Բաքու․ Հայերը պետք է իրենք պահանջեն փոխել Սահմանադրությունը եւ հրաժարվել հայկական հողերից

  • 17:33 29.09.2024

Քարվաճառ

Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ եթե «Հայաստանը խաղաղության պայմանագիր է ցանկանում, ապա պետք է հրաժարվի Ղարաբաղի մասով պահանջներից, փոխի Սահմանադրությունն ու ապառազմականացվի»։

«Իմ նախնիները Գյոչայի շրջանից են, որը հայերը Սևան են ասում։ Ադրբեջանցիների մեծ մասը սերում են այն տարածքներից, որտեղ հիմա հայեր են ապրում, այդ թվում՝ Երևանի խանությունից, որը պատմականորեն համարվել է ադրբեջանական հող, բայց հետո օկուպացվել Ռուսական կայսրության կողմից։ Դա պատմական ու մշակութային հարց է, որը վերաբերում է քաղաքացիական անձանց վերադարձի իրավունքին։ Ադրբեջանցիները, որոնք ծնվել են այդ տարածքներում, պետք է իրենց նախնիների հողը վերադառնալու իրավունք ստանան։ Բայց սա տարածքային նկրտում չէ, ոչ էլ Հայաստանի ինքնիշխանության ոտնահարում», – ասել է նա։

Խոսելով մեկ տարի առաջ Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի ճակատագրից՝ Հաջիևը պնդել է՝ եթե նրանք ուզում են վերադառնալ, պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունն ու օրենքները։

«Հայաստանը, սակայն, իր հերթին պետք է պատրաստ լինի նույն իրավունքները տալ Արևմտյան Ադրբեջանի համայնքին, և նրանց համար վերադարձի հնարավորություն ստեղծել», – նշել է Ալիևի օգնականը։

Հայաստանի կառավարությունը, ըստ երեւույթին, արցախցիների վերադարձը անիրատեսական է համարում, չընդունելով, որ այդ պահանջը՝ ոչ մեկի հանդեպ «տարածքային նկրտում չէ», քանի որ ըստ ՀՀ Սահմանադրույան՝ Արցախը Հայաստանի մաս է։

Բացի այդ, Բերձորի միջանցքի ճակատագիրն արդեն ցույց է տվել, ինչի է բերում նման քաղաքականությունը․ հիշեցնենք, Հայաստանի իշխանություններն ասել են, որ չեն պահանջում Բերձորի միջանցքի ապաշրջափակում, որ Բաքուն էլ Զանեգեզուրի միջանցք չպահանջի։ Հիմա ո՛չ Բերձորի միջանցք կա, ո՛չ Արցախ, բայց Բաքուն մեկ է՝ պահանջում է Զանգեզուրը։

Ի տարբերություն ՀՀ իշխանություններին, խորհրդարանական ընդդիմությունը եւ հայկական քաղաքական դասի կողմից ուղղորդվող միջազգային խմբերը պնդում են արցախցիների վերադարձը, չնշելով քաղաքական եւ իրավական պայմանները։ Նման պնդումը եւս նշանակում է ՀՀ Սահմանադրության ուրացում․ չէ որ այնտեղ նշված է Արցախի կարգավիճակը։

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը, օրինակ, Երեւանում խոսելով ԼՂ-ի հայերի հնարավոր վերադարձի մասին՝ ընդգծել է․ «չարժե մարդկանց գոտեպնդել այնպիսի խոստումներով, որոնք հետո իրականություն չեն դառնալու»։

Այսօր չափազանց անհրաժեշտություն է Արցախի ժողովրդի վերադարձի հարցը լուծելը: Այս մասին սեպտեմբերի 21-ին ասել է «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը: «Այսինքն ստեղծել այնպիսի պայմաններ, որ եւ անվտանգության առումով եւ միջազգային բոլոր նորմերի պահպանմամբ արցախցիները հնարավորություն ունենան հետ վերադառնալու»,-ասաց նա, լռելյալ ընդունելով Արցախի՝ ոչ Հայաստանի մաս կազմելու փաստը:

Այդ հարցը վերջնականապես լուծված կլիներ մեկ տարի առաջ, եթե արցախիները մնային Արցախում եւ ընդունեին Ադրբեջանի իրավասությունը։ Հենց դրա մասին էին խոսում Ռուսաստանն ու Ադրբեջանը։ Հենց դա էր առաջարկում ՀՀ իշխանությունները Արցախի ղեկավարությանը։

Հետո Արցախի խորհրդարանը որպես իր վերջին որոշում կհրաժարվեր Արցախի ստորագրությունից 1989 թ․ դեկտեմբերի 1-ի՝ Միացումի մասին որոշման տակ։ Եւ բոլորի ձերքերը կազատվեին։ Իսկ հիմա ոչ ոք չգիտի, ինչպես դուրս գա այս իրավիճակից։

Բաքուն ասում է, որ հայ ժողովուրը ինքը պետք է հրաժարվի 1989 թ․ որոշումից։ Փաշինյանն ասում է՝ եթե «խաղաղության պայմանագիրը» հակասի ՀՀ Սահմանադրությանը, մենք կփոխենք Սահմանադրությունը։ Աշխարհն էլ լուռ հետեւում է Հայաստանի պետականության քայքայման վերջին ակտին։

Հիշեցնենք, որ 2023-ի սեպտեմբերի 19-ին Բաքուն հայտարարեց, որ Ղարաբաղի հայերի ինտեգրման ծրագիրը պատրաստ է և սեպտեմբերի 20-ին նախատեսվում է հանդիպում։

Սեպտեմբերի 21-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների պատվիրակությունը ժամանեց Եվլախ, ինչ-որ թուղթ ստորագրվեց, սակայն արցախցիները մեկ մարդու պես հրաժարվեցին Ադրբեջանի իրավասությունից, գերադասելով թողնել ամեն ինչ եւ հեռանալ։

Բաքուն և Մոսկվան պնդում են, որ Արցախից հայերի արտագաղթը տեղի է ունեցել «կամավոր», ոչ ոք չի ստիպել հայերին հեռանալ, ընդհակառակը, նրանց խրախուսել են մնալ և ինտեգրվել։ Ըստ այդմ, փաստարկվում է, որ օկուպացիա կամ բռնի տեղահանություն տեղի չի ունեցել։

Սակայն ըստ ՀՀ Սահմանադրության՝ տեղի ունեցածը հենց հայկական հողի օկուպացիա է եւ ՀՀ քաղաքացիների բռնի տեղահանում։ Ուզեն դա հայկական քաղաքական գործիչները ընդունել թե ոչ։

Նաիրա Հայրումյան

f