Չիվնինգի «Հակամարտությունը կանանց աչքերով» ծրագիրը մեկնարկեց

  • 11:05 08.10.2024

«Հակամարտությունը կանանց աչքերով» ծրագիրը մեկնարկեց Հայաստանում՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանանց։

Հոկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ «Հակամարտությունը կանանց աչքերով» ծրագրի մեկնարկային միջոցառումը, որը կազմակերպվել էր բրիտանական կառավարության Չիվնինգ կրթաթոշակային ծրագրի շրջանավարտների կողմից՝ Միացյալ Թագավորության դեսպանատան աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց՝ օգտագործելով բրիտանական բուհերում ուսանած մասնագետների փորձառությունն ու մասնագիտական ներուժը:

Միջոցառման առաջին հատվածում մի խումբ արցախցի կանայք կիսվեցին իրենց անձնական պատմություններով և ներկայիս իրավիճակով, ներկայացնելով, թե ինչպես են ստիպված եղել լքել իրենց տները և ինչ մարտահրավերների են բախվել։ Մասնակիցների խոսքը լի էր հուզականությամբ՝ արտացոլելով բռնի տեղահանության դժվարությունները և անհատական պայքարը:

Միջոցառման երկրորդ հատվածում բրիտանական բուհերի շրջանավարտ մասնագետները ներկայացրին իրենց իրականացրած ծրագրերը, որոնք ուղղված են աջակցելու տեղահանված կանանց: Նրանք խոսեցին այն ոլորտների մասին, որտեղ պատրաստ են օգնել, ինչպիսիք են՝ անձնական և տնտեսական հզորացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը, մասնագիտական հմտությունների ձևավորմանը և կրթական ծրագրերի աջակցությանը:

 

Նախաձեռնության կարևոր բաղադրիչներից է վեցամսյա մենթորությունը, որի ընթացքում մասնագետները կօգնեն կանանց ձևավորել կենսագրականներ, պատրաստվել հարցազրույցներին, նախաձեռնել սոցիալական ձեռներեցություն, մշակել ֆոնդհայթայթման նախագծեր, ինչպես նաև պատրաստել դիմումներ արտասահմանյան համալսարանների համար։ Բացի այդ, տրամադրվելու է հոգեբանական աջակցություն, որը կարող է զգալի դեր ունենալ՝ հաղթահարելու սթրեսը և վերականգնելու կյանքի հանդեպ վստահությունը:

Ծրագրի կազմակերպիչները կարևորեցին նաև կապերի հաստատումը Չիվնինգ կրթաթոշակառուների համայնքի և շրջանավարտների հետ, ինչը հնարավորություն կտա արցախցի կանանց օգտվել ազդեցիկ ցանցի հնարավորություններից։ Միջոցառման նպատակը ոչ միայն անմիջական աջակցության տրամադրումն է, այլև՝ երկարաժամկետ համագործակցության հաստատումը, որը կօգնի կանանց վերադառնալ իրենց մասնագիտական և անձնական կյանքին:

Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է աջակցելու այն կանանց, որոնք ստիպված են եղել հաղթահարել ծանր ժամանակներ, և այն ցույց է տալիս Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև գործընկերության նպատակը՝ նպաստել տեղահանվածների վերաինտեգրմանը։

Տաթև Ազիզյան

f