Ռուսաստանի պատասխանատվությունը․ ում են հաջորդը հանձնելու Բաքվին

  • 17:04 11.10.2024

Ի տարբերություն Ֆրանսիայի, ՄԱԿ-ի, Ռուսաստանը գտնվում էր տեղում, երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական հարձակումը  գործեց Արցախի ժողովրդի նկատմամբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, COP29-ից առաջ հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Պետք է փաստենք այն հանգամանքը, որ այսօր Բաքվում ապօրինաբար պահվող 23 ռազմագերիներից կամ պատանդառված անձանցից 18-ը գերեվարվել են Արցախում այն ժամանակ, երբ Արցախում տեղակայված է եղել ռուսական խաղաղապահ զորակազմը։ Այսինքն, նրանք գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերին։

Սա շեշտադրում եմ՝ ընդգծելու համար այն կարևորը դերը, որ Ռուսաստանը կարող է և պետք է ստանձնի հայ ռազմագերիների, պատանդառված անձանց վերադարձի հարցում, նաև օգտագործելով Բաքվի հետ ունեցած իր հարաբերությունները»,-ասաց նա:

Երեւանում գտնվող Արցախի ղեկավարները, պատմելով, թե ինչպես են գերեւարվել ռուսների պաշտպանության տակ եղած արցախյան նախկին պաշտոնյաները 2023-ի հոկտեմբերի սկզբին եւ հանձնվել Բաքվին, ապշեցուցիչ հանգամանքներ են ներկայացրել։ Նրանց խոսքով, Բաքուն ռուսներին պայման է դրել՝ կամ Արցախի նախկին ղեկավարներն են հանձնվում, կամ թույլ չեն տա մարդկանց, իմա՝ տղամարկանց դուրս գալ Արցախից։ Արդյունքում նախկին ղեկավարները հանձնվեցին, այլ կերպ ասած՝ զոհաբերվեցին։

Նման սցենարը հավանական է թվում, թեկուզ դժվար է այն հաստատել։ Սակայն մի բան ակնհայտ է՝ ռուսներին եւ Ալիեւին պետք չէին հարյուրավոր պատանդներ, նրանց պետք են որոշում ընդունողներն, որոնց կարելի է դատել հրաման տալու համար։

Սակայն ակնհայտ է, որ Արցախի նախկին ղեկավարները չեն բավականացնում Մոսկվային ու Բաքվին, ավելի ճիշտ՝ նրանք արդեն “կրել են իրենց պատիժը”։ Ալիեւը հիմա փորձում է մեղադրել ոչ թե Արցախի, այլ Հայաստանի նախկին ղեկավարությանը։ Այդ հարցում Բաքուն եւ պաշտոնական Երեւանը գրեթե համակարծիք են․ Փաշինյանը եւս պնդում է, որ նախկիները Ղարաբաղի հարցը թոկի պես փաթաթել են Հայաստանի վզին։ Իսկ “ղարաբաղյան կլանին” աշխարհի բոլոր մեղքերը վերագրելը ցույց է տալիս, թե որտեղ են տանում սլաքները։ Հնարավոր է, որ Ալիևն արդեն Բաքվում գտնվողների փոխարեն այլոց է պահանջել։

“Խաղաղության պայմանագրի” հնարավոր ստորագրման “նախաշեմին “Ալիեւի կողմից հնչեցրած պահանջը՝ դատապարտել ռազմական հանցագործություններին, եւս չի ենթադրում 90-ականների պատերազմի հազարավոր մասնակիցների “հանձնումը”։ Ակնհայտ է, որ խոսքը մի քանի հոգու մասին է, որոնց որոշ ուժեր փորձում են “ռազմական հանցագործ” ներկայացնել։

Եթե Բաքուն ռուսների միջոցով Արցախում պայման է դրել՝ կամ մի քանի ղեկավար եք հանձնում, կամ “ընտրովի” թույլ չենք տալու տղամարդկանց դուրս գալ, նույնը կարող է կրկնվի Հայաստանում։ Ճիշտ է, այստեղ դա դժվար է անել՝ Հայաստանը բլոկադայի մեջ չէ, բայց ով գիտի, թե ինչի համար են նախկին նախագահների դատական գործերը վերսկսում։

Ինչպես Գեղամ Ստեփանյանն է ասում, Ռուսաստանի դերն այս ամենի մեջ կարեւոր է։ Լրացնենք՝ ամենակեղտոտ։ Եթե մի անգամ զոհաբերել են․․․

 

f