Արցախցի նախկին զինվորականները նոր կյանք են սկսել Տավուշի սահմանամերձ գյուղում

  • 12:26 24.09.2024

Տավուշի մարզի Այգեձոր գյուղում Արցախից տեղահանված երկու նախկին զինվորականներ՝ Արսենը և Նարեկը, իրենց ընտանիքներով փորձում են սկսել նոր կյանք, չնայած բազմաթիվ դժվարություններին:

Արսենն ու Նարեկը, երկու վաղեմի ընկերներ ու մարտական ծառայակիցներ, կորցրել են իրենց տները Արցախում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Նրանց ճանապարհը Հայաստանի տարբեր քաղաքներով վերջապես հասցրել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղ, որտեղ նրանք փորձում են վերստեղծել իրենց ընտանիքների կյանքը՝ նոր պայմաններում:

«Սկզբում Լենինականում էինք, հետո գնացինք Արթիկ աշխատելու, հետո Երևանում երկու ամիս “յանդեքս” վարելուց հետո որոշեցի, որ պետք է գամ Արծվաբերդ ապրելու և աշխատելու։ Ամեն տեղ նույն վատ պայմանները, որը խիստ տարբերվում է Ստեփանակերտի Հեքիմյանի տնից»,- ասում է Արսենը։

Արսենի մայրը՝ Անահիտը, արցունքն աչքերին է հիշում իրենց տունը Արցախում. «Այսքան արտասահմանից լրագրողներ են գալիս, ոչ մեկը չի կարողանում հարց լուծել», — ասում է նա՝ չիմանալով, թե ինչ պետք է անել:

Արսենը ամենաշատը ցավում է Արցախում մնացած ընկերների գերեզմանների համար։ «Դժվար է նրանց թողնել այնտեղ՝ առանց խնամքի»,- հավելում է նա:

Նարեկ Դումանյանը, ով ծնունդով Այգեձորից է, դեռ չի կարողանում մոռանալ պատերազմի ցավալի իրադարձությունները։ Կինը Հադրութից է, և ընտանիքը նույնպես ստիպված է եղել հեռանալ Արցախի հարավային հատվածից։ Նարեկը հիշում է Փառուխի ու Սարիբաբի դեպքերը, ինչպես նաև ոստիկանների սպանությունը Խայփալույում. «Այդ ճակատում ինչքան մարդ կար՝ սաղին սպանեցին»,- պատմում է նա։

Չնայած նրան, որ Նարեկին առաջարկել են վերադառնալ զինվորական ծառայության, նա հրաժարվել է. «20 թվականի պատերազմում շատ ընկերներ եմ կորցրել, և ինձ համար այդ համազգեստը սուրբ է։ Այդ համազգեստն իմ աչքի առաջ են վառել»,- ասում է նա:

Ներկայում Արսենն ու Նարեկը փորձում են իրենց ապրուստը հոգալ գյուղական տնտեսությամբ. աշխատում են ջերմոցներում և զբաղվում անասնապահությամբ։ Օրական 7-10 հազար դրամի դիմաց նրանք կատարում են տարբեր ֆիզիկական աշխատանքներ՝ զուգահեռաբար հույս ունենալով, որ կառավարությունը կլուծի նրանց բնակարանային խնդիրները։

«Առաջնայինը բնակարանային հարցն է։ Երկու անչափահաս ունենալու դեպքում կարող ես բնակելի տուն կառուցել»,- նշում է Արսենը:

Չնայած բոլոր դժվարություններին, ընտանիքները հույս ունեն, որ գոնե այստեղ, Տավուշում, կկարողանան իրենց երեխաներին ապահովել խաղաղ մանկություն։

Տաթև Ազիզյան

 

f