Ընդամենը մեկ օր մնաց ԱՄՆ նախագահի ընտրություններին, եւ թեկնածումների, նրանց կողմնակիցների կազմը ցույց է տալիս, որ Ամերիկան հասել է խղճուկ հանգրվանի։
Արեւմտյան որոշ վերլուծաբաններ նկատում են, որ առանց Իլոն Մասկի եւ այլ տեխնոլոգիական գիգանտների սատարման Թրամփը շանս չունի։ Իսկ նրա հաջողության դեպքում աշխարհում տեխնոլոգիական հեղափոխություն տեղի կունենա, որը կիմաստազրկի «պետական սահմաններ» հասկացողությունը։
Մասկն արդեն այսօր կարող է կանխորոշել պատերազմների ընթացքը իր Սթառլինք արբանյակային համակարգով։ Էլ չենք խոսում արհեստական բանականության մարդկանց կյանք շռնդալի մուտքի մասին։
Իր հերթին, Ռուսաստանի նախագահ Պուտինը դարձել է գենետիկ նոր տեխնոլոգիաների տիրակալը եւ պատրաստվում է «կյանք» էվաճառել իրեն լոյալ աշխարհի առաջնորդներին։
Բայց դա կլինի հետո, իսկ հիմա Թրամփի եւ Հարիսի կերպարները առավել խղճուկ են թվում։ Երկուսն էլ որպես փրկության թել ինտուիտիվ փորձում են օգտագործել Արցախի հարցը, հասկանալով, որ դա եւ անցյալի, եւ ապագայի բանալին է։
4 տարի առաջ Թրամփը, թույլ տալով Արցախի 44-օրյա ցեղասպանությունը, կորցրել է այդ բանալին։ Նրա մրցակից Բայդենը կանգնեցրել է պատերազմը, հաջորդ տարի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն այդպես էլ չի համարձակվել օգտագործել Արցախի բանալին եւ աշխարհում ամերիկյան «արդարություն» հաստատել։
Հիմա Թրամփը զանգահարում է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին եւ վերահաստատում է իր «աջակցությունն Արցախի հայերին և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին»։
Դրանից երկու շաբաթ առաջ Թրամփը գրառում է արել․ «Երբ ես դառնամ նախագահ, կպաշտպանեմ հետապնդման ենթարկվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումը, մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև»։ Նա նաեւ մեղադրել է Քամալա Հարիսին, որը ադրբեջանական անցած տարվա հարձակման օրերին «ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից»:
Արամ Ա-ն Դոնալդ Թրամփին ասել է, որ անհրաժեշտ է՝ ԱՄՆ նոր կառավարությունն ամբողջական զորակցություն հայտնի իր պատմական հողերը վերադառնալու և ինքնորոշման իրավունքը վերահաստատելու Արցախի հայության արդար պահանջին՝ «հաշվետվություն պահանջել արցախահայության դեմ գործադրված ցեղասպանության համար»։
«Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից», – սեպտեմբերի 24-ին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Հայաստանի Անկախության օրվա առիթով ուղերձում:
Քամալա Հարիսը նշել է նաև, որ հավատարիմ է Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը հաշվի կառնի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը:
Ինչպես տեսնում ենք, ԱՄՆ փոխնախագահը չի հիշատակում Մինսկի խմբի առաջարկների մեջ ընդգրված ինքնորոշման իրավունքը։ Նա չի համարձակվում օգտագործել բանալի-բառը։
Թրամփի ու Հարիսի հայտարարություններն, անշուշտ, նախընտրական բնույթ ունեն, սակայն երկուսն էլ քաջ գիտակցում են, որ ինչպես 1991-ին ամեն ինչ սկսվեց Արցախից, նոր աշխարհակարգն էլ կսկսվի Արցախից։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: