Step1.am-ի զրուցակիցն է «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը։
–Կան տեսակետներ, որ ՀՀ կառավարության՝ արցախցիների համար նախատեսված բնակապահովման ծրագիրը կարծես ձախողվում է։ Համենայնդեպս ծրագրից օգտվող արցախցիների թիվը մեծ չէ։ Ի՞նչ խնդիրներ կան, ինչո՞ւ են արցախցիները հրաժարվում այս ծրագրից։
-Ի՞նչ է իրենից ներկայացնում բնակարանայի ապահովման ծրագիրը, որը կառավարությունը ներկայացրել է Արցախից տեղահանված անձանց։ Ինչպես որոշ փորձագետներ են ասում, ծրագիրը բազմաֆունկցիոնալ գործիք է Հայաստանի իշխանության ձեռքին՝ հիմնականում իր չար մտադրություններն իրականացնելու համար։ Մի կողմից այս ծրագրով իրենք ներկայանում են Եվրոպայում, ներկայացնում, թե փախստականներին դիմավորել ու տեղավորել են եւ դրա շնորհիվ միջազգային կազմակերպություններից գումարներ են ստանում։ Եվ որեւէ կերպ չեն ուզում ստեղծել մարմին, որը կվերահսկի այդ գումարների շրջանառությունը։ Մյուս գործառույթը Արցախի հարցի ամբողջական թաղումն է։ Արցախի պետությունը լուծարել են, բայց կան Արցախի հայերը, որոնք պայքարում են ինչ-որ շահերի համար։ Պետք է դա էլ վերանա։ Իսկ վերանալու համար պետք է ժողովուրդը տարալուծվի մնացած հայության մեջ կամ արտագաղթի տարբեր երկրներ։ Ինչո՞ւ, որովհետեւ այսօր Հայաստանի իշխանությունը զավթած խմբակն իր տերերի առաջ պարտավորություն է ստանձնել Արցախի հարցը հանել մեջտեղից։
Հիմա շատ են խոսում այն մասին, որ իբր թե այս ծրագիրը ձախողվել է, բայց ծրագիրը ոչ թե ձախողվել է, այլ հենց սկզբից հաշվարկված էր դրա համար։ Մեր ժողովուրդը շատ է սիրում ասել, որ Նիկոլի իշխանությունը ձախողվել է այս կամ քայն հարցում, բայց ոչ մի հարցում էլ չի ձախողել, Նիկոլ Փաշինյանը ծրագրված շատ հստակ կատարում է այն, ինչ իրեն առաջադրել է ռուս-թուրքական տանդեմը, որն էլ նրան 2018 թվականին հատուկ այդ նպատակով բերել է իշխանության։ Նրան հատուկ բերել են իշխանության, որ հայկական պետականության սուբյեկտայնությունը վերացնեն։ Եվ քանի որ Արցախից դեռեւս հայկական պետականության սուբյեկտայնության ու ազատության ստիմուլներ էին գալիս, պետք էր հենց այդտեղից էլ սկսել հայկական պետականության կազմալուծումը։ Այսինքն՝ Արցախը լուծարել, այնուհետեւ անցնել բուն Հայաստանին։
Եթե անդրադառնանք բնակարանային ծրագրի մանրամասներին, կուզեմ շեշտադրել հետեւյալը։ Նախ, հատկացնում են գումար, որով հնարավոր չէ տուն գնել։ Այսինքն՝ սա նորից լծակ է՝ ճնշելու արցախցիներին, որպեսզի քաղաքական հարցեր չբարձրացնեն։ Երկրորդ, իբր թե յուրաքանչյուր անձի տրամադրվում է 5 մլն դրամ՝ բնակարան ձեռք բերելու համար, բայց միայն որոշ բնակավայրերում տուն գնելու համար են 5 մլն տալիս։ Այս բնակավայրերի մի մասում ենթակառուցվածքներ եւ անգամ բնակֆոնդ չկա։ Մամուլում արդեն հրապարակում կա, որ այդ գուղերի մեծ մասում նույնիսկ դպրոցներ չկան։ Երկրորդ, Ադրբեջանի հետ սահմանամերձ գյուղերում տուն գնելու դեպքում է մեկ անձին 5 մլն դրամ հատկացվելու։ Բայց Վրաստանի, Իրանի կամ Թուրքիայի հետ սահմանամերձ գյուղերի համար 3 մլն դրամ են տրամադրում։ Այսինքն՝ Ադրբեջանից իրենք վտանգ են սպասում, որ կարող է հարձակում լինի, եւ Արցախի հայերին, որոնք վտանգից փախած եկել են Հայաստան ու Հայաստանի օգնությանն են ապավինել, նորից տանում են այնտեղ, որտեղ պոտենցիալ վտանգ կա։ Սա էլ երեւի լծակ է, որպեսզի Արցախից բռնի տեղահանված հայերը չգնան այդ բնակավարեր եւ գնան արտերկիր։ Ես կարծում էի, որ արտագաղթող արցախցիները քիչ են, բայց շփվելով ժողովրդի հետ՝ արդեն տեսնում եմ, որ արտագաղթելու ցանկություն ունեցողների թիվը շատանում է։
Մենք հանդիպումների ժամանակ մի քանի անգամ ասել ենք, որ արցախցիների համար ավան կառուցեն, մեզ համար կարեւորը սեփականություն ձեռք բերելը չէ, կարեւորը տանիք ունենալն է։ Բնակարան ձեռք բերելու համար արցախցիներին ստիպում են ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Որպես պատճառ է բերվում այն, որ քանի որ ՀՀ կառավարությունը երկարաժամկետ ներդրում է անում արցախցիների համար, դրա համար էլ քաղաքացիության պահանջը մտցվել է։ Ոչ, ՀՀ քաղաքացիություն ստանալու պահանջը հերթական ճնշման լծակն է։ Մենք չենք ուզում ՀՀ քաղաքացիություն ստանալ եւ այստեղ ունեցվածք ունենալ։ Առաջարկել ենք մեզ համար կառուցել ավաններ, այնտեղ մեզ տրամադրել սոցիալական հիմունքներով բնակարաններ։ Երբ որ մենք կվերադառնանք Արցախ, այդ բնակարանները կմնան որպես Հայաստանի բնակֆոնդ։
ՀՀ քաղաքացիություն ստանալու պահանջի միջոցով փորձում են լուծարել Արցախի համայնքը։ Ինչո՞ւ են արցախցիներին ՀՀ քաղաքացիություն տրամադրելու գործընթացը ձգձգում։ Սրան մի պատասխան կա՝ 2026 թվականին Հայաստանի խորհրդարանի ընտրություններ են սպասվում։ Խնդիր է դրված, որ մինչեւ 2026 թվականը արցախցիները չպետք է Հայաստանի քաղաքացի լինեն, որպեսզի չմասնակցեն ընտրություններին։ 2026 թվականին իրենց վերարտադրվելուց հետո, այնպես, ինչպես փախստականի կարգավիճակի մասին վկայականն են մեկ հրամանով տվել, նույն կերպ մեկ հրամանով բոլոր արցախցիներին ՀՀ քաղաքացի են դարձնելու։ Իրենք ասել են, չէ՞, որ արցախցիները եկել են Հայաստան՝ հեղաշրջում անելու։
Այսինքն՝ երբ վերլուծում եմ այս ծրագիրը, հանգում եմ այն եզրակացության, որ այս ծրագրով վերջին արցախցիները բնակարան կստանան 35-40 տարի հետո, ինչպես Բաքվի փախստականներից ոմանք դեռ չեն ստացել բնակարան։ Այս ծրագիրը կարող են փոխել միայն արցախցիները՝ իրենց քաղաքական պայքարի միջոցով։ Բայց, երբ արցախցիներին մի բան ենք ասում, ասում են՝ չքաղաքականացնեք։ Ի՞նչը չքաղաքականացնենք՝ աշխարհի ամենափոքր սոցիալական հարցի հիմքում անգամ ընկած է սխալ քաղաքականությունը։ Եվ աշխարհի ամենափոքր սոցիալական հարցը քաղաքական լուծում է պահանջում։ Չքաղաքականցնել նշանակում է չպայքարել սեփական շահերի համար։ Հայաստանի կառավարությունը եւ Արցախի կառավարության մնացորդներն ամեն ինչ անում են՝ բոլորին գոհացնելու համար, բացի հայ ժողովրդի շահերը սպասարկելուց։
–Ի՞նչ պատճառով են Արցախն ու արցախցին հայտնվել այս վիճակում, սա մտածված քաղաքականությո՞ւն է։
-Սա մտածված քաղաքականություն է՝ ծրագրված խոշոր քաղաքական կենտրոններում։ Այդ կենտրոններից ամենաշահագրգիռը Մոսկվան է, որը որոշել է ինչ-ինչ պատճառներով Արցախը լուծարել։ Վլադիմիր Պուտինը, իշխանությունը ստանձնելով, հայտարարեց, որ Սովետական Միության փլուզումը դժբախտություն էր, այսինքն՝ նա որոշեց Սովետական Միություն վերականգնել։ Այստեղ արդեն հայերը պետք է հասկանային իրենց գլխին գալիքը, որովհետեւ Սովետական Միության փլուզման հարցում մեծ դեր է ունեցել հայ ժողովուրդը՝ Արցախյան շարժումով։ Այսինքն՝ նրանք պետք է հասկանային, որ ռուսական սլաքներն ուղղվելու են այդ շարժման «մեղավորների դեմ։ Երկրորդ, Սովետական միությունը վերականգնելու համար ռուսները պիտի կռիվ սկսեին Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում, ինչ-որ չափով նաեւ Հայաստանում, չնայած Հայաստանում իրենց ագենտուրան շատ մեծ էր, վստահ էին, որ իրենց քաղաքականությունը կանցկացնեն, եւ այդպես էլ արեցին։ Մինչեւ հիմա ոչ ոք չի բողոքում ռուսներից, որ Արցախ են լուծարել, բոլորը մեղադրում են Նիկոլ Փաշինյանին, որը չգիտես ինչպես հայտնվել է իշխանության ղեկին։
Որպեսզի համոզվենք, որ հատկապես ռուսներն են լուծարել Արցախը, պիտի հիշենք ռուս քաղաքական գործիչների հայտարարությունները։ Օրինակ՝ պատերազմը դեռ նոր վերջացած՝ Պուտինը հայտարարում էր, որ “Ղարաբաղը Ադրբեջան է”։ Պատերազմից հետո Սերգեյ Շոյգուն հայտարարեց՝ “մենք թուրքերի հետ դժվար օպերացիա անցկացրինք Ղարաբաղում”։ Դա զինվորականի տերմինաբանությամբ նշանակում է նախօրոք նստել են, ծրագիր են գծել, այդ ծրագրով առաջնորդվել են։ Սա ռուս-թուրքական համատեղ օպերացիա էր, այսինքն՝ նախօրոք նստել են, շտաբներում ծրագրել են, թե Արցախն ինչպես պետք է լուծարեն։ Այդ օպերացիան չէր կարող իրականանալ, եթե ներսում իրենց սատարող ուժ չունենային։ Ուստի, 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո հասկանալով, որ Ադրբեջանի ձեռքով հնարավոր չէ որեւէ հարց լուծել Անդրկովկասում, նրանք հասկացան, որ պետք է նաեւ քաղաքական օպերացիա իրականացնեն Հայաստանում։ Եվ 2018 թվականին կազմակերպեցին քաղաքական օպերացիան՝ Նիկոլ Փաշինյանին բերեցին իշխանության, որպեսզի պատերազմի ժամանակ որեւէ հայ հանկարծ չփորձի դիմադրել։ Այսինքն՝ եթե ներսում իրենք այդ քաղաքական օպերացիան չանեին, ռազմական օպերացիան շատ բարդ կլիներ իրենց համար։ Այդ օպերացիայի բարդությունը կայանում էր նաև նրանում, որ հայերին ջարդուփշուր անելով՝ թույլ չտալ հայերի կողմնորոշումը դեպի Եվրոպա, ինչն էլ քպ խմբակը փայլուն իրականացրեց: Նիկոլ Փաշինյանը չի ձախողվել, նրան ռուսներն ու թուրքերը բերել են իշխանության՝ հատուկ Արցախը լուծարելու համար, հետագայում էլ Հայաստանի սուվերենիտետը վերացնելու համար։ Եվ նրանց ծրագիրը փայլուն իրականացնում են։ Այդ պատճառով է ճղճղանը այսօր լոզունգ սարքել՝ որտեղ հաց, այնտեղ կաց, այսինքն՝ մեզ պետություն պետք չէ, փորի համար պետք է ապրենք: Ի դեպ այս կարգախոսը նա օգտագործելու քսանվեց թվի ընտրություններին:
–Արցախ վերադարձի ի՞նչ հնարավորություն եք տեսնում։
-Վերադարձի թեման այսօր շատ է շոշափվում։ Բայց Հայաստանի էլիտան խոսում է վերադարձի մասին՝ առանց քաղաքական պահանջներ դնելու։ Չեն ասում՝ ո՞ր Արցախ պետք է վերադառնանք, այն, որ Ադրբեջա՞ն է, թե՞ անկախ պետություն կամ Հայաստանի մաս պետք է լինի։ Վերադարձի համար Արցախի 220 կազմակերպություններ ստորագրել են հայտարարություն։ Այդ հայտարարության մեջ 5 պայմաններ կան, եթե դրանցից գոնե մեկը խաթարվի, Արցախ վերադառնալը բացառվում է։ Պետք է անպայման այնտեղ լինի սուվերենիտետ, որպեսզի արցախցին վերադառնա։ Արցախի ու Հայաստանի հայերին որ թողնես, նորից ռուս խաղաղապահներին կբերեն Արցախ եւ նրանց հավատալով՝ կվերադառնան այնտեղ։ Սա մեզ համար մահ է, խայտառակություն է։
Այսինքն՝ այսօր Հայաստանի իշխանությունները հետեւյալ քաղաքականությունն են վարում՝ Հայաստանի ներսում արցախցիներին ճնշում են, հայտարարում են Արցախ չկա, Արցախից մի խոսեք։ Դրան զուգահեռ, իրենք Արցախի անունից հայտարարություններ են անում դրսում, ընդ որում՝ ոչ հայանպաստ: Նիկոլը նոյեմբերի 9-ի թուղթ ստորագրեց, Պրահայում հայտարարեց՝ Արցախ չկա։ Սա է նրանց քաղաքականությունը, նրանց որոշումները 100 տոկոսով ոչ հայանպաստ են։
Բայց քանի որ այս երկիրն ստեղծվել է 1988 թվականի արցախյան շարժման հիմքի վրա, երկրի առաջին ղեկավարները եղել են հենց Ղարաբաղ կոմիտեի անդամները, այս պետության հիմքում դրված է հենց Ղարաբաղը։ Եթե նրանք ուզում են Ղարաբաղը հանել մեջտեղից, ուզում են հայկական պետությունը վերացնել։ Արցախի հարցը ոչ թե սպառնալիք է Հայաստանի պետականության համար, ինչպես ՔՊ-ական դատարկագլուխներն են հայտարարում, այլ Արցախի հարցը Հայաստանի պետականության գոյության միակ պայմանն է, ինչպես նաեւ ցեղասպանության հարցը։ Պատահական չէ, որ ռուս-թուրքական տանդեմի հրամանով ՀՀ իշխանությունները հարվածում են հենց Արցախին ու ցեղասպանության հարցին։
Առիթից օգտվելով՝ հայտարարենք, որ Արցախի և ընդհանրապես Հայաստանի ճակատագրով մտահոգ մի խումբ ՀԿ-ներ հոկտեմբերի 21-ին ժամը 11-ին բողոքի ակցիա կանցկացնեն ՀՀ ԱԳՆ-ն մոտ: Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ակցիային:
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: