Ուկրաինան և Մոլդովան ավելի են մոտեցել ԵՄ-ին, Վրաստանը հեռացել է. անդամակցության վերջնաժամկետը՝ 2029թ.

  • 10:19 31.10.2024

Եվրահանձնաժողովը չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 30-ին, ներկայացրեց «Ընդլայնման փաթեթ 2024»-ը, որը ուրվագծում է ինը թեկնածու երկրների՝ ներառյալ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի առաջընթացը դեպի Եվրամիություն:

Ուկրաինայում աճող ռուսական ագրեսիայի և Եվրոպայում Մոսկվայի հիբրիդային սպառնալիքի պայմաններում «ԵՄ անդամակցությունը դառնում է ռազմավարական ընտրություն», – փաթեթը ներկայացնելիս ասել է արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին առաջին անգամ ուրվագծեց կոնկրետ ժամկետ, թե ինչպես թեկնածու երկրները կարող են հասնել այս նպատակին: «Մենք լրացուցիչ գործիքներ ենք ստեղծել Արևմտյան Բալկանների երկրների, Մոլդովայի և Ուկրաինայի համար՝ օգնելու նրանց արագացնել բարեփոխումները», – ասել է նա։ «Որպեսզի նրանք կարողանան ամեն ինչ պատրաստել և դառնալ Եվրամիության անդամ մինչև Եվրահանձնաժողովի հաջորդ մանդատի ավարտը»։ Այս մանդատը կսկսվի մինչև 2024 թվականի ավարտը և կավարտվի 2029 թվականին։

ԵՄ-ին անդամակցելու հավանականությունն ամենաքիչն է Վրաստանի համար։ Ինչպես ցույց է տալիս զեկույցը, այն դեռևս չի կատարել Եվրոպական հանձնաժողովի ինը քայլից բաղկացած առաջարկությունների մեծ մասը, օրինակ՝ Արդարադատության բարձրագույն խորհրդի, Գերագույն դատարանի և դատախազության վերաբերյալ:

Մինչդեռ Ուկրաինան և Մոլդովան արդեն կատարել են իրենց առաջադրած պայմանները և գտնվում են Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների փուլում։ Բացի այդ, նրանք օգտվում են բարեփոխումներն արագացնելու աջակցության ծրագրերից. 50 միլիարդ եվրո արժողությամբ Ուկրաինային աջակցության հիմնադրամ է և 1,8 միլիարդ եվրո արժողությամբ Մոլդովայի «Աճի պլան»:

Ակնհայտ է, որ Վրաստանի իշխանությունների քաղաքականության միտումը երկիրը Եվրամիությունից հեռացնելն է, ընդգծել են Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները։ Սակայն նրանք վստահեցրել են, որ եթե պաշտոնական Թբիլիսին, այնուամենայնիվ, որոշի վերադառնալ եվրաինտեգրման ուղի, ապա պետք է սկսել երկու կոնկրետ քայլից՝ օտարերկրյա ազդեցության և «ընտանեկան արժեքների պաշտպանության մասին» օրենքների չեղարկումից։

Մանրամասն՝  DW