Փաշինյանը ՄԱԿ-ին առաջարկում է հովանավորել նոր ցեղասպանությունը

  • 10:32 26.09.2024

«Ես և իմ գլխավորած Կառավարությունը հանձնառու ենք մեր տարածաշրջանում հակամարտության էջը փակելուն և ներկա դինամիկան փոխակերպելու համագործակցության՝ հանուն բարգավաճման, կայունության և խաղաղության», – ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպված «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկմանը հայտարարել է Հայաստանի վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է՝  Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ՝ ընդգծելով՝ հայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը:

«Մենք պատրաստ ենք օգտագործել դրական տեմպը և շարունակել սահմանների սահմանազատման գործընթացը՝ մեր սահմանազատման հանձնաժողովների միջև կանոնակարգի հիման վրա` հիմք ընդունելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը», – ասել է Փաշինյանը՝ շեշտելով՝
Միավորված ազգերի կազմակերպության ուժեղ և միանշանակ աջակցությունը Հայաստանի ջանքերին միտված տարածաշրջանում արդար և երկարատև խաղաղությանը չափազանց կարևոր է:

1991 թ․ սահմանները Փաշինյանի ընկալմամբ՝ Հայկական ԽՍՀ վարչական սահմաններն են, առանց Արցախի եւ Կարսի հանցավոր պայմանագրով Հայաստանից օտարված Նախիջեւանի եւ Արեւելյան Հայաստանի այլ տարածքների։ 1991 թ․ սահմանները՝ հայոց ցեղասպանության հարուրամյա փուլը օրինականացնող եւ գալիք ցեղասպանությունը նախապատրաստող սահմաններ են։ 

Փաշինյանը կոչ է անում ՄԱԿ-ին հովանավորել գալիք ցեղասպանությունը եւ մաքրել Ռուսաստանից եւ Թուրքիայից մինչեւ 2023 թ․ կատարած արյունալի հանցագործությունների մեղքը։ 

Ինչո՞ւ է Փաշինյանը մինչեւ COP29-ը առաջարկում գոնե մի դատարկ թուղթ ստորագրել։ Ի՞նչ է սպասվում Բաքվում կայանալիք COP29 ՄԱԿ-ի համաժողովի ժամանակ, որը կկայանա նոյեմբերի 11-12-ին՝ անմիջապես նոյեմբերի 5-ի ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո։ Սպասվում է կարճաժամկետ ագրեսիա՝ Սյունիքի օտարմամբ եւ Հայաստանը միջանցքներով մասնատմամբ։

Փաշինյանը ոչ թե ուզում է դա կանխել, այլ այդ ամենի պատասխանատվությունը դնել ՄԱԿ-ի վրա, որն արդեն հովանավորել է հայոց ցեղասպանությունը, Արցախի օկուպացիայից եւ տեղահանումից հետո Բաքվին տալով COP29-ը անցկացնելու պատիվը, հավանաբար, որպես խրախուսական բոնուս։  

ՄԱԿ բազմաթիվ երկրներ արդեն հայտնում են, որ չեն մասնակցելու համաժողովին բարձր մակարդակով, բացի, թերեւս, Թյուրքական կազմակերպության երկրներին։ Չի բացառվում, որ COP29-ին լինեն միայն Հորդայի երկրների ղեկավարները ու Հայաստանի վարչապետը, որը պետք է մինչեւ վերջ հասցնի Դուշանբեի լիֆտի գործը եւ Հայաստանը վերածի ռուս-թյուրքական տռանզիտի։ 

Փաշինյանը ուզում է “տարածաշրջանում հակամարտության էջը փակել”՝ “չկա Հայաստան, չկա հակամարտություն” սկզբունքով։