Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է: Այս առումով Հայաստանը մեծապես աջակցում է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելության անհապաղ ուղարկումը’ վտանգված հայկական մշակութային ժառանգության գնահատման, փաստաթղթավորման և պաշտպանության համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ ունենալով Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը:
“Ցավոք, Հայաստանն անմասն չի մնացել աշխարհակարգի ներկայիս վայրիվերումների հետևանքներից՝ բախվելով աճող անհանդուրժողականության, այլատյացության և մշակութային ժառանգության ոչնչացմանը։
Հայկական մշակութային և կրոնական վայրերի, արտեֆակտների դիտավորյալ և համակարգված ոչնչացումը, պղծումն ու յուրացումը հանդիսանում է Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր որոշման ուղղակի խախտում, որն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր դեպքերը, որոնք անդրադառնում են հայկական մշակութային ժառանգությանը՝ ներառյալ եկեղեցիները և այլ կրոնական կառույցները, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանոցները և արտեֆակտները”, ասել է Միրզոյանը:
Միրզոյանը հրավիրել է նախարարներին մասնակցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ հանդիպմանը, որը կանցկացվի 2024 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանում։
2017 թվականի ապրիլին Աթենքում կայացավ «Հնագույն քաղաքակրթությունների առաջին ֆորումի» նախարարական համաժողովը, որին մասնակցեցին 10 երկրներ՝ Հունաստան, Չինաստան, Եգիպտոս, Բոլիվիա, Հնդկաստան, Իրաք, Իրան, Իտալիա, Մեքսիկա և Պերու։ 2018-ն ֆորումի լիիրավ անդամ է դարձել Հայաստանը՝ որպես Ուրարտական քաղաքակրթության ժառանգորդ։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: