Ավետարանոցի դպրոցի 150-ամյակը. Արցախի կրթական հենասյունը

  • 13:09 17.09.2024

Այս տարի Ավետարանոցի դպրոցը պատրաստվում է նշել իր հիմնադրման 150-ամյակը՝ հիշելով կրթության ոլորտում ունեցած նշանակալի դերը, որն այն պահել է տարիներ շարունակ։

Դպրոցը հիմնադրվել է 1874 թվականին՝ Ավետարանոցի բնակիչների նախաձեռնությամբ։ Այն սկզբնական շրջանում ունեցել է ընդամենը 21 աշակերտ և մեկ ուսուցիչ։ 150-ամյակը միաժամանակ հարգանքի տուրք է ոչ միայն դպրոցի հիմնադիրներին, այլև այն կրթական ժառանգությանը, որն այն ստացել էր Ամարասի նշանավոր դպրոցից, որը հիմնադրվել էր Մեսրոպ Մաշտոցի կողմից։ Ավետարանոցը եղել է այն վայրերից, որտեղ հայ մշակույթն ու լեզուն փոխանցվում էին սերունդներին՝ սերտորեն կապված լինելով Վաչագան Բարեպաշտի ճգնության հետ։

Հայտնի կրթական կենտրոն

Ավետարանոցի դպրոցը միշտ էլ եղել է կարևոր կրթական հաստատություն՝ հատկապես խորհրդային տարիներին: Չնայած տոտալիտար համակարգի ճնշումներին, դպրոցը շարունակել է ապահովել բարձրակարգ կրթություն: Դպրոցի տնօրեն, ԽՍՀՄ ժողովրդական ուսուցիչ Իվան Աթայանի որդին՝ Կամո Աթայանը հիշում է դպրոցում տիրող կրթական միջավայրը՝ նշելով ոչ միայն դասասենյակներն ու լաբորատորիաները, այլև հարուստ գրադարանները, որոնք ապահովում էին լրացուցիչ գիտական և հանրամատչելի գրականություն:

Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱՀ  ԿԳՄՍ  նախկին նախարար Կամո Աթայանը, ով մինչև այսօր ակնածանքով է հիշում իր ուսուցիչներին, նաև ընդգծում է կրթական կյանքի յուրահատուկ բնույթը դպրոցում։ 1957 թվականին ստեղծված աշակերտական արտադրական բրիգադան՝ գործնական գիտելիքների փոխանցման միջոցով, յուրօրինակ կապ էր ստեղծում կրթական գործընթացի և առօրյայի միջև։ Դպրոցն իր գործունեության վերջին օրերին էլ պահպանել է այս կառույցի աշխատանքը։

Ուսուցիչների կարևոր դերը

Դպրոցի հաջողությունները մեծապես պայմանավորված են այն ուսուցիչներով, որոնք տարիներ շարունակ ապահովել են կրթության բարձր մակարդակը։ Այս դպրոցում ուսուցչություն են արել հայտնի մարդիկ, որոնց թվում են Արմո Ներսիսյանը, Շահեն Մարտիրոսյանը, Միքայել Պետրոսյանը, Ալեքսանդր Շահնազարյանը և Սուրեն Արզումանյանը և ուրիշներ: Նրանք ոչ միայն սովորեցնում էին, այլև ներշնչում սերունդներին։

Խորհրդանշական անցյալ

Ցավոք, դպրոցը դադարեց իր գործունեությունը, և այսօր այն վերապրում ենք միայն հիշողություններում։ Խորհրդային շրջանում նոր ուսումնական շենքի կառուցումը մեծապես նպաստեց դպրոցի զարգացմանը, իսկ դպրոցական օլիմպիադաները ցույց տվեցին նրա աշակերտների գիտելիքների մակարդակը։ Սակայն այժմ, երբ դպրոցից ոչինչ չի մնացել, բազմաթիվ արժեքներ ու հիշողություններ կորել են։

Դպրոցի գրադարանն ու թանգարանը, որոնք հարուստ էին հայ մշակույթի ու պատմության գանձերով, նույնպես ոչնչացվել են, և այս ամենի մասին խոսում ենք անցյալ ժամանակով։ Թեև համայնքի մեծ ցանկությունն է վերականգնել դպրոցը, առկա իրավիճակն ու քաղաքական պայմանները հույս չեն ներշնչում։

150-ամյակի խորհուրդը

Ավետարանոցի դպրոցի 150-ամյակը ոչ միայն հարգանքի տուրք է անցյալին, այլև հիշեցում է այն մեծ արժեքների մասին, որոնք դպրոցը փոխանցել է սերունդներին։ Հույս կա, որ մի օր նորից կլսվի դպրոցի զանգը՝ զարթոնքի նոր շունչ հաղորդելով համայնքին, որն այսքան երկար պայքարել է իր կրթական ժառանգությունը պահպանելու համար։

Տաթև Ազիզյան

f