«Մեզ կարող են թույլ չտալ վերադառնալ տուն՝ պատճառաբանելով, որ մենք արդեն Հայաստանի քաղաքացի ենք»

  • 11:48 05.10.2024

Լուսանկարները՝ Դիանա Գաբրիելյանի անձնական արխիվից

Բնիկ, Ստեփանակերտի նախկին բնակիչ Դիանա ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ 27 տարի աշխատել է հանրապետական ​​դատախազությունում՝ գլխավոր վարչությունում։ Ամուսնացած է, ունի չորս դուստր։ Ամբողջ ընտանիքը երազում է տուն վերադառնալու մասին և չի շտապում Հայաստանի քաղաքացիություն ստանալ։

-Ավարտել եմ Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը։ Երբ սկսվեց ղարաբաղյան առաջին պատերազմը, ես դեռահաս էի և ամեն ինչ հիանալի հիշում եմ։ Մենք ապրում էինք մեր շենքի նկուղում՝ ռմբակոծության տակ։ Ոչ միայն մեր ընտանիքն է այդպես գոյատևել, բոլոր ղարաբաղցիներն են այդպես ապրել։ Դժվար էր ու վտանգավոր, բայց բոլորն օգնում էին միմյանց, կիսում մի կտոր հացը…

Հայրս՝ Սլավիկ Միխայելյանը, ծնված 1953թ., աշխատել է Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան գյուղերում որպես պարտօրգ, զոհվել է 1999թ.։ Մայրս Սենորա Միխայելյանը՝ ծնված 1953 թվականին, աշխատել է Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկայում որպես գլխավոր բուժքույր։

Մենք չորս երեխա ենք՝ քույրս Լիանան, ես, եղբայրս Սասունը և քույրս՝ Լուսինեն։ 2002 թվականին ամուսնացա Վարդան Գաբրիելյանի հետ։ նա ծառայում էր է ԼՂՀ պաշտպանության բանակում։ Մեր ամուսնության մեջ 4 դուստրեր ունեցանք՝ Էլինան 19 տարեկան է, Նանան՝ 17 տարեկան, իսկ երկվորյակներ Մարիան և Մարիամը՝ 8 տարեկան։

Ամուսինս ծառայում էր բանակում, ես դատախազությունում աշխատանքի ընդունվեցի, աշխատավարձ էինք  ստանում, մեզ բավարարում էր։ Միշտ ապրել ենք վարձով, միայն 2021 թվականին ՊՆ-ն ամուսնուս՝ որպես զինվորական, երեք սենյականոց բնակարան է տրամադրել։ Մենք բոլորս ուրախ էինք, որ ունենք սեփական տունը, որի մասին միշտ երազել ենք։ Սակայն կարողացանք այնտեղ ապրել ընդամենը մեկուկես տարի։

2020 թվականի սեպտեմբերին, երբ պատերազմը սկսվեց, ես հավաքեցի երեխաներին և ստիպված եղանք մեկնել Հայաստան, իսկ ամուսինս մնաց Ղարաբաղում։ Երևանում մեր մտերիմ ընկերներն օգնեցին մեզ տեղավորվել հյուրանոցում։ Այնքան ապրեցինք այնտեղ, մինչև ռուսական խաղաղապահ զորախումբը մտավ Լեռնային Ղարաբաղ, և Ռուսաստանի ղեկավարությունը մեզ անվտանգության երաշխիք տվեց։ Հետո շատերս վերադարձանք հայրենիք, մեր տները։ Մենք հավատացինք խոստումներին, բայց ամեն ինչ ստացվեց ոչ այնպես, ինչպես սպասում էինք։

Իննամսյա շրջափակումը… Սարսափելի, դժվար ժամանակներ էին։ Հացի համար ժամեր շարունակ հերթեր էին, և մեծ դժվարությամբ էին սնունդ ստանում, որպեսզի երեխաները սոված չմնան։ Երբ սկսվեց ղարաբաղցիների արտագաղթը հայրենի վայրերից, մենք նույնպես հավաքվեցինք, վերցրեցինք այն, ինչ կարող էինք տեղափոխել, և 2023 թվականի սեպտեմբերի 27-ին մեր մեքենայով մեկնեցինք Հայաստան։ Մեքենայում մեր ընտանիքն ու սկեսուրն էին։ Մենք գրեթե երեք օր ճանապարհին էինք։

Գորիսում մեզ լավ ընդունեցին։ Բայց այնտեղ չմնացինք և գնացինք Երևան, որտեղ մի քանի օր ապրեցինք մեր ծանոթների տանը։ Դրանից հետո մեզ օգնեցին տուն գտնել Երևանից ոչ հեռու Եղվարդում, ինչի համար շատ շնորհակալ ենք մեր հարազատներից և Եղվարդի քաղաքապետից։ Սկզբում օգնություն էինք ստանում տարբեր կազմակերպություններից (իրեր, սնունդ և այլն)։ Պետությունից նպաստ ենք ստանում ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար 50000 դրամի չափով։ Ի դեպ, մայրս՝ Սինորան, ապրում է մեզ հետ։

Ամուսինս թոշակի անցավ և չկարողացավ այստեղ աշխատանք գտնել: Ո՛չ ես, ո՛չ մայրս չենք աշխատում։ Ավագ քույրս գնացել է Մոսկվայում աշխատելու, եղբայրս չի կարողացել այստեղ աշխատանք գտնել ու մեկնել է Ստավրոպոլ աշխատելու, միայն փոքր քույրս է կարողացել աշխատանքի ընդունվել Հայաստանի բանկերից մեկում։

Ես իսկապես ափսոսում եմ, որ չկարողացա բերել մեր բոլոր լուսանկարները, հատկապես մանկական: Լուսանկարների մեծ մասը մնացել է  Խնածախ գյուղում՝ ամուսնուս պապիկի տանը. մինչ մեկնելը հնարավոր չէր գյուղ այցելել։

Մենք հաճախ ընտանիքով խոսում ենք տուն հնարավոր վերադարձի մասին և միակարծիք ենք, որ ցանկանում ենք վերադառնալ։ Թեև մենք հիանալի հասկանում ենք, որ այն կյանքը, որը ունեցել ենք, այլևս չի լինի։ Բայց մեզ անվտանգության երաշխիք է պետք, առանց դրա՝ տարբերակ չկա։ Ռուսական երաշխիքը մենք արդեն տեսել ենք, ուստի դրա նկատմամբ այլեւս հավատ չունենք։ Նույնպես չենք հավատում ադրբեջանական երաշխիքին. անձամբ ես՝ չորս դուստրերի մայրս, ռիսկ չեմ անի ապրել նրանց երաշխիքով։ Անվտանգության միջազգային երաշխիքն է մնում. եթե ​​նման երաշխիք լինի, մենք պատրաստ ենք վերադառնալ։

Լսել եմ, որ Հայաստանի իշխանությունները արցախցի փախստականներին տուն կամ բնակարան ձեռք բերելու վկայականներ են տալու։ Բայց կարծում եմ, որ սա անիրատեսական է մեր ընտանիքի համար։ Այս գումարով մենք չենք կարողանա նույնիսկ մեկ սենյականոց բնակարան գնել, իսկ սահմանամերձ գյուղում, որտեղ տները էժան են, չենք ուզում ապրել։

Մենք նույնպես պատրաստ չենք ընդունել Հայաստանի քաղաքացիությունը, քանի որ եթե Արցախ վերադառնալու հնարավորություն լինի, նոր քաղաքացիությունը կարող է խանգարել մեզ։ Մեզ կարող են թույլ չտալ վերադառնալ տուն՝ պատճառաբանելով, որ արդեն Հայաստանի քաղաքացի ենք…

Ալբերտ ՈՍԿԱՆՅԱՆ

Նյութը պատրաստվել է “Ստեփանակերտ” մեդիաակումբ նախագծի շրջանակներում

f