Սերը չի հետաքրքրվում, թե ինչ կարող ես անել. սերն օգնում է Էդվարդին և Էլմիրային հաղթահարել դժվար փորձությունները

  • 16:31 20.10.2024

Սերը չի հետաքրքրվում, թե ինչ կարող ես և ինչ չես կարող անել, ով ես դու և ով չես կարող լինել: Իսկական սերը նայում է ուղիղ սրտի մեջ:

Նիկ Վույչիչ

Այդպիսին է, օրինակ, Էդվարդի ու Էլմիրայի ճակատագիրը։

Էդվարդը ծնվել ու մեծացել է Բաքվում, իսկ Էլմիրան՝ Ստեփանակերտում։ 1988 թվականին հայտնի իրադարձությունների պատճառով Էդվարդը ստիպված է եղել տեղափոխվել պատմական հայրենիք՝ Արցախ, որից հետո, ինչպես բոլոր արցախցիները, նա վերապրել է Արցախյան առաջին պատերազմի սարսափելի տարիները՝  անմիջականորեն մասնակցելով մարտական ​​գործողություններին։

Պատերազմի ավարտից հետո նա մնում է ապրելու հայրենիքում, որտեղ մի քանի տարի անց բավականին հասուն տարիքում ծանոթանում է Էլմիրայի հետ։

«Առաջին անգամ հանդիպեցինք 2000 թվականին՝ Ստեփանակերտի պոլիկլինիկայի հին շենքի մոտ։ Այս հանդիպումից որոշ ժամանակ անց Էդվարդն ինձ առաջարկություն արեց, բայց ինձ համար դժվար էր միանգամից համաձայնվել։ Տարիքային տարբերություն ունեինք, որի հետ չէի կարողանում հաշտվել, բացի այդ՝ ախտորոշման պատճառով բարդույթներ ունեի (բնածին ուղեղային կաթված): Ինձ թվում էր, որ ես չեմ կարող լիարժեք կին դառնալ։ Բայց Էդվարդին հաջողվեց համոզել ինձ»։

Նույն տարում նրանք ամուսնացան։ Ապրում էին վարձով բնակարանում՝ առանց տարրական կենցաղային պայմանների։ Բայց այս ամենը նրանց չխանգարեց երջանիկ լինել։ Էդվարդը փորձում էր անել ամեն ինչ, որպեսզի ընտանիքն առատ ապրի։ Նրան հաճախ կարելի էր տեսնել կանաչ խալաթով Ստեփանակերտի փողոցներում։ Գեղեցիկ սիզամարգերն ու մաքուր փողոցները՝ Ստեփանակերտի սանմաքրման և կանաչապատման ծառայության աշխատակիցների վաստակն էին, այդ թվում Էդվարդի։

Էլմիրան հոգում էր տնային հոգսերը՝ ստեղծելով հարմարավետություն և ջերմ մթնոլորտ։ Պարբերաբար այցելելով Ստեփանակերտի վերականգնողական կենտրոն՝ փորձում էր պահպանել առողջությունը։ Նա Վերականգնողական կենտրոնի առաջին հիվանդներից էր, որտեղ, բացի բուժումից, հետաքրքիր էր անցկացնում իր հանգիստը և ուներ բազմաթիվ ընկերներ։

Այսպիսով, Էլմիրան և Էդվարդն ապրեցին խաղաղության և հանգստության մեջ մինչև 2020 թվականի սեպտեմբեր, որից հետո եկավ բարդ փորձությունների շրջան։ Մի քանի պատերազմներ, շրջափակում, սով, նկուղներում անքուն գիշերներ, վախ և վախի հետևանքներ, բռնի տեղահանություն և հուսահատություն։

Հիմա նրանք, ինչպես բոլոր արցախցիները, ստիպված են անորոշության պայմաններում գոյություն ունենալ հայրենիքից հեռու։

Արսեն Աղաջանյան

f