Մեկ տարի առաջ Արցախում
Ֆրանսիան ակնկալում է, որ Ադրբեջանը կշարունակի Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները մինչև Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP29 համաժողովը: Այդ մասին Երեւանում հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։
Թե ինչու է Ֆրանսիան շահագրգռված «խաղաղ պայմանագրի» շուտափույթ ստորագրմամբ, Սեժուրնեն չասաց։ Հատկապես, որ այդ պայմանագիրը 100 տոկոսով հակասում է Ֆրանսիայի Ազգային ժողովի զույգ պալատների՝ 2020-ի հոկտեմբերից մինչ այս տարվա ապրիլ ընդունած բանաձեւերին։ Հիշեցնենք, որ այդ բանաձեւերում խոսվում է Արցախի ինքնորոշման ճանաչման, 1994-ի ստատուս-քվոյի վերադարձի անհրաժեշտության եւ այլի մասին։
Հիմա Ֆրանսիան ուզում է շուտափույթ մի փաստաթուղթ ստորագրվի, որի մեջ նույնիսկ չի հիշատակվելու Արցախը։ Այսինքն, Ֆրանսիայի կառավարությունը կատարում է ոչ թե իր պառլամենտի գրեթե միաձայն ընդունած բանաձեւերը, այլ Փաշինյանի հրահանգները, որոնք համաձայնեցվում են Պուտինի եւ Ալիեւի հետ։
«Ֆրանսիան հանդես է գալիս համաձայնագրի շուտափույթ ստորագրման օգտին, որը կհաստատի արդար և կայուն խաղաղություն՝ հարգելով երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հիմնվելով 1991 թվականին Ալմաթիում ստորագրված փաստաթղթի եւ Պրահայի համաձայնության վրա», – նշել է Սեժուրնետը:
Ֆրանսիան նպաստում է պետությունների միջև սահմանների սահմանազատման գործընթացին՝ եւս հիմնվելով նույն սկզբունքների վրա։
Այսինքն՝ Ֆրանսիան, որը Մինսկի խմբի համանախագահն է, կողմնակից է, որ Արցախի հարցը վերջնականորեն հանվի քաղաքական օրակարգից, եւ սահմաններն անցնեն Ստալինի գծած գծերով։
Ֆրանսիացի նախարարը խոսում էր այնպես, որ հանկարծ դուրս չգա Փաշինյան-Միրզոյան զույգի գծած սահմաններից, բառացիորեն կրկնելով այն, ինչ հակասում է Ֆրանսիայի ամբողջ քաղաքական վերնախավի տեսլականին։
ՀՀ կառավարությունը, ըստ երեւույթին, Ֆրանսիային ենթարկում է «պատերազմի շանտաժին» ճիշտ այնպես, ինչպես արցախցիներին եւ հայերի բարեկամներին։ Եթե մեր կոնցեպցիային չսատարեք, պատերազմ կհրահրեք, եւ մեղավորը դուք կլինեք, ասում են ՀՀ իշխանությունները, ամեն ինչ անելով, որ բոլոր երկրները եւ ատյանները մոռանան Արցախի մասին՝ այդ թվում արցախցիները եւ ֆրանսիացիները։
Նաիրա Հայրումյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: