Փորձում են կոնֆետի փոխարեն ձմերուկ առաջարկել, առաջարկը իհարկե ընդունում է, բայց․․․

  • 16:09 10.08.2023

Նկարի տղուկը Տիգրանն է՝  Արցախի Մարտունի շրջանի Հեր-Հեր գյուղից:

Այս տարի նա և իր մյուս հասակակից ընկերները պետք է հաճախեին մանկապարտեզ, որի շինարարությունը ավարտին չի հասցվել շրջափակման պատճառով:

Գյուղում շատ էին սպասում մանկապարտեզի կառուցմանը. երեխաները ժամանակը արդյունավետ և ուրախ կանցկացնեին, իսկ մեծերի համար նոր աշխատատեղեր կբացվեին:

Տիգրանը նաև շատ է սիրում տարբեր համովություններ, բայց դեռ շատ փոքր է՝ չի հասկանում, թե ինչու մայրիկը ո՛չ հյութ է բերում, ո՛չ կոնֆետ: Փորձում են կոնֆետի փոխարեն ձմերուկ առաջարկել: Առաջարկն իհարկե ընդունում է, բայց միևնույն է՝ կոնֆետի մասին չի մոռանում:

Տիգրանը նաև չի հասկանում, թե ինչու տան հացը սովորականից ավելի քիչ է, ինչու տատիկն առաջվա պես թոնրից հացի թախտը ուսին տուն չի գալիս, թե ինչու այլևս փոքրիկ ավտոբուսը չի անցնում գյուղով, իսկ իրենք չեն գնում քաղաքից եկող բարեկամներին դիմավորելու:

Փոխարենը մայրիկը գիտի, որ արդեն 8 ամիս է, ո՛չ հյութ կա խանութներում, ո՛չ կոնֆետ, իսկ տատիկը գիտի, որ չի կարող առաջվա նման թախտը լցնել «թաժա» հացերով, քանի որ ալյուրը արդեն պահում են սև օրվա համար:

Տիգրանը՝ Արցախի երեխաների մարմնավորումն է, որոնք ուղղակի ուզում են կոնֆետ, հյութ, ձմերուկը միասին գլորելով աղբյուր հասցնել են ուզում, որ սառչի հետո ուտեն, ձմռանը ուզում են ձնագնդի խաղալ, հետո վերադառնալ տուն և ամբողջովին թաց շորերը վառարանի մոտ չորացնել են ուզում, պարզապես մանկություն են ուզում իրենց խաղաղ հայրենիքում:

Քրիստինա Ալահվերդյան

f