Ղարաբաղը սխալ էր. Փաշինյանն ընտրում է այլ «անկախություն»

  • 15:12 28.09.2024

Միայն 44-օրյա պատերազմին հաջորդած տարիներին մենք խորությամբ եւ ամբողջությամբ բացահայտեցինք, թե ինչ է տեղի ունեցել մեր շուրջ՝ անկախության առաջին օրերից ի վեր, այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանը, որը Նյու Յորքից վերադառնալուց հետո այցելել է Եռաբլուր: 

“Մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել։ Այդ հնարավորությունը (չգիտակցված) սկսեցինք կորցնել Անկախության ձեռքբերումից գրեթե անմիջապես հետո, իսկ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո կորցրինք՝ թվում է անդառնալիորեն»,- գրել է նա:

Հայաստանը անկախություն ձեռք բերեց՝ ընդունելով Անկախության հռչակագիրը 1990 թվականի օգոստոսի 23-ին։ Հռչակագրի մեջ ասվում է․ “Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը”։

Փաշինյանը, փաստորեն, կասկածի տակ է դնում հայոց պետականության հռչակման հիմքը՝ պնդելով, որ հռչակումից անմիջապես հետո կորել է անկախ պետականություն կառուցելու շանսը։

Փաշինյանն այլ կերպ կաներ՝ չէր կատարի «ղարաբաղյան» սխալը, երկիրը չէր ներքաշի ազատագրական պատերազմի մեջ, չէր նպաստի Արցախում հայկական պետականության ստեղծմանը, այն Ադրբեջանին տալով, չէր մտնի ռուսամետ դաշինքների մեջ՝ անմիջապես կմիանար թուրք-ադրբեջանական «ընդհանուր պետությանը»։

Հայաստանի կառավարությունը Եռաբլուրը դարձրել է մի վայր, որտեղ բոլորը պետք է «հասկանան» անցյալի սխալները․ հասկանան, որ չարժե պայքարել հողիդ համար, որ եթե հանուն կուշտ «բարեկեցության» պետք է զոհաբերել պետականությունը, Սահմանադրությունը, հազարամյա տարածքը ու ժառանգությունը, ուրեմն սա պետք է զոհաբերվի։ Հակառակ դեպքում ամբողջ երկիրը կվերածվի Եռաբլուրի։

Փաշինյանը հայտարարեց, որ հանուն տարածաշրջանում «խաղաղության» ինքը պատրաստ է փոխել Սահմանադրությունը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, որը, ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնության հետ միասին, դարձել է Հայոց ցեղասպանության գլխավոր հովանավորը, այդ թվում՝ Արցախում։

Փաշինյանը չի թաքցնում իր մտադրությունները, բացահայտ խոսում է առաջիկա քայլերի մասին, և Հայաստանում բնակչության մեծ մասն ընդունում է այդ մտադրությունները՝ ազատություն տալով Փաշինյանին։

Նաիրա Հայրումյան