Հենց որ միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբը հայտարարեց դեպի Հաքարի կամուրջ խաղաղ երթի նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին, սոցցանցերի արցախյան հատվածը լցվեց կասկածներով նման գործողության նպատակահարմարության վերաբերյալ։ Իսկ Լաչինի միջանցքն անհապաղ բացելու կոչերով հրապարակում ավտոբուսների հայտնվելուց հետո՝ սրտացավ հայրենակիցների ճամբարը սկսեց մեծանալ։
Նախաձեռնության նկատմամբ թերահավատությունն արտահայտվում է հիմնականում մտավախությունների տեսքով, որ խաղաղ երթը անվտանգ չէ, ադրբեջանցի զինվորականները կարող են գնդակահարել խաղաղ բնակիչներին կամ պատանդ վերցնել նրանց։ Ակցիայի նախաձեռնողների ելույթները, թե իրենք գիտակցում են բոլոր ռիսկերը, այդ պատճառով էլ ցանկանում են, որ երթը լինի բազմաթիվ, իսկ անվտանգությունն ապահովի ռուսական խաղաղապահ զորախումբը, որը ստանձնել է երաշխավորի պարտավորությունները, չհամոզեցին «զգույշ» քաղաքացիներ։
Երկու օր առաջ տեղեկատվական դաշտում հայտնվեց տեքստ, որտեղ ադրբեջանական կողմը մեղադրում է ռուս խաղաղապահներին խաղաղ երթից օգտվելու և կամուրջը գրոհելու մտադրության մեջ։ Ժողովրդական շարժման շտաբն անհապաղ բացատրություն է պահանջել ռուսական խաղաղապահ զորախմբից Ադրբեջանի մեղադրանքների վերաբերյալ և կոչ է արել միջոցներ ձեռնարկել խաղաղապահների կողմից դեպի Հաքարի կամուրջ խաղաղ երթի անվտանգությունն ապահովելու համար։
Բայց սպառնալիքների մասին հայտարարությունները միայն ավելացան։ Անգամ պաշտոնական տրիբունաներից ու տարբեր քաղաքական ու հասարակական խմբերից։ Օգտագործվում են ագիտացիայի, քարոզչության տարրեր, իսկ ինչ-որ տեղ՝ հոգեբանական ճնշման։
Ի՞նչ է առաջարկվում դրա փոխարեն: Նստե՞լ ու սպասել, որ ռուս խաղաղապահները կսկսեն իրենց անմիջական “առաքելությունը”։
Արցախում հայտնի քաղաքական գործիչներն ուղղակիորեն ասում են, որ միջանցքի ապաշրջափակման գործողությունը «ուղղված է ռուս խաղաղապահների դեմ»։ Ակցիան ուղորդված է Հայաստանի իշխանությունների կողմից՝ ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ կազմակերպելու նպատակով, ասում են նրանք։
ՌԴ ԱԳՆ-ն միանշանակ հայտարարեց, որ իր ջանքերն այլեւս ուղղված են «Ղարաբաղի հայերին որպես ազգային փոքրամասնություն Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում ինտեգրելուն», համապատասխանաբար, խաղաղապահները պետք է «երաշխավորեն» այդ «ջանքը», և նրանց առաքելությունը սա է։ Բայց Արցախում դեռ կան ուժեր, որոնք լուռ կամ բարձրաձայն պաշտպանում են Ռուսաստանի շահերը՝ ի վնաս հայկական շահերի։ Սա արդեն համոզմունք կամ սթափ վերլուծություն չէ, այլ ագենտուրային ծառայություն։
Ի՞նչ են ուզում ռուսների դեմ սադրանքներ հայտարարող մարդիկ․ որ ոչ ոք չխանգարի՞ ռուսական կոնտինգենտին ավարտին հասցնելու իրենց առաքելությունը, որը բարձրաձայնել է Լավրովը։
Եթե երթի դուրս եկողները գիտակցում են ռիսկերը և պատրաստ են անձնազոհության, քանի որ հասկանում են, թե ինչով է հղի անգործությունը, ապա ինչո՞ւ խանգարել։
Ըստ երևույթին, մարդիկ ապահովագրում են իրենց և արդարացնել անգործությունը՝ եթե երթի մասնակիցներին մի բան պատահի, կասեն՝ ահա, մենք զգուշացրել ենք։ Առանց մտածելու, որ ինչ-որ մեկը պարզապես չի կատարել իր պարտականությունները՝ պաշտպանելու խաղաղ բնակիչների անվտանգությունը։
Երկրորդ շարժառիթը հակառակորդին օգնելն է. նրանք, ովքեր խանգարում են միջանցքի ապաշրջափակման գործողություններին, ինչպես ակտիվիստներից մեկն է ասում, «ջուր են լցնում թշնամու ջրաղացին», կամ ուղղակի սպասարկում են նրան։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: