Հավատում եմ. Աստծո զորությամբ իմ Դավիթը կվերադառնա

  • 16:43 01.10.2024

Արցախի Մարտունու շրջանի Հերհեր գյուղում ծնված ու մեծացած, ապա մի ողջ կյանք Ասկերան քաղաքում ապրած Լարիսա Հայրիյանի մտքով երբևէ չէր անցել, որ ճակատագրի անիվն իրեն կհասցնի հեռավոր մերձմոսկովյան շրջաններից մեկը։

2023-ի Արցախի բռնատեղահանումից հետո նրա ընտանիքը շատերի պես բռնեց պանդխտության ճանապարհը։ Հայրիյանները սկզբում հաստատվեցին Գյումրիում, ապա տեղափոխվեցին Ռուսաստանի Դաշնություն՝ ավելի մոտ լինելու այնտեղ բնակվող թոռնուհու ընտանիքին։ Այսօր տիկին Լարիսան ծոռնուհուն է խնամում և միայն փոքրիկի կողքին կարելի է նրա աչքերում ուրախության նշույլներ տեսնել։

Ճերմակահեր կնոջ կյանքի ճանապարհն այնքան էլ դյուրին չի անցել։ Արցախյան բոլոր պատերազմներում մեծ կորուստներ է ունեցել նրա հայրական գերդաստանը։ Ամեն անգամ վերապրելով անցածը՝ քրքրվում են նրա հոգու վերքերը։

-Ոչ մի պատերազմ անցավ չի անցել մեր գերդաստանի կողքով։ Սկսած 90-ականների պատերազմից մինչև 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմն ու 25-ի չարաբաստիկ պայթյունը։ Առաջին պատերազմում զոհվել է քրոջս որդին, 2020-ի 44-օրյա պատերազմում՝ քրոջս թոռը, եղբորս 2 թոռները։ Իմ թոռնիկից՝ Դավիթից, որ ընդամենը 2 ամսվա ժամկետային ծառայող էր, առայսօր լուր չկա։ Վերջին անգամ հետը խոսել ենք հոկտեմբերի 5-ին։

2023-ի մեկօրյա պատերազմում զոհվել է եղբորս մյուս թոռը։ Ասես այդքանը քիչ էր, պայթյունի ժամանակ էլ կորցրինք եղբորս տղաներին, որոնք Մարտունու շրջանից վառելիքի փնտրտուքով հասել էին մինչև պայթյունի վայրը։ Եղբայրներից մեկը մահացել է Ստեփանակերտի հիվանդանոցում, իսկ մյուսը անհետ կորած է համարվում։ Չգիտեմ՝ ոնց ենք դիմանում,-պատմում է վշտահար կինը, երկար հոգոց անում և շարունակում,- պետք է ուժ հավաքեմ, ապրեմ, որ տեսնեմ թոռանս վերադարձը։ Հավատում եմ․ Աստծո զորությամբ իմ Դավիթը կվերադառնա։

18 տարեկանից մինչև Արցախի տեղահանումը տիկին Լարիսան աշխատում էր առանց դադարի։ Ավելի քան 35 տարի նա հաշվապահություն էր անում, միաժամանակ ամուսնու հետ զբաղվում հողագործությամբ։ Անկեղծանում է․ լավ սովորող էր, սիրում էր քիմիան ու մաթեմատիկան։ Դպրոցն ավարտելուց հետո ցանկանում էր բարձրագույն ուսում ստանալ Բաքվում, սակայն ծնողները չթողեցին։ Ավարտեց Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի հաշվապահական հաշվառում բաժինը ու լավ հաշվապահ դարձավ:

Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ նրա ընտանիքը հաղթահարում էր ամեն ինչ։ Հիշում է՝ ինչպես էին կրկին տուն կառուցում 90-ականների պատերազմի ժամանակ լրիվությամբ այրված իրենց տան տեղը։ Տարբեր տեղերից շինանյութ հայթայթելով՝ կարողացան տուն կառուցել ու ամեն ինչ սկսել զրոյից։

-Առաջին պատերազմից հետո, դիմակայելով հետպատերազմյան դժվարություններին, նորից տունուտեղ ենք դրել, ամուսնացրել մեր երեք զավակներին։ Ամուսնուս հետ միշտ աշխատել ենք օգնել մեր երեխաներին ու թոռներին, որոնք մեր հպարտությունն ու ուրախությունն են։ Մեր տունը հյուրընկալ օջախ էր, հաճախակի էին հավաքվում մեր հարազատները, առանձնապես Մարտունու շրջանի իմ գերդաստանից։ Հարսս՝ Գայանեն, մեր օջախի ավանդույթները պահողն ու շարունակողն է։ Երանի եմ տալիս այն օրերին, երբ մեր տանը միշտ ուրախություն ու խնդություն էր․․․

Մեծ ցավ եմ ապրում արցախցիներիս համար։ Կորցրինք Արցախը, բոլոր մեր սրբությունները մնացին գերության մեջ։ Այնքա՜ն տղաներ զոհվեցին: Նրանց թափած արյան գնով ձեռք բերվածը մենք չկարողացանք պահպանել։ Ամեն ինչ կարելի է վերստին ստեղծել, միայն մարդկային կորուստներն են անդառնալի և այդ ցավին դիմանալ պարզապես չի լինում։

Այսօր արցախցինեը ցրվել են աշխարհով մեկ, կարոտ մնացել իրար։ Ախր մենք մեր հայրենիքում էինք լիարժեք ապրում․ ինչո՞ւ այսպես ստացվեց, ո՞վ պիտի պատասխան տա:

Ախր օտար հողերը միշտ օտար կմնան մեզ,- չի հարմարվում Արցախի կորստին տիկին Լարիսան ու հավատում է, որ կգա վերադարձի օրը, և ինքն առաջիններից մեկը կլինի, որ կբռնի տունդարձի ճամփան:

Արցախից հազարավոր կիլոմետրեր հեռու ռուսական քաղաքում ապրող տիկին Լարիսան շարունակում է Արցախով շնչել։ Մեր զրույցի ընթացքում նա չէր դադարում հարցեր տալ հարևանների, ծանոթների ու գործընկերների մասին։ Նրան թվում է, թե Հայաստանում ապրող արցախցիներս ամեն օր տեսնում ենք իրար։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f