Ասկերանից Հայաստան, կամ զարգացումից վերածնունդ

  • 11:55 26.09.2024

2012 թվականից Ասկերանի կանանց ակումբի, որը «Մայրիկ» էր կոչվում, հիմքի վրա 2021 թվականի հոկտեմբերին ստեղծվեց «Ասկերանի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը պետք է զբաղվեր գյուղի աջակցության և բիզնես ծրագրերով:

Նախաձեռնողների նպատակն էր օգնել կանանց կայանալ մանր ու միջին ձեռներեցության ոլորտում, ինչն էլ իր հերթին շրջանի զարգացման խթան կհանդիսանար։

Ցավոք 2020 թվականի 44-օրյա պատերազմը փոխեց զարգացման բնականոն ընթացքն ու ինչ-որ տեղ նաև գործունեության բնույթը։ Պատերազմից հետո Արցախ վերադարձած կանանց նախ պետք էր օգնել վերագտնել իրենց ստեղծված նոր պայմաններում ու իրավիճակներում, որը արմատապես փոխվել էր։

Բիզնես դասընթացներին զուգընթաց Կենտրոնը հայտագրված կանանց համար կազմակերպում էր նաև հոգեբանական աջակցություն։

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ  «Հզոր համայնք, հզոր կանայք» ծրագրի շրջանակներում 2022 թվականին իրականացվել են մի շարք գյուղատնտեսական ծրագրեր, կազմակերպվել են հանդիպումներ տարբեր մասնագետների հետ: Խմբի մի շարք մասնակիցների բիզնես ծրագրեր արժանացել են դրամական աջակցության։ Տրամադրված գումարով ձեռք են բերվել հողի մշակման սարքեր, էլեկտրական վառարաններ, որը նախատեսված է ժենգյալով հացի համար, խոճկորներ, հորթ, հավեր, ծաղկի սրահի համար օդափոխիչ, թթուների արտադրության համար նախատեսված տարբեր չափերի տարաներ, մուլտհերոսների շորեր, հանգստյան գոտու համար հովանոցներ:

Կարճ ժամանակահատվածում կանայք ոչ միայն կյանք վերադարձան, այլև հանդես էին գալիս իրենց ստեղծարար ու համարձակ գաղափարներով, որոնք ուղղված էին Հայրենիքում ամրանալուն ու ամրապնդվելուն։ Թերևս այդ ծրագրերն էլ շրջափակման օրերին պետք է դառնային հույսի ու լույսի աղբյուր։

Շրջափակումը խոչընդոտ չէ

Նոր սերունդ ՝ հետաքրքիր գաղափարներով և մոտեցումներով, ստեղծարար և հայրենասեր։ Այս գաղափարներով տոգորված Կենտրոնի կանայք իրենց շուրջն էին հավաքել Ասկերան քաղաքի փոքրիկներին, մղձավանջային օրերին գույն հաղորդելու համար։ Միամսյա ծրագիրը, որը մեկնարկել էր մարտի 1-ին, իր մեջ ներառում էր 10 միջոցառում: Մասնակիցները 6-ից 12 տարեկան 98 երեխաներ էին:

Սակայն այս բոլոր ջանքերն ու հույսերը ի չիք դարձան 2023 թվականի սեպտեմբեր 19-ի ողբերգական դեպքերով։ Արցախահայության բռնի տեղահանումից հետո, Կենտրոնի անդամները ցրվեցին տարբեր տեղեր, սակայն կենտրոնի հիմնադիր ու ղեկավար Ալլա Արզումանյանը գտավ բոլորին ի մի բերելու հնարը։ Նա զարգացման կենտրոնը գրանցեց Հայաստանի Հանրապետությունում, ինչպես ասում են ռեմբրենդինգ եղան, բայց միայն անունով, դարձան  «Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն, բայց նպատակը մնաց նույնը։ Օգնել համայնքի կանանց ոտքի կանգնել դժոխքն անցնելուց հետո և գտնել իրենց նոր ու անորոշ վիճակում։

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ նոր ծրագիր սկսեցին, որն այս անգամ կրում էր «Վերածնունդ» խորագիրը։ Ծրագիրը ներառում էր և՛ բիզնես ծրագրեր, և՛ հոգեբանական աջակցություն։ 10 ամսյա ծրագիրը կրկին ասկերանցի կանանց կողքին էր, ներկայացված ծրագրերի մի մասը ստացան դրամաշնորհներ։ Իսկ որոշ շահառուներ ստիպված եղան իրենց ուժերը փորձել նոր ոլորտում, օրինակ կար ու ձևի՝  հոգալու համար իրենց ընտանիքի հոգսերը։

Ծրագրում իրենց ուրույն տեղն ունեցան նաև երեխաները։ Նրանց համար կազմակերպված միջոցառումները միտված էին հոգեբանական աջակցությանը, որ երեխաների մոտ կյանքի գույները չխամրեն։

Այս մի ծրագիրն էլ ասկերանցիները պատվով ավարտեցին։ Եվ որ ամենակարևորն է, կանայք ստեղծարար գաղափարներին զուգընթաց ձեռք բերեցին նոր հմտություններ, որը կօգնի նրանց գաղափարների իրականացման ճանապարհին։ Կենտրոնը կատարած աշխատանքների վերաբերյալ հանդես եկավ հաշվետվությամբ և երախտիքի խոսքով, բոլոր նրանց հասցեին, ովքեր միշտ կանգնած են ասկերանցիների կողքին։

Հուսով ենք նման ծրագրեր էլի կունենան և կշարունակեն բացահայտել արցախցի կանանց ստեղծարար ներուժն ու  ապրելու կամքը։

Արմինե Հայրապետյան

f