2020 թվականի 44-օրյա պատերազմ։ Արհավիրք, որն իր անդառնալի հետքը թողեց արցախահայության վրա։ Հազարավոր տղաներ զոհվեցին հանուն Արցախի, զոհվեցին հանուն մայր հողի, որը, սակայն, մենք պահել չկարողացանք։ Այդ անձնվեր տղաներից էր Կորյուն Կառլենի Սողոմոնյանը:
Ծնվել է 1984 թվականի հունիսի 30-ին Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 2002-2004 թվականներին, ծառայել է ԼՂՀ ՊԲ շարքերում՝ զորացրվելով ավագ սերժանտի կոչումով:
2006 թվականին ընտանիք է կազմել՝ բնակություն հաստատելով հայրենի գյուղում: Գիտության և ուսման հանդեպ ծարավը նրան ստիպել է շարունակել ուսումը և ստանալ իրավաբանի մասնագիտություն:
Կորյունը՝ որպես ժամկետային զինծառայող, ծառայել է ԱՀ ՊԲ Ն զորամասում, 2014 թվականից ծառայության է անցել Ասկերանի զորամասում՝ որպես դիրքի ավագ: 2016 թվականի ապրիլի 1-ին նա մարտական դիրքերում էր՝ ընդամենը 7 հոգով:
Մարտական ընկերները պատմում են
-2016-ի ապրիլի 2-ի առավոտյան հանկարծակիի եկանք, սակայն կարողացանք մեզ հավաքել ու խուճապի չմատնվել: Մեր դիրքի դիմաց թշնամու տանկերն ու հրանոթներն էին շարված: Շնորհիվ Կորյունի վարած հմուտ ռազմագործողության՝ թշնամին խուճապի մատնվեց: Կորյունն անմիջապես կարողացավ կողմնորոշվել և շարքից հանել թշնամու 3 հրամանատարների ու անցնել հարձակման: ԱՀ ՊԲ հրամանատարությունը բարձր է գնահատել նրան և տվել լեյտենանտի կոչում՝ պարգևատրելով Բաղրամյանի անվան մեդալով: Կորյունը շատ էր նվիրված իր զինվորներին, հպարտանում էր նրանցով: Մեզ համար մեծ ցավ էր նրա կորուստը։
2020 թվականին Կորյուն Սողոմոնյանն արդեն կապիտանի կոչում ուներ, արագ արձագանքման վաշտի հրամանատար էր: Սեպտեմբերի 27-ից 35 օր շարունակ նա իր տղաների հետ կռվի դաշտում էր, կարողանում էր մտնել թշնամու թիկունք և նրանց պատճառել կենդանի ուժի կորուստներ, զենք–զինամթերք ու կարևոր փաստաթղթեր էր բերում իր հետ:
2020 թվականի հոկտեմբերի 31-ին էր: Կորյունին հնարավորություն էր տրվել մեկ օրով մեկնել տուն՝ հարազատներին տեսության:
Մայրը՝ Էլմիրա Կասյանը, հիշում է
-Կորյունը եկավ գյուղ, հանդիպեց բոլոր հարազատների հետ, կիսվեց իր մտքերով, որոնք այնքան էլ ուրախալի չէին:
Նվիրված ու պատասխանատու զինծառայող էր տղաս։ Հպարտորեն պատմում էր, որ իրեն մայորի արտահերթ կոչում են տվել: Այնքա՜ն ուրախ էր, որ զինվորներից ոչ մի զոհ ու անգամ վիրավոր չի եղել։ Նույն գիշերը Կորյունին շտապ կանչում են՝ ասելով, որ թշնամին հասկացել է, որ հրամանատարը տեղում չէ, հարձակողական գործողություններ է սկսել: Կորյունը գիշերը ճանապարհվում է։ Հմուտ հրամանատար որդիս զոհվում է ավտովթարից՝ չհասցնելով հասնել դիրքեր։ Տղայիս հանդեպ ճակատագիրը շատ անգութ գտնվեց։ Նրա բոլոր նպատակներն անկատար մնացին։ Մինչև այսօր չեմ հավատում, որ իմ առյուծ որդին, իմ Կորյունն ինձ հետ չէ: Սիրտս մղկտում է նրա կնոջ՝ Դիանայի և դստրերի համար։ Արցախի կորստից հետո կարոտն ու ցավն ավելի են ուժգնացել։
Կորյուն Սողոմոնյանն իր հավեժական տեղն է գտել Եռաբլուր պանթեոնում։ Նա սրբադասված հազարավոր իր բախտակիցների կողքին է։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: