Որտե՞ղ եք տեսել, որ մարդիկ պատերազմեն բարօրության կամ ժողովրդավարության համար

  • 19:14 07.10.2024

Նստակյաց ժողովուրդների խնդիրն այն է, որ մենք չենք հասկանում զավթիչների հոգեբանությունը։ Մեզ համար սրբությունը սեփականության իրավունքն է, պատմական արմատները, նրանց համար՝ տարածքը, որը ենթակա է նվաճման։

Բաքվի հայտնի քաղաքական գործիչ Ռասիմ Մուսաբեկովը, մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե Ալթայն է ադրբեջանցի թուրքերի հայրենիքը, չի հերքել դա։ «Ալթայը իսկապես թուրքերի նախնիների տունն է», – ասաց նա:

Բայց «մի քանի հազարամյակների ընթացքում թուրքերը հսկա տարածքները վերածեցին իրենց հայրենիքի ՝ Յակուտիա-Սախայից, Խակասիայից, Կենտրոնական Ասիայից, Վոլգայի տարածաշրջանից, Ղրիմից մինչև Կովկաս, Մերձավոր Արևելք, Փոքր Ասիա և Բալկաններ: Իսկ հայերը փախան աշխարհով մեկ՝ նախընտրելով անվտանգ և հարմարավետ կյանքը Ֆրանսիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում և հեռվից արցունքներ թափելով իրենց լքված հայրենիքի համար»,- ասաց Մուսաբեկովը։

Քոչվոր ժողովուրդների համար հող նվաճելը նպատակ է և հպարտության աղբյուր։ Էրդողանը Մանածկերտի պատմական ճակատամարտի օրը խոստովանել է, որ թուրքերը հայտնվել են այս հողի վրա 1000 տարի առաջ և իրենցը դարձրել Հայկական լեռնաշխարհի հողը։

Ի տարբերություն թուրքերի, հայերը հեշտությամբ հրաժարվում են իրենց հողերից, վերջին օրինակը Արցախն է։ Հայաստանի ղեկավարությունը պնդում է, որ տարածքները ամենակարեւորը չեն, գլխավորը բարեկեցությունն է, տխրահռչակ ժողովրդավարությունը և այլն։ Բայց եթե տարածքներն այնքան էլ կարևոր չեն, ինչու՞ աշխարհում չի դադարում պատերազմը տարածքների համար։ Որտե՞ղ եք տեսել, որ մարդիկ պատերազմեն բարօրության կամ ժողովրդավարության համար:

f