Արցախ, 19 սեպտեմբերի, 2023թ., լուսանկարը՝ Մարութ Վանյանի
ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր ասամբլեայից Արցախի հանրության ակնկալիքները, ինչպես և սպասվում էր, չարդարացան։ Ո՛չ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ադեկվատ չանդրադարձան այն խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց բախվել է Հայաստանը 2020-23 թվականներին ադրբեջան կոչված ահաբեկչական կազմավորման կրկնակի ագրեսիայի արդյունքում թե՛ Արցախի, թե՛ իր՝ Հայաստանի հանդեպ։ Էլ չենք խոսում Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնված Արցախի բնակչության ցեղասպանության ու զանգվածային տեղահանության մասին։
Բանտերում պահվող գերիների, այդ թվում՝ Արցախի 8 օրինական ընտրված բարձրաստիճան պաշտոնյաների մասին եւս խոսք չկար։
Խոսակցություն չկար ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, որը ստեղծվել էր Արցախի քաղաքական կարգավիճակը ժողովրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա որոշելու համար։ Եվ դա չնայած այն բանին, որ Ալիևը Մինսկի խմբին համարում է արցախցիների իրավունքների «պաշտպան» և Հայաստանին հրավիրել է համատեղ հանդես գալ դրա վերացման համար։ Ավելին, ԵԱՀԿ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Միրզոյանն ընդգծել է «խաղաղության պայմանագրի կնքման և կարճ ժամանակում այն ստորագրելու ճանապարհին արհեստական խոչընդոտներ ստեղծելուց հրաժարվելու կարևորությունը»։
Քանի որ «խաղաղության պայմանագրի» տեքստում ոչ մի խոսք չկա Արցախի, ցեղասպանության և նրա բնակչության տեղահանության մասին, կարելի է ենթադրել, որ Արցախի կարգավիճակը որոշելու Մինսկի խումբի մանդատն է «արհեստական խոչընդոտը»։
Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ 2024 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի շուրջ 50 հասարակական կազմակերպություններ դիմել են ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին՝ հիշեցնելով Մինսկի խմբի միակ օրինական մանդատը՝ լուծելու ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդիրը ինքնորոշման իչավունքի և Արցախի ժողովրդի կամքի հիման վրա։
Մինչդեռ Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում առկա անվտանգության իրավիճակին և գործընթացներին։ Արցախյան թեման Հարավային Կովկասում գործընթացների առանցքն է, քանի որ 2020 թվականի սեպտեմբերին սկսված արցախյան պատերազմից հետո Հարավային Կովկասը դադարեց նույնը լինել, և հենց Արցախի ժամանակավոր կորստից հետո էր ռուս-թուրքական-ադրբեջանական եռյակը համառորեն տանում հայկական պետականության կործանմանը։
Ավաղ, Հայաստանի ներկայիս իշխանությունը հասկացրել է համաշխարհային հանրությանը, որ մտադիր չէ անգամ քննարկել Արցախի և նրա տեղահանված քաղաքացիների հետ կապված խնդիրները։
Հակառակ սրան, միջազգային դերակատարները պարբերաբար անդրադառնում են ցեղասպանության և Արցախի հայաթափման թեմային՝ մերժելով, որ Արցախի հիմնախնդիրը փակված է (ինչպես Ալիևն է անընդհատ հնչեցնում), որ արցախցիների իրավունքները, մասնավորապես ինքնորոշման և նախկին բնակության վայրեր վերադառնալու պետք է ապահովվեն։
Մի քանի ամիս առաջ Հայաստանի խորհրդարանում ելույթ ունեցավ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիսլերը։
«Մենք չենք կարող անտարբեր մնալ Հայաստանի ինքնության և պատմության ջնջման փորձերի նկատմամբ։ Հիշողությունը և պատմական ճշմարտության ճանաչումը ապագայի կերտման կարևորագույն գործոններն են»,- ասաց նա:
Կլոդ Վիսլերն անդրադարձել է նաեւ Արցախի կարգավիճակի հարցին. «2020 թվականի հոկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ, Լյուքսեմբուրգի խորհրդարանն ընդունեց հայտարարություն՝ խստորեն դատապարտելով ռազմական գործողությունները, որոնք խախտում էին 1994 թվականի հրադադարը։ Խորհրդարանականները միաձայն դատապարտել են արտաքին միջամտությունը, հատկապես՝ Թուրքիայի ռազմական աջակցությունը Ադրբեջանին։ Նույն տարվա դեկտեմբերին Պատգամավորների պալատը հաստատեց իր դիրքորոշումը՝ ընդգծելով, որ չափազանց կարևոր է նախաձեռնել համապարփակ քաղաքական գործընթացներ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը»,- նշել է նա։
«Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը պարտադիր է և պետք է ամբողջությամբ կատարվի ամենայն մանրամասնությամբ։ Մենք նաև պահանջում ենք Բաքվից անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և տրամադրել համապարփակ տեղեկատվություն անհայտ կորածների մասին։ Արդարությունը և մարդկությունը պահանջում են անհապաղ ազատ արձակել այդ անձանց»,- ասել է Կլոդ Վիսլերը:
Վերջերս ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեում կայացած լսումների ժամանակ սենատոր Բեն Քարդինն ասաց, որ Բաքվի և Երևանի միջև առաջիկա «խաղաղության պայմանագրում» ղարաբաղյան կարգավորման մասին հիշատակման բացակայությունը անհեթեթություն է։
«Որքան ես հասկանում եմ, նրանք նույնիսկ չեն խոսում Լեռնային Ղարաբաղի և այնտեղից տեղահանվածների մասին, նույնիսկ չեն խոսում սահմանային հարցերի մասին, այն տարածքների մասին, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, ուստի սա չի կարելի շատ արդար պայմանագիր համարել։ Սակայն, որքան հասկանում եմ, Հայաստանը ցանկանում է առաջ շարժվել, քանի որ սա միակ տարբերակն է՝ բացելու սահմանները և երկիրը տնտեսական զարգացման ճիշտ ուղու վրա դնելու համար»,- ասաց Բեն Քարդինը։
Սեպտեմբերի 9-ին ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը լսումներ է անցկացրել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների և Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։
Սեպտեմբերի 11-13-ը Երևանում անցկացվեց «Մարդու իրավունքներ և պատասխանատվություն. պատերազմի հետևանքները» խորագրով երրորդ միջազգային համաժողովը՝ նվիրված Արցախին և նրա բնակիչների իրավունքներին։
Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ իրենց ցուցմունքներն են ներկայացրել 4 արցախցիներ, ովքեր ենթարկվել են ցեղասպանության և վտարվել իրենց նախնիների հողից, որոնց հարազատները զոհվել են պատերազմի ժամանակ։
Արցախի հայաթափման տարեդարձի կապակցությամբ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հստակ նշում է գերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը, Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը և ինքնորոշման իրավունքի հարգումը, ինչը կարևոր է հակամարտության կարգավորման համար։
«Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային քաղաքական լուծմանը և աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման և ինքնորոշման իրավունքի սկզբունքներին՝ այս տարածաշրջանի ժողովուրդների համար արդար և տեւական խաղաղության հասնելու բանակցություններում։ Սա պետք է ներառի հայ խաղաղ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը, երաշխավորի մարդու իրավունքների պաշտպանությունը և քաղաքացիների ապրուստը, ինչպես նաև տարածքում հայկական մշակութային և պատմական վայրերի պահպանումը»,- ասված է հայտարարության մեջ։
«Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի` իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու և տարածաշրջանում կայունության համար»: Այս մասին ասված է ԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսի՝ ամերիկահայ համայնքին ուղղված հայտարարության մեջ։
Իսկ Հայաստանի ամենամոտ հարեւան Թեհրանն ուղղակիորեն մատնանշում է Հայաստանի Հանրապետության պետականության վերացման ծրագրի նախագծողին ու կատարողին՝ Ռուսաստանին։
Որքան էլ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները փորձեն «փակել» Արցախի հարցը և արհամարհել նրա բռնի տեղահանված բնակիչների իրավունքները, հարցը դեռ բաց է և չի կարող փակվել, քանի որ դա կամրապնդի վիճելի հարցերի ռազմական ճանապարհով լուծելու իրավունքը։ Սա, իր հերթին, կհանգեցնի քաոսի ամբողջ մոլորակի վրա, որն արդեն կլանված է աղետալի, աներևակայելի դաժան պատերազմներով, որոնք խլում են միլիոնավոր խաղաղ բնակիչների կյանքը:
Ռուս-թուրք-ադրբեջանական հանցավոր եռյակին չի հաջողվի խեղդել Հայաստանին ու մոռացության մատնել Արցախը: ՀՀ գործող իշխանությունների հանցագործությունները դեռ կստանան իրենց քաղաքական ու իրավական գնահատականը։
Մարգարիտա Քարամյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: