Արցախցիներին քաղաքացիության պահանջ դնելը խտրական է․ քննարկում

  • 15:35 14.10.2024

«Արցախցիների՝ ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրի շահառու դառնալու դիմումները մերժվում են, եթե ընտանիքի անդամներից որեւէ մեկը կամ ընտանիքի բոլոր անդամները ՀՀ քաղաքացի չեն։ Քաղաքացիության շեմ սահմանել փախստականների համար, մենք ի սկզբանե համարել ենք խտրական։ Դնել սահմանափակում այն տեսանկյունից, որ անհրաժեշտ է ստանալ ՀՀ քաղաքացիություն, այնուհետև ունենալ հնարավորություն՝ դիմելու բնակարանային ապահովման ծրագրերին, նման մոտեցումն անթույլատրելի է եւ խտրական, որովհետեւ Փախստականների մասին կոնվենցիան հավասարեցնում է փախստականներին օտարերկրացիներին։ Իսկ ՀՀ ներքին օրենսդրությունը սահմանափակումներ չի սահմանում օտարերկրացիների կամ ոչ ՀՀ քաղաքացիների համար՝ ՀՀ-ում անշարժ գույք, շարժական գույք կամ որեւէ այլ գույք ձեռք բերելու համար։ Այս դեպքում խախտվում է կոնվենցիայով երաշխավորված փախստականների իրավունքը, կառավարության այս որոշման շրջանակներում ունենք խտրականության դրսեւորում փախստականների նկատմամբ»,- այսօր հրավիրած քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը։

Նա նշեց, որ բռնի տեղահանված արցախցիներից բնակապահովման ծրագրի շահառու դառնալու համար մեծ թվով փաստաթղթեր են պահանջում։ Արցախցիների թվում կան անձինք, ովքեր ցանկություն ունեն բնակապահովման ծրագրի շահառու դառնալ, սակայն չեն կարողանում, որովհետեւ փաստաթղթային մեծ բեռի տակ են ընկնում, խճճվում են։ Կան փաստաթղթեր, որոնք պահպանված չեն, արխիվներում չկան։

«Մենք այս հարցն անհատական հայցադիմումների միջոցով ենք փորձում լուծել, այսինքն՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման մասին հայցադիմումներ ենք ներկայացնում դատարաններ։ Գրեթե բոլոր ընտանիքներում կան այնպիսի փաստաթղթեր, որոնք որոշակի ժամանակահատվածից հետո չեն պահպանվել՝ ո՛չ ամուսնության, ո՛չ ծննդյան, ո՛չ մահվան վկայականները։ Այս հարցը մեծ բեռ է լինելու դատարանների եւ պետության համար»,- ասաց նա:

f