոր պաշտանության վկայական, որպեսզի դատարանը համոզվի, որ նրանք եւս հանդիսանում էին ՀՀ քաղաքացի»,- ասաց նա։
Մարատ Եգանյանի խոսքով՝ սրանով գործընթաց է մեկնարկում, նմանատիպ դատական գործընթաց կա նաեւ Գեղարքունիքի մարզի դատարանում։
Ըստ նրա՝ այս դատավարությունը կարեւոր է նաեւ նրանով, որ դատարանը պետք է որոշի՝ բոլոր մարդիկ, ովքեր ստացել են արդեն այդ կարգավիճակը, նրանք ՀՀ քաղաքացի հանդիսանո՞ւմ են, թե՞ ոչ։ Անձնագրային ծառայությունը կամ պետք է գա ասի, որ նրանք ՀՀ քաղաքացի են, կամ պետք է ասի՝ ՀՀ քաղաքացի չեն եւ որ պահից քաղաքացի չեն, կամ պետք է ասի՝ ընդհանրապես չեն էլ եղել ՀՀ քաղաքի։
Մարատ Եգանյանն ասաց, որ իրենք ունեն ապացույցներ, հղումներ են անում օրենքներին, որոշումներին եւ միջազգային դատարանների նախադեպերին։
Նա նշում է, որ արցախցիները ՀՀ քաղաքացի են 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման համաձայն։ Հայկական ԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշման համաձայն՝ Արցախի քաղաքացիները համարվում են Հայաստանի քաղաքացիներ։ Որոշման մեջ նշվում է․ «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները»։ Մարատ Եգանյանի խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ այս որոշումն այսօր գործում է։
«Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ փորձում են տարբեր ձեւով խեղաթյուրել իրականությունը եւ մարդկանց համոզել, խաբել, նույնիսկ շահագրգռել, որպեսզի իրենք գնան եւ դիմումներ գրեն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Այնինչ, իրենք ունեն այդ քաղաքացիությունը։ Թե ինչ նպատակ է հետապնդում դա, ես չեմ ուզում հիմա դա պարզաբանել, բայց միջազգային իրրավունքի տեսանկյունից նման կարգի գործողությունները կարող են հանգեցնել հետագայում Արցախի հետ ցանկացած կապի խզման ու ցանկացած պահանջի բացառմանը։ Եվ, ինչպես ժողովուրդն է շատ հաճախ ասում, այս բոլոր գործողությունները մեկ նպատակ ունեն, որպեսզի Արցախ բառը շրջանառությունից առհասարակ հանվի։ Այլ կերպ ասած՝ իշխանությունում գտնվող ուժերն այս պահին փորձում են այնպես անել, որ արցախցին ամաչի խոսել այն մասին, որ ինքն արցախցի է։ Իսկ դա անընդունելի է մեզ համար»,- ասաց Մարատ Եգանյանը։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: