Կուտակային ոդիսական․ կամ էշը կսատկի, կամ էշատերը

  • 13:26 03.11.2024
Տեղեկացնում եմ, որ մեր խնդրանքով և առաջարկով, ՀՀ ԱԺ պատգամավորների 1/5-ը («Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ) ՀՀ Սահմանադրական դատարան է դիմել «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 8.1. հոդվածը Սահմանադրության 29-րդ, 60-րդ (սեփականության իրավունքը), 78-րդ (համաչափության սկզբունքը) և 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու հարցով։
Այդ մասին հայտնել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։
Այսինքն՝ վիճարկվում է օրենքի այն դրույթը, որը փոփոխվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսին և որով նախատեսվել է արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու, ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը։ Դիմումով հիմնավոր ներկայացվել է այդ դրույթի հակասությունը Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքին։
Հիշեցնենք, որ հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը գրառում է արել առ այն, որ արցախցիների կուտակային հաշիվները աննախադեպ կարգով համլրվել են։ Թե դա ինչ է նշանակում, չի պարզաբանվել։
Կուտակային համակարգն Արցախում ներդրվել է 2019 թվականի հունիսից: Արցախում աշխատող անձանցից գանձված կենսաթոշակային գումարներն ուղղվել են General Asset Management ֆոնդին:

Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգը ներդրվել է 2014թ.-ից: Կուտակային կենսաթոշակային ֆոնդի միջոցները ներկայումս կառավարվում  են «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ և «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից:

Մինչ 2019-ը միջազգային ֆոնդերը չէին համաձայնվում մուտք գործել Արցախ, սակայն 2018թ.-ում կառավարության փոփոխությունից հետո այն տեղի ունեցավ, եւ Արցախի բնակիչները դարձան այդ համակարգի շահառու, հավանաբար՝ ՀՀ կառավարության երաշխիքով։

2023-ից հետո հանկարծ պարզվել է, որ հիմնադրամն Արցախում “անօրեն” է գործել։ Եւ հիմա ՀՀ կառավարությունը ոչ թե արցախցիների շահերն է պաշտպանում, որոնց իրենց կամքին հակառակ մտցրել են կուտակային համակարգ, այլ հիմնադրամի շահերը։

Կառավարությունը չի պարտրադրում հիմնադրամին վերադարձնել “անօրեն” կուտակված փողերը, հակառակը՝ ամն ինչ անում է, որ Հիմնադրամը ոչ մի պարտավորվածություն չունենա եւ եւս 13 տարի հանգիստ տնօրինի ահռելի գումարներ։

Չէ որ կուտակային համակարգում ընդգրկված են 1974 թ-ից հետո ծնվածները, որոնք թոշակի կանցնեն միայն 13 տարի հետո։ Իսկ մինչ այդ կամ էշը կսատկի, կամ էշատերը։

 

f