Արցախից բռնի տեղահանված Անուշ Ալեքսանյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության որոշումը՝ իրեն ժամանակավոր պաշտպանության փախստականի կարգավիճակ չտրամադրելու մասին։ Այս գործով դատական նիստը կայացել է Վարչական դատարանի Սեւանի նստավայրում։
Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը դատական նիստի ժամանակ հիմնավորել է, որ Անուշ Ալեքսանյանը համարվում է ՀՀ քաղաքացի, հետեւաբար, չի կարող ստանալ փախստականի կարգավիճակ։ «Դուք 1995 թվականին առաջին անգամ ստացել եք ՀՀ քաղաքացու անձնագիր։ Հետագայում, Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելով եւ փաստաթղթավորվելով 070 կոդով անձնագրով, դուք չեք կորցրել ձեր քաղաքացիությունը։ ՀՀ-ից դուրս բնակվելն ինքնին չի ենթադրում քաղաքացիության կորուստ կամ դադարեցում։ Քաղաքացիությունը դադարեցվում է բացառապես Հանրապետության նախագահի հրամանագրով։ Հետեւաբար, հաշվի առնելով, որ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունում բացակայում է տեղեկությունը ձեր՝ ՀՀ քաղաքացիության դադարեցնելու մասին, ձեզ ժամանակավոր պաշտպանության տրամադրելու իրավական հիմքերը բացակայում են»,- ասել է նա։
Անուշ Ալեքսանյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ նախքան անկախ Հայաստանի քաղաքացի լինել, եղել է ՀԽՍՀ քաղաքացի, դրանից առաջ էլ եղել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի քաղաքացի։ Առաջին անձնագիրն էլ ստացել է ԼՂԻՄ-ում, ծնվել է ԼՂԻՄ-ում, ծնողները նույնպես ծնվել են ԼՂԻՄ-ում, իսկ նրանց նախապապերը՝ Լեռնային Ղարաբաղում։
«Ապուպապերիս գերեզմանները բոլորն Արցախում են՝ Մարտակերտի շրջանում։ Ես իմացել եմ, որ իմ ստացած ՀՀ անձնագիրը նույնն է, ինչ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությունն է ստացել։ Ինձ ոչ ոք չի ասել, որ դա նույնը չէ։ Ես 2015 թվականին արդեն գրանցվել ու հաշվառվել եմ պետռեգիստրում, մասնակցել եմ Արցախի նախագահական, հետո Ազգային ժողովի ընտրություններին, ինձ ոչ ոք չի ասել, որ դու ՀՀ քաղաքացի ես, մի մասնակցիր, որովհետեւ բոլոր արցախցիներն են եղել ՀՀ քաղաքացի։ Ինձ հիմա ասում են՝ դու չես գրանցվել պետռեգիտսրում, որ գրանցված չեմ եղել, ո՞նց եմ մասնակցել ընտրություններին։ Ոչ մի տարբերություն չի եղել, Արցախում ես, թե Հայաստանում, նույն ՀՀ քաղաքացիությունն է։ Իսկ 2020 թվականին, երբ արդեն անձնագրիս ժամկետը երկարաձգելու հնարավորություն չկար, ես փոխել եմ անձնագիրս, գնացել դիմել ու ստացել եմ 070 կոդով անձնագիր։ Այսինքն՝ ունեմ ԼՂ բնակիչների ստացած անձնագիրը։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ՀՀ քաղաքացի էր, եւ ոչ ոք չի կարող ապացուցել, որ 070 կոդով անձնագիրը ՀՀ քաղաքացու անձնագիր չէ»,- ասաց նա։
Անուշ Ալեքսանյանը դատարանում հիշեցրել է, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշման համաձայն՝ Արցախի բնկաիչները համարվում են ՀՀ քաղաքացի։ Նա մեջբերում է այդ որոշման երրորդ կետը․ «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները»։
«Ես այն սերնդի ներկայացուցիչն եմ, ովքեր ներկա են եղել գործընթացներին հենց շարժման սկզբից։ Մենք աջակցել ենք, որպեսզի այդ որոշումը կայացվեր։ Մենք շրջապատել էինք Ամերիկյան համալսարանի շենքը, որպեսզի այդ որոշումը կայացվեր։ Այդ որոշումը կայացվել է, ընդ որում, հեշտ չի կայացվել, լավ է, որ մեզ վրա չեն հարձակվել այդ օրը ու չեն կոտորել։ Ընդ որում, այդ որոշումը դեռ ուժի մեջ է, ոչ ոք չի բեկանել։ Իսկ ՀՀ քաղաքացիության մասին օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասով ամրագրված է, թե ովքեր են ՀՀ քաղաքացի ճանաչվում, երրորդ կետում էլ գրված է՝ ՀՀ-ից դուրս բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն, ձեռք են բերում ՀՀ քաղաքացիություն»,- նշեց նա։
Հիմա տիկին Անուշը հարցադրում է անում՝ եթե Արցախի ու Հայաստանի վերամիավորման որոշման համաձայն՝ Արցախի բոլոր բնակիչները համարվում են ՀՀ քաղաքացի, ունեն 070 կոդով ՀՀ քաղաքացու անձնագիր, ինչո՞ւ են իրեն տարանջատում։ Ինչո՞ւ են մյուս արցախցիներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրում, իսկ իրեն ասում՝ ՀՀ քաղաքացի ես, եւ այդ հիմքով չեն տրամադրում փախստականի կարգավիճակ։ «Ես չէի ուզում Արցախից գալ Հայաստան, հարկադրված եմ եղել, ի՞նչ է նշանակում, որ փախստականի կարգավիճակ չունեմ»,- հարցադրում է անում նա։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: