Step1.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը։
-Պարոն Շահվերդյան, Եվրոպական միության խորհրդարանը երեկ ընդունեց Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի ոտնահարման և Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձևը: ԵԽ պատգամավորները պնդում են, որ Ադրբեջանը պետք է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանն անհրաժեշտ մուտք տրամադրի Լեռնային Ղարաբաղ։ Տեղյա՞կ եք, Արցախի որեւէ պետական կառույց դիմե՞լ է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի ներկայություն հաստատեն Արցախում։ Եթե դիմել են, ի՞նչ պատասխան է եղել, եթե չեն դիմել, ի՞նչն է պատճառը։
-Ինչո՞ւ չեն դիմել, այդ հարցը պետք է տալ Արցախի մշակույթի ու արտաքին գործերի նախարարերին ու նախագահին։ Որքան ես տեղյակ եմ՝ մենք եկեղեցիների ավերման վերաբերյալ հայցեր ունենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմումների մասին որեւէ տեղեկություն չունեմ։
-Որքանո՞վ է կարեւոր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքը Արցախ, ի՞նչ խնդիրներ կլուծի դա։
– ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքն Արցախ շատ կարեւոր է, որովհետեւ դա առնվազն անկողմնակալ դիտարկման հնարավորություն կտա։ Չեմ ասում, որ կարող է գործնական ազդեցություն ունենալ Ադրբեջանի քաղաքականության վրա, բայց առնվազն մենք տեղեկություններ կարող ենք ստանալ։
-Ինչպե՞ս եք գնահատում ԵՄ խորհրդարանի այդ բանաձեւը, դրանում Ադրբեջանին նաեւ կոչ են անում կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ, անարգել ու արագ վերադարձի վերաբերյալ որոշումը։
-Ես կարծում եմ՝ վաղուց ժամանակն է, որ Եվրոպական խորհրդարանի բանաձեւերին ունկնդիր լինեն նաեւ Եվրոպական խորհրդի գործադիր մարմինները, որոնք, վստահ եմ, որ չեն կարող անվերջ անտեսել իրենց խորհրդարանի հորդորները։ Կգա մի օր, որ ստիպված կլինեն այդ հորդորները գործադրել։
-Բանաձեւում նաեւ նշվում է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած անհատի կամ սուբյեկտի նկատմամբ: Ինչ եք կարծում, այս ուղղությամբ գործնական քայլեր կլինե՞ն։
-Կրկնում եմ, եվրոպական գործադիր մարմինները չեն կարող անվերջ անտեսել իրենց խորհրդարանի որոշումները, կոչերն ու պահանջները։ Վստահ եմ՝ կգամ մի օր, որ գործընթացներ կսկսվեն նաեւ գործադիր իշխանության մեջ։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: