Գիժ վարդապետ, կամ Դալի-Մահրասա․ ո՞վ էր նա

  • 12:43 14.10.2024

«․․․Ժողովուրդը գուցե մինչև հավիտյան կհիշե այն բոլոր հրաշքները, որ կատարել է նա իր կռիվների մեջ։ Երբ նստում էր իր նշանավոր մոխրագույն նժույգի վրա և կայծակի նման նետվում էր դեպի պատերազմի դաշտը, նրա ահարկու որոտալից ձայնը բավական էր թշնամուն սարսափեցնելու համար»,- գրել է Լեոն 18-րդ դարի ազատագրական պայքարի ակնառու ու խենթ դեմքերից մեկի՝ քաջակորով Ավագ վարդապետի մասին։

Նա Ջրաբերդի Մեծ Շեն գյուղից էր ու Եղիշե առաքյալ վանքի միաբաններից, բայց հոգով ռազմիկ էր և անողոք թշնամու հանդեպ։ Ապրում էր Մռավ լեռան անտառապատ լանջին  գտնվող վանքի մյուս միաբաններից առանձին, բարձր ապառաժի վրա կառուցված աշտարակի մեջ: Խորհրդավոր մթություն ուներ նրա սենյակը, որը պայմանավորված էր լուսամուտների ձևով, դրանք ավելի շատ կրակելու համար նախատեսված ծակեր էին։

Նա դարձել էր լեզգիների հոգեառ հրեշտակն ու թուրքերի սարսափը, ինչի համար թշնամին տվել էր Դալի –Մահրասա անունը, որը նշանակում է գիժ աբեղա, սակայն արցախահայության շրջանում մականունը տարածվեց թուրքերեն լեզվով ու մինչ օրս չար տղաներին արցախցիներն ասում էին Դալի-Մահրասա։

Եկեղեցու մոլեռանդությունը պատժեց գիժ վարդապետին իր կատարած արյունահեղությունների համար, նշում է Լեոն։ Սիմեոն կաթողիկոսի օրոք Ավագ վարդապետին բանտարկեցին Էջմիածնի սառցատան մեջ, ապաշխարհելու համար։

Հենց այդ ժամանակահատվածում էլ ջալալի քրդերը հարձակվում և վանքի անասունները քշում են տանում։ Վանքում իրարանցում է սկսվում, որովհետև մտածում են, որ քրդերի հաջորդ հարձակումը լինելու է Էջմիածնի վրա։ Իմանալով կատարվածի մասին, Ավագ վարդապետը խնդրում է իրեն մի ձի ու մի քանի զենքեր տրամադրեն, որոնք ստանալուց մի քանի ժամ հետո գիժ աբեղան վերադառնում է, իր հետ բերելով քրդերի տարած ավարը։ Այս ծառայությունը նպաստում է, որ ապաշխարհողին ժամկետից շուտ բաց թողնեն, պայմանով՝ որ նա այլևս մարդ չի սպանելու։ Ավագ վարդապետը սակայն ի հակառակ իր բնավորության, խոստմանը տեր չկանգնեց, քանզի Հայրենիքի թշնամիներին սպանելը մեղք չէր համարում և շարունակեց մասնակցել մելիքների ազատագրական պատերազմներին։

Նրա անունը հիշատակվում է մեկ այլ կարևոր իրադարձության մեջ․ երբ Իբրահիմ խանը խաբեությամբ կալանավորեց ու Շուշիի բանտը նետեց Մելիք Մեջլումին ու Մելիք Աբովին, ովքեր սակայն երկար չմնացին բանտում։ Նրանք կալանավորված էին առանձին տեղում։ Հենց որ կալանավորությունը լսեց Մելիք-Մեջլումի քաջ զորապետ Արզումանը, նա իր հետ առեց իր երկու աներկյուղ ընկերներին, — Դալի Մահրասային (Ավագ վարդապետին) և Զարգար Մելքումին, գիշերով մտան Շուշի բերդը և բանտի դռները խորտակելով, ազատեցին մելիքներին, գրում է Րաֆֆին։

Գիժ վարդապետի վերջին կռիվը Գանձակի համար էր, երբ Արցախի երկու մելիքները միացել էին Գանձակի Ջավադ խանին ընդեմ Հերակլի ու Իբրահիմ խանի։ Կռիվների մեջ առանձին հերոսությամբ աչքի էին ընկնում Մելիք-Մեջլումի երկու քաջերը՝ Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը) և Թյուլի-Արզումանը. առաջինը լեզգիների դեմ, իսկ երկրորդը վրացիների դեմ։ Նրանք իրենց խմբերով շատ անգամ դուրս էին գալիս պաշարված բերդից և կայծակի նման նետվելով թշնամու բանակի վրա, սարսափելի կոտորածներ անելով հետ վերադառնում։ Բայց երկու քաջերն ևս իրանց հանդուգն հարձակումների զոհը դարձան. Թյուլի-Արզումանը գնդակի հարված ստացավ Գանձակի այգեստանի մեջ, իսկ Դալի-Մահրասան սպանվեց գերեզմանատանը։

Քաջերի կորուստը Մելիք-Մեջլումին խորը ցավ պատճառեց, սակայն նա շարունակեց կռիվը, վիրավորվեց ու մահացավ Ջավադ խանի պալատում։

Վերջինս, հարգելով իր հանգուցյալ բարեկամի հիշատակը, Մելիք Մեջլումի մարմինը հանդիսավոր կերպով թաղել տվեց Գանձակի մայր եկեղեցու տաճարի աջակողմյան խորանի մեջ։ Նույն եկեղեցու գավթում ամփոփվեցին Դալի-Մահրասայի (Ավագ վարդապետի) և Թյուլի-Արզումանի մարմինները։

Հարություն Թումանյանցը մի երկարաշունչ պոեմ է նվիրել Ավագ վարդապետի կյանքին ու սխրանքներին, որն այդպես էլ կոչվում է՝ Դալի –Մահրասա։

«Սարի գլխին տխուր ժպտաց Ղարաբաղի արեւը,
Ջըրաբերդի անտառներին տուաւ վերջին բարեւը:
Զանգակները մենաստանի մելամաղձոտ ղօղանջում,
Աղօթարար սուրբ հայրերին եկեղեցի են կանչում:
Եւ ջերմեռանդ սուրբ հայրերը ահա եկան տաճարը,
Ժամերգութիւնն սկըսեցին` ձեռքին խաչ ու խաչվառը:
Ջերմ աղօթք են նոքա յղում Տէր Աստծուն ողորմած,
Որ Նա փրկի աղէտներից Հայոց ազգը որբացած:

Նայի՛ր ահա այն վիթխարի աշտարակին ահաւոր,-
Խոժոռադէմ կանգնած է նա` իբրեւ տխուր սգաւոր:
Նորա միջին նստած է լուռ մի աբեղայ դառնացած,
Իր միաբան ընկերներից անջատուած ու բաժանուած:
Չէր մասնակից երեկոյեան ժամերգութեան տաճարի –
Բազմախորհուրդ նստած է նա աշտարակում վիթխարի:
Աղօթք, մաղթանք, ժամերգութիւն չէին նորան հրապուրում,-
Նա յուզուած էր, նա այլայլուած… Նա աղօթել չէր կարում:

Արմինե Հայրապետյան

f