Հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը մի շարք հակափաստարկներ է ներկայացրել Արցախից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար եւ բնակապահովման ծրագրին չդիմելու վերաբերյալ:
«Չորս ամսվա ընթացքում 1.100 դիմումի եւ տրամադրված 30 հավաստագրի փաստը ոչ թե պետք է դրոշակ սարքել ու ծածանել, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, այլ՝ ամոթից գետինը մտնել», գրում է Լիանան:
Երբ արցախցիները խոսում են իրենց բնակարանային խնդիրների մասին, Հայաստանում շատերը հակադարձում են ասելով, որ իրենց համար երկնքից մանանա չի թափվում, որ իրենց համար էլ է դժվար: Այո, դժվար է, Հայաստանը Նորվեգիա չէ, բայց ով գոնե չորս պատ ու կտուր ունի, դա հիմնական ծախսերից ազատվում է: Բռնի տեղահանված արցախցիները ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությունը չեն վատնում Դուբայում հանգստանալու համար: Բնականաբար, այդ գումարով նրանք վճարում են (ո՞վ գիտի, գուցե մի բան էլ ավելացնելով) վարձած բնակարանի համար: Այլ կերպ ասած, վերադարձնում են այնտեղ, որտեղից ստացել են:
Ի լուր հեգնողների նշենք, որ ասում են՝ դեկտեմբերին ավարտվելու է 40+10 հազար ծրագիրը: Աջակցություն է տրամադրվելու միայն խոցելի խմբերի:
Ստացվում է` տեղահանված, տուն ու հայրենիք կորցրածները մի տարի անց այլեւս խոցելի՞ չեն։ Ուզում եք ասել` մի տարում էնպես են վերականգնվել, հատկապես` մեր երկրի էս հրաշալի սիրառատ մթնոլորտում, որ բոլոր խնդիրները հաղթահարել են, ու բոլորը կարող են բնակարանի հարցն ինքնուրույն լուծել ու անցնել առա՞ջ։ Առանձնակի սադիզմի դրսեւորում է հենց ձմռանը` հունվարին ծրագիրը դադարեցնելը, երբ մարդիկ ամենաշատ ծախսն են անում ջեռուցման վրա, գրում է Լիլիթ Բլեյանը:
Գորիսում իմ կիսագորիսեցի, կիսաղարաբաղցի ընկերը ցույց տվեց ինձ այս շենքն (լուսանկարում) ու ասաց, որ ղարաբաղցիների համար են վերանորոգում: Ինչ-որ հին, լքված շենք էր նախկինում: Քաղաքապետ Առուշանյանը հատուկ վերաբերմունք ունի ղարաբաղցիների հանդեպ, ասում է իմ ընկերը:
Մեկ տարում քանի՞ այսպիսի լքված շենք կարելի էր վերանորոգել: Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում այսպիսի շենքեր կան, բայց չկա ցանկություն, չկա մոտիվացիա, չկա էնտուզիազմ:
Ժովովրդագրական, տարածքային համաչափ զարգացման խնդիրներ ունեցող Հայաստանում այսպիսի սոցիալական քաղաքականությունը պարզապես աղետ է: Լավ, ենթադրենք ՀՀ կառավարությունը մեկ տարով էլ է երկարեցնում (մեկ էլ տեսար ԵՄ, ԱՄՆ հերթական անակնկալ փոՂանցումն արեցին) 40+10 հազար ծրագիրը, միթե՞ դա խնդրի լուծում է: Մեկ տարի հետո նույն պատկերն է լինելու:
Մինչ կառավարությունը ծրագրեր է մշակում, մի աղետով անցած, մյուսի դեմ կանգնած ժողովուրդն էլ պատերազմում են սոցցանցերում.
Ձեր Քոչարյանն ու Սերժը, ձեր Հակոբջանյանը, Երեւանի երկնաքերերը, Կոնգրես հյուրանոցը, Հյուսիսային պողոտան ու Հիգերրորդ ալիքը, մեր հարկերը, չտված ջուրը…: Բա Փաշինյա՞նը… Եվրոպայից փողերը վերցնում, մեզ մի թուլափայ է տալիս, հեծանիվը, Աննայի սթորիներն ու Սրբազանի շարժումը…
Հունցու շոռ ըս տամ, էլլհա բիդի տոն ըս կյամ (ուր գնում, վերջում տուն ես գալիս):
Վերադառնալով բնակարանային խնդրին: 30 հավաստագիր: Մեկ տարի անց 30 հավաստագիր:
Քրոջս հարցնում էի, տեսե՞լ է, որ Ալիեւն իրենց տունը Ստեփանակերտում ուսանողական դորմի է վերածել: Տեսել եմ, ասում է նա, հարեւանս լինքն ուղարկել է: Նայում ենք` եւ լացում եւ ծիծաղում, ի՞նչ անենք: Այսպես, ամոթի, լացի ու “ծիծաղի” ընտրություն, որ կոչվում է բնակարանային խնդիր:
Հ.Գ. Նորվեգացի իմ մի ծանոթ Հայաստանում եւ Ղարաբաղում տեսնելով սովետական կիսաքանդ գործարաններն ու շենքերը, ասում էր․ Եվրոպայում սրանցից հաստատ կրեատիվ մի բան կմոգոնեին: Ի՞նչ ափսոս է…
Բայց իզուր է համեմատությունը, կա Նորվեգիա, կա Նիգերիա, ինչպես ասում են: Ասում են նաեւ, քյասիբն իր խելքից է քյասիբ:
Մարութ Վանյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: