Եթե միջանցքը “Իրանի վերջն է”, ապա որտե՞ղ է փրկությունը

  • 18:20 18.09.2024

Ռուսաստանը, Թուրքիան, նույնիսկ որոշ արեւմտյան երկրներ վերջին պատրաստությունն են տեսնում Մեղրիի միջանցքը ճեղքելու համար եւ միայն հարմար պահ են փնտրում։ Խնդիրը նույնիսկ միջանցքը չէ, այլ Հայաստանի ոչնչացումը, Իրանի չեզոքացումը որպես տարածաշրջանային գործոն եւ ռուս-թուրքական ալյանսի եւ Արեւմուտքի միջեւ նոր գործարքը։ 

Այդ գործարքը սկսեց հասունանալ Կարսի պայմանագրի 100-ամյակի մոտենալու պես եւ ամբողջացավ 2023-ի սեպտեմբերի 17-ին Պոլսում, երբ ՌԴ, ԱՄՆ, ԵՄ, հավանաբար եւ Թուրքիայի ներկայացուցիչները Արցախը հայազրկելու եւ ցեղասպանության ենթարկելու որոշում ընդունեցին։

Այն ժամանակ Իրանը չառարկեց նման քայլը, կրկին հավաստիացնելով, որ ճանաչում է “ադրբեջանի տարածքային ամբողջականությունը”։

Հիմա Իրանում խոսում են, որ “Զանգեզուրի միջանցքը” այդ երկրի վերջը կլինի։ Իսկ ի՞նչը կարող է փրկություն լինել։

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալինը՝ ելույթ ունենալով Բաքվի անվտանգության II ֆորումում, իրեն թույլ է տվել ասել, որ “Երևանի և Բաքվի միջև համապարփակ խաղաղության համաձայնագիրը չափազանց կարևոր է Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Թուրքիա-Եվրոպա երթուղու երկայնքով հաղորդակցությունների զարգացման համար, ներառյալ Զանգեզուրի միջանցքի բացումը”:

Թուրքիայի, ինչպես նաեւ այլ երկրների ներկայացուցիչները Նախիջեւանը ցուցադրաբար չեն անվանում “ադրբեջան”, նկատի ունենալով հենց Կարսի պայմանագիրը, համաձայն որի Նախիջեւանի հայկական հանրապետությունը ժամանակավոր ադրբեջանի պրոտեկտորատի տակ է գտնվում։ Սակայն Ռուսաստանի միջոցով Թուրքիան արդեն գրեթե հասել է Կարսի պայմանագրի ընդլայնված թարմացմանը՝ ներառյալ Արցախը, Նախիջեւանը եւ Սյունիքի հարավը։

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն 10 օրվա մեջ 2-րդ անգամ է այցելել Իրան՝  Վլադիմիր Պուտինի ուղերձը փոխանցելու նպատակով։

Շոյգուն վերահաստատել է “Մոսկվայի աջակցությունն Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի քաղաքականությանը”։

Իսկ ո՞րն է Իրանի քաղաքականությունը։

Այդ երկրի նոր նախագահը ամսի 22-ին կգնա ԱՄՆ՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալու, նաեւ Արեւմուտքի հետ հաշտեցման բանակցություններ վարելու նպատակով։ Իրանի պաշտոնյաները բաց տեքստով ասում են, որ Ռուսաստանն է Զանգեզուրի միջանցքի հարցը “բրդում”, որ տորպեդավորի Իրանի եւ ԱՄՆ միջեւ կապի ստեղծումը։

Տորպեդավորողները շատ են․ վերջին մի քանի ամսվա ընթացքում Իրանը ինչի ասես չի բախվել՝ նախագահի ուղղաթիռի կործանում, ՀԱՄԱՍ-ի ղեկավարի ցուցադրական սպանություն Թեհրանում, Իսրայելի դիվերսիաները Պաղեստինում, վերջինը՝ Լիբանանում փեյջերների տեռակտը։ Իրանը չի պատասխանում, դրանով տեղիք  տալով իր վրա ճնշման սաստկացմանը։

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին «Ազատության»-ը տված հարցազրույցում շեշտել էր՝ Իրանը դեմ չէ ճանապարհների ապաշրջափակմանը՝ ներկայացնելով այս հարցում Թեհրանի կարմիր գծերը։

«Մեր կարմիր գիծն այն ժամանակ է լինելու, երբ Հայաստանի հետ մեր սահմանը խզվի, այսինքն, այնպես ստացվի, որ մենք չկարողանանք Հայաստանի հետ կապ ունենալ, սա է մեր կարմիր գիծը, մնացած ապաշրջափակումն էլ լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո՝ տարածքային ամբողջականության շրջանակներում, հարգել Հայաստանի օրենքները», – նշել էր Սոբհանին:

Իրանը դա կարող է կանխել մեկ հայտարարությամբ, ինչպես դա արել է Նիդեռլանդները՝ Լեռնային Ղարաբաղը զավթված է, Նախիջեւանը չի պատկանում Բաքվին, Կարսի պայմանագրի ուժի մեջ լինելը կասկածելի է։

f