«Մենք ուզում ենք շեշտել, որ պահանջատեր ենք, տեր ենք մեր իրավունքներին»․ Արմինե Ավագիմյան

  • 17:15 22.10.2024

«Մենք ուզում ենք շեշտել, որ պահանջատեր ենք, տեր ենք մեր իրավունքներին, մեր հոգեւոր ժառանգությանը, գույքային իրավունքներին։ Ամենօրյա ռեժիմով տեսանյութերի միջոցով Ադրբեջանը մատուցում է, թե ինչպես է վերացնում Արցախը, հատկապես պատմամշակութային թաղամասերը։ Մեր ակցիաները պարբերական պետք է լինեն, հանրային լայն արձագանք պետք է ապահովենք»,- step1.am-ի հետ զրույցում ասաց «Գեն» նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Արմինե Ավագիմյանը։

Հիշեցնենք, որ արցախցիները հոկտեմբերի 21-ին ակցիա արեցին ՀՀ ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին փոխանցեցին արցախյան ավելի քան 60 ՀԿ-ների ստորագրությամբ նամակը։

Արմինե Ավագիմյանն ասաց, որ այսպիսով արցախցիները հիշեցնում են, որ ՀՀ իշխանությունը պարտավոր է միջազգային հարթակներում բարձրաձայնել արցախցիների շահերի ու իրավունքների հարցերը եւ ոչ թե հակառակը, ինչին հիմա ականատես ենք լինում։ Ըստ նրա՝ Արցախի հարցն օրակարգից հանելը շատ ծանր է անդրադառնալու Հայաստանի վրա։

«Մենք չպետք է թույլ տանք, որ Արցախի հարցն օրակագրից հանեն։ Կամաց-կամաց հրաժարվելով Արցախի հարցից, հլու-հնազանդ իրականացնելով Ալիեւի բոլոր պահանջները, մինչեւ ո՞ւր ենք հասնելու։ Հիմա ականատես ենք լինելու, թե ՀՀ իշխանություններն ինչպես են օրակարգից հանելու Արցախի հարցը։ Ընդ որում, մի շարք երվրոպական երկրներ, ԱՄՆ-ն շեշտում են այն, ինչ տեղի է ունեցել մեզ հետ, անընդհատ մեր իրավունքների ու վերադարձի հարցի մասին են խոսում, բացի Հայաստանի իշխանություններից, ինչը շատ ցավալի է։ Օրերս Հայաստանի Ազգային ժողովում քննարկում էր Արցախի վտանգված պատմամշակութային ժառանգության մասին, եւ Հայաստանի իշխող կուսակցությունը՝ ՔՊ-ն, կառավարության անդամները չմասնակցեցին այդ նիստին։ Դա ցուցադրական արհամարհանք էր, այսինքն՝ այդ հարցով նույնիսկ քննարկումների չեն մասնակցում»,- ասաց նա։

Արմինե Ավագիմյանը դիմեց արցախցիներին․ «Այդ տեսանյութերը տարածելով, լաց ու կոծով որեւէ ազդեցություն չենք ունենալու այդ գործընթացի դադարեցման վրա։ Դրա համար կոնկրետ քայլեր են պետք, ոչ թե էմոցիաներ։ Մենք ստորագրահավաք ենք սկսել change.org հարթակում, որով դիմում ենք միջազգային քրեական դատարանի դատախազին՝ քննություն սկսելու Արցախում տեղի ունեցած ցեղասպան գործողությունների փաստով։ Շատ ցավալի է Արցախի բնակչության այս անտարբեր վերաբերմունքը։ Ես տեսնում եմ, թե ինչ «մարտեր» են վարվում սոցիալական հարթակներում 40+10 հազար աջակցության համար,  բայց գույքային իրավունքների մասին շատ քիչ մարդ է, որ արձագանքում է։ Կոչ եմ անում անպայման մասնակցել այս ստորագրահավաքին, վերջում այդ ստորագրություններն անուն առ անուն տպելու ենք եւ գրավոր ներկայացնենք միջազգային քրեական դատարանի դատախազին»։

Նա հավելեց, որ Հայաստանի բնակչության վերաբերմունքն էլ է անհասկանալի այս հարցերին․ «Մարդկանց  մի մասը փառատոնների ու հրավառությունների է մասնակցում։ Ինչպե՞ս կարող ես երկրիդ տարածքի մոտ կեսը կորցնել, բայց ժողովրդիդ համոզել, որ ամեն ինչ կարգին է, փառատոններ ու հրավառություններ անցկացնել։ Դրան զուգահեռ այս ողբերգական դեպքերի կապակցությամբ Հայաստանում գոնե մեկ օր սգո օր չի հայտարարվել, որպեսզի հասարակությունը եւս զգա, թե ինչ է զգացել հասարակության մյուս հատվածը»։

Ռոզա Հովհաննիսյան