Արցախից բռնի տեղահանված Սուսաննա Մանուկյանի ընտանիքը բնակություն է հաստատել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։ Ընտանիքը տեղահանվել է Քարվաճառի շրջանից՝ 2020 թվականի պատերազմի հետեւանքով։ Իսկ որդու ընտանիքը բռնի տեղահանվել է 2023 թվականի ցեղասպանական գործողություննեի հետեւանքով։
Սուսաննան step1.am-ի հետ զրույցում ասում է, որ հավաստագրով արդեն բնակարան են գնել, փորձում են հարմարվել նոր կյանքին։ «8 մլն 100 հազար դրամով 3 սենյականոց բնակարան ենք գնել, բայց շատ կարոտում ենք Արցախը, այնտեղ ենք թողել սեր, ջերմություն, հող, տուն, ամենաթանկ բաները, որոնք չես կարող ինչ-որ ֆինանսի կամ գույքի հետ փոխանակել։ Մեր ամեն ինչն այնտեղ է մնացել, մեր հիշողությունները։ Այստեղ լուրջ խնդիրներ չունենք, բայց ես չեմ համակերպվում Արցախի կորստի հետ»,- ասում է նա։
Սուսաննա ասում է՝ եթե վերադարձի հնարավորություն լինի, մեծ սիրով կվերադառնան Արցախ։ «Թեկուզ չադր կխփեի, բայց կապրեի այնտեղ։ Արցախցիներից շատերն ուզում են վերադառնալ։ Բայց մեր ամենամեծ խնդիրն այն է, որ այնտեղ թուրք չպետք է լինի։ Մեր վերադարձի պայմանն այն է, որ թուրքերը թողնեն Արցախը, հետ քաշվեն, մենք վերադառնանք մեր հող ու ջուրը»,- ասաց նա։
Սուսաննայի ամուսինը մեկնել է արտագնա աշխատանքի, իսկ ինքը Վարդենիսի տարածաշրջանում գյուղատնտեսական սեզոնային աշխատանքներով է գումար վաստակում։
Սուսաննա Մանուկյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար չեն դիմել, քանի որ կարծում են՝ Արցախի քաղաքացիությունը հենց ՀՀ քաղաքացիություն է․ «Ես չեմ տեսնում որեւէ խնդիր՝ այստեղի քաղաքացի, այնտեղի քաղաքացի։ Ղարաբաղն էլ է Հայաստան, ես չեմ հասկանում, թե ինչ է Հայաստանի քաղաքացիություն, եթե Ղարաբաղը մերն է ու պետք է մերը լինի։ Եթե մեր կառավարությունը մի քիչ խորը մտածի, կհասկանա՝ դա հայկական հող է»։
Սահմանամերձ դարձած Վարդենիսում եւս անվտանգային շատ խնդիրներ կան։ Եվ չնայած անվտանգային հարցերին, միայն Վարդենիս խոշորացված համայնքում բնակություն է հաստատել 222 արցախցի ընտանիք։ «Եթե մենք Արցախում չենք վախեցել, այստեղ էլ չենք վախենում ապրել, մենք արդեն ոչ մի բանից չենք վախենում»,- ասաց Սուսաննան։
Սուսաննա Մանուկյանը նշում է, որ իրենք երբեք չեն պատկերացրել, որ մի օր Արցախն ամբողջությամբ կհայաթափվի։ «Ես այդքան ապրել եմ այնտեղ, բայց մտքովս էլ չի անցել տենց բան, չեմ էլ հավատացել։ Մինչեւ վերջին րոպեն, երբ ասացին՝ դուրս եկեք, ես չէի հավատում, որ հանձնեցին։ Ես համաձայն չեմ, որ ասում են՝ ուժ չունեինք պահելու, կոնկրետ Շահումյանի շրջան՝ Քարվաճառ թուրք չէր մտել, չէին գրավել։ Մեզ ընդամենը եկան ասացին՝ դուրս եկեք, հողերը տվել են»,- նշեց նա։
Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի խոսքով՝ արցախցի 222 ընտանիքները բռնի տեղահանումից հետո են տեղակայվել Վարդենիսի համայնքներում ու չեն հեռացել։ «Ոնց որ եկել են, այնպես էլ մնացել են, որովհետեւ ես այնքան բարերարներ եմ բերել ու իրենց ապահովել, որ իրենք Վարդենիսից ձեռ չեն քաշի։ Իրենց բնակվում են եւ քաղաքում, եւ տարբեր գյուղական բնակավայրերում»,- ասաց համայնքի ղեկավարը։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: