Ուղղակի աբսուրդ է։ Կարծես իրենց ծրագրերով փորձում են արցախցիների կամքն ու համբերությունը

  • 18:00 29.10.2024

Անահիտ Կասյանը, ՀՀ-ում ավարտելով միջնակարգ դպրոցը և բարձրագույն ուսում ստանալով ԱրՊՀում, գործուղվել է Արցախի Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքի միջնակարգ դպրոց, հաստատվել այնտեղ։ 2008-ից մինչև Արցախի տեղահանումը աշխատում էր՝ որպես դպրոցի տնօրեն։ Այժմ նրա ընտանիքը հաստատվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում։ Անահիտը փոխտնօրենի պաշտոնում աշխատանքի է անցել տեղի միջնակարգ դպրոցում։

Սիրով և կարոտով է պատմում

-Անկեղծորեն՝ շատ եմ սիրել Արցախը և, հաստատվելով Ծաղկաշատ գյուղում, օր օրի ավելի եմ կապվել հայրենի հողին, բնությանը, մարդկանց։ Թերևս դա էր պատճառը, որ որոշել եմ հիմնովին տեղափոխվել և ապրել Արցախում։ Ունեի սիրած աշխատանք, լավ կոլեկտիվ։ Ամեն ինչ ընթանում էր բնականոն հունով։ Արցախում են ծնվել երեք երեխաներս։ Իմ ամենաերջանիկ օրերն այնտեղ են անցել։

Հիշում է 44-օրյան ու 2023-ի տեղահանումը

-2020-ի պատերազմը խարխլեց ամեն ինչ։ Այդ ժամանակ տղաս զինակոչիկ էր, ծառայում էր Շուշիի ՀՕՊ ուժերում․ բոլոր եղբայրներս նույնպես ծառայության մեջ էին։ Մղձավանջային օրեր էինք ապրում, անասելի ծանր էր։ Մտքերս չէին կենտրոնանում։ Տանը մնալ չէի կարողանում։ Որոշեցի օգտակար լինել մեր զինվորներին, և գյուղում մնացած մեր ուսուցչուհիների հետ սկսեցինք հաց թխել տղաների համար։ Ամեն օր իմ անձնական մեքենայով գնում էինք Ստեփանակերտ, հաց թխում և հետ դառնում գյուղ։

Դժվարին օրեր ապրեցինք։ Պատրաստ էինք հաղթահարել անգամ անկարելին, դիմանալ փորձություններին, ամեն ինչին։ Պատերազմի ամոթալի ավարտից հետո, թեկուզ շատ ընկճված և բզկտված էինք, սակայն նորից սկսեցինք ապրել, սերունդներ կրթել ու դաստիարակել։

2022-ի դեկտեմբերին 12-ից Արցախը շրջափակման մեջ հայտնվեց։ 9 ամիս շարունակ մենք պայքարում էինք ապրելու համար։ Դիմանում էինք, մտածում, որ շուտով կբացվի կյանքի ճանապարհը։

Բայց․․․ 2023-ի սեպտեմբերի 19-ին նորից արկերի, պայթյունների ձայներ լսվեցին Արցախում։ Կրկին պատերազմ էր։ Մեկ օր տևած պատերազմը մեզ համար աղետի, կորուստների, սարսափի մի ողջ դար էր։ Առանց դադարի հրթիռակոծվում էին մեր դիրքերը, որոնք 44-օրյայից հետո շատ մոտ էին թշնամուն։ 24 ժամվա ընթացքում անմեղ կորուստներ տվեցինք։ Պատերազմը սկսվեց կեսօրին, երբ դասապրոցես էր ընթանում։ Անտանելի խուճապ էր։ Հասկանում էինք, որ անկանխատեսելի է ամեն ինչ։ Հետո հաջորդեցին ծանր օրերը, և համատարած պտտվում էին տեղահանման մասին լուրերը։

Չէի մտածում, որ պետք է լքենք Արցախը։ Հողի ուժը շատ զորեղ էր․ ուզում էինք կառչած մնալ, չհեռանալ։ Բայց ստիպված եղանք՝ մեր կամքին հակառակ տեղահանվել։ Արցախում թողեցինք մի ողջ կյանք ու անվերջանալի հիշողություններ։

Տեղահանումից հետո Ճամբարակում հաստատված արցախցի ընտանիքը դժվարությամբ է հարմարվում նոր միջավայրին, հանդիպում բարդությունների

-Շատ դժվար ու ծանր օրեր ապրեցինք սկզբում։ Հարմարվելը խնդիր էր դարձել ընտանիքիս համար։ Որպես մեթոդիստ՝ աշխատում էի մանկապարտեզում, իսկ սեպտեմբերի 1-ից աշխատանքի եմ անցել դպրոցում՝ որպես փոխտնօրեն․ միաժամանակ դասավանդում եմ հայոց լեզու և գրականություն։ Ճամբարակի բնակիչները շատ ջերմ, բարեհամբույր և ապրումակցող մարդիկ են։ Առաջին իսկ օրվանից մեզ շրջապատել են իրենց մարդկային վերաբերմունքով, հնարավորության սահմաններում՝ աջակցել։

Ապրում ենք վարձով։ Հենց սկզբից մեր ընտանիքը կանգնել է արհեստական դժվարությունների և բարդությունների առաջ։ Ինձ փախստականի կարգավիճակ չտվեցին՝ պարզաբանելով, որ առաջին անձնագիրս տրամադրվել է ՀՀ-ում։ Ինքս ծնվել եմ Արցախում, այնտեղ է անցել իմ մանկությունը։ Երեք անգամ անձնագիր եմ ստացել Արցախում, աշխատել, փաստացի ապրել Ծաղկաշատում։ Ոչինչ չօգնեց․ պատասխանեցին, որ ՀՀ քաղաքացի եմ և պետք է փոխեմ անձնագիրս։ Նույն պարզաբանմամբ տղաս ևս չստացավ փախստականի կարգավիճակ։ Իսկ աղջկաս, ում կարգավիճակը ևս նույնն է, ընդհակառակը՝ ասացին, որ ՀՀ քաղաքացիություն չեն տալիս, և նա համարվում է փախստական։ Ընդ որում, նա 14 տարեկանից ապրում է ՀՀ-ում, սովորում և այժմ աշխատում է այստեղ։ Ուղղակի աբսուրդ է։ Կարծես իրենց ծրագրերով փորձում են մեր կամքն ու համբերությունը։ Տեղահանություն ապրած և այսօր դռնեդուռ ընկած արցախահայությանը պետք է մեկ աչքով նայել․ չէ՞ որ բոլորս ենք ապրել այդ ողբերգությունները։ Իմ կարծիքով, պետական աջակցության ծրագրերը ենթակա են վերանայման։ Արցախցիները փակուղային իրավիճակում են, և մարդիկ չգիտեն ինչպես դուրս գան այս լաբիրինթոսից։

Ճամբարակ համայնքում հաստատվել էին շատ արցախցիներ, բայց գարնանը շատերը լքեցին համայնքը աշխատանք չունենալու պատճառով։ Սահմանամերձ համայնքի հանրակրթական հաստատությունում եմ աշխատում, սակայն մանկավարժի ոչ մի լրավճարից չեմ օգտվում։

Արցախցի կինը չի ընկճվում, շարունակում է պայքարել

-Չնայած այս ամենին, շարունակում եմ լավատես լինել, չկոտրվել, հաղթահարել դժվարությունները։

2020-ից հետո Հայ ավետարանչական ընկերակցության կողմից գործող բիզնես-ծրագրի մասնակից եմ եղել Արցախում։ Որոշել էի հացի և խմորեղենի արտադրամաս բացել իմ հարազատ Ծաղկաշատում։ Հայտնի պատճառներով չստացվեց։

Այժմ համայնքում բացել եմ կոսմետոլոգիական սրահ։ Ձեռք եմ բերել բոլոր սարքավորումները։ Աշխատանքիս զուգընթաց՝ փորձում եմ նաև կայանալ այս բնագավառում։ Դեռևս վաղ է արդյունքներից խոսել, բայց վստահ եմ՝ կստացվի։ Չենք կարող ձեռքներս ծալած նստել․ օրվա մեր հացը ինքներս պետք է վաստակենք։

Անահիտ Կասյանն իր հայրենակիցներին մաղթում է

-Ուժ, համբերություն, տոկունություն եմ ցանկանում արցախցիներիս։ Իհարկե, չեմ կարծում, որ ամեն ինչ լավ է լինելու։ Երբեք հոռետես չեմ եղել, բայց հայրենիք, հող, հիշողություն և անցյալ կորցրած մարդը չի կարող հոգեպես, ֆիզիկապես լավ լինել։ Միշտ ապրելու ենք կիսադատարկ էությամբ՝ լցված հիշողություններով, կարոտով։ Հայրենազրկվեցինք, քանզի ինչպես հարկն էր՝ չսիրեցինք մեր տունը, մեր ունեցածն աչքի լույսի պես չպահեցինք։ Պարտադրված ենք մեր հայրենիքը սիրել հեռվից, մտքերով և հուշերով, մինչև կգա բաղձալի օրը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f