Իրականում ՍԴ-ն ասել է, որ Հայաստանի Սահմանադրությունը չի փոխվելու

  • 15:09 02.10.2024

Սահմանադրական դատարանի որոշումն այն մասին է, որ ՀՀ եւ Ադրբեջանի  միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը համապատասխանում Է Սահմանադրությանը։ Այսինքն, Բաքվի պնդումները, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխվի, չեն ընդունվում։ Ընդ որում, ՍԴ-ն հաստատել է, որ Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում է արվում Անկախության հռչակագրին եւ, ըստ այդմ՝ 1989 թ․ դեկտեմբերի 1-ի՝ Արցախի եւ Հայաստանի Միացումի մասին որոշմանը եւ հայ-թուրքական հարաբերություններին, ենթակա չեն փոփոխման։

Այդ առումով Սահմանադրական դատարանը փաստորեն հաստատել է ներկայիս սահմանադրական կարգը։

Դատարանը միեւնույն ժամանակ նշում է, որ Հայաստանը, փաստորեն, սահմաններ չունի, իսկ դա նշանակում է, որ ՀՀ հիմքը պետք է ընդունվի 1991 թ․ Ալմաթիի հռչակագիրը՝ այսինքն խորհրդային սահմանները, եւ քանի որ 1989 թ․ որոշման իրագործմանն ուղղված քայլեր չեն արձանագրվել ո՛չ 1995 թ․ ընդունված Սահմանադրության մեջ, ո՛չ էլ 2008-ի եւ 2015-ի խմբագրություններում, ուրեմն՝ Միացումի մասին որոշումը իրավական ուժ չունի։

Ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչման մասին Անկախության հռչակագրում հղմանը, ապա Սահմանադրական դատարանը որոշել է, որ այն ուղղված է հետագա ցեղասպանությունների կանխարգելմանը, ոչ թե հայ-թուրքական սահմանի հստակեցմանը։

Սահմանադրական դատարանը որպես հայ-թուրքական սահմանի հիմք չի նշում Կարսի պայմանագիրը, թեկուզ այն ստորագրած Ռուսաստանն ու Թուրքիան հավաստիացնում են, որ պայմանագիրը ուժի մեջ է։ ՍԴ նման “մոռացկոտությունը” խոսում է այն մասին, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները լռելյայն ճանաչում են Կարսի ապօրինի պայմանագիրը։

Բաքվի փորձագետները գնահատում են Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը որպես «անբավարար» Ադրբեջանի համար։ Նրանք եւ նկատում են, որ Հայաստանը չի պատրաստվում փոխել ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ էլ Հռչակագրի վրա հղումը, միայն ասում են, որ Հռչակագիրը իրավական ուժ չունի, քանի որ չի իրագործվել։ Ինչ վերաբերվում է ՀՀ սահմաններին, ապա այն 10 մարզերի սահմաններն են, բնականաբար, առանց Ղարաբաղի հիշատակման։

Սակայն Բաքվում ասում են, որ նման որոշման դեպքում Հայաստանը ցանկացած պահի կարող է փոխել Հռչակագրի մեկնաբանությունը։ Ավելին՝ այս կամ այլ իշխանությունները կարող են «շտկել» Հռչակագրի եւ Սահմանադրության անհամապատասխանությունը եւ Սահմանադրության հաջորդ խմբագրությունում ամրագրել 1989-ի որոշումը, նաեւ այն, որ ներկայիս հայ-թուրքական սահմանները գծվել են ցեղասպանության միջոցով, այսինքն՝ ապօրինի են։

Բաքվում հիշեցնում են, որ կա նաեւ Ազգային ժողովի 1992-ին ընդունված որոշումն առ այն, որ Հայաստանը չի կարող որեւէ պայմանագիր կնքել, որով Ղարաբաղը կարող է Ադրբեջանի մաս ճանաչվել։

«Ինչու է Հայաստանն այդ դեպքում «կառչում» Մինսկի խմբից եւ ի՞նչ իրավունքով է Փաշինյանը ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Նրանք ասում են, որ ըստ ՍԴ այդ որոշման՝ Հայաստանը 30 տարի օկուպացրել է Ղարաբաղը”, գրում են Բաքվի փորձագետները։

Նաիրա Հայրումյան

f