Արցախի պատմամշակութային ժառանգությանը նվիրված գիտաժողով՝ Ֆրանսիայի աջակցությամբ

  • 13:09 06.11.2024

Պատմամշակութային ժառանգությունը՝ ինքնություն կերտող կոլեկտիվ հիշողություն

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում ընթանում է «Պատմության լուռ վկաները» գիտաժողովը, նվիրված Արցախի պատմամշակութային ժառանգությանը։

Գիտաժողովն իր աշխատանքները սկսել է նոյեմբերի 5-ին։ Բացմանը  խոսքով հանդես են եկել Ինալկո հիմնադրամի նախագահ Ֆիլիպ Ադվանին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչ Խավիեր Ռիչարդը, ովքեր իրենց խոսքում կարևորելով ծրագրի պատմական խորությունն ու գիտական որակը, միաժամանակ օրախնդիր են համարում Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը։

Խավիեր Ռիչարդը նշեց, որ ժառանգության պահպանությունը միայն նյութական պահպանություն չէ, այլ կոլեկտիվ հիշողության, որը կերտում է մարդկանց ինքնությունը։ Մենք վերահաստատում ենք մեր կամքը՝ հսկելու այս ժառանգությունը և ուժով տեղահանվածների հիմնարար իրավունքները, ավելացրեց նա։

Խոսքով հանդես է եկել նաև Արցախի թեմի առաջնորդ Գերշ. Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Գիտաժողովը վարել է Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի դոցենտ, «Հիշատակարան» հասարակական կազմակերպության հիմնադիր ու գիտաաժողովի կազմակերպիչ Աննա Լեյլոյան-Եկմալյանը։

Գիտաժողովի առաջին օրը բանախոսներն անդրադարձել են Արցախի ճարտարապետական հուշարձաններին, իրականացված վերականգնման աշխատանքներին և իհարկե Ադրբեջանի վարած քաղաքականությանն ընդդեմ հայկական ժառանգության։

Երկրորդ աշխատանքային օրը սկսվեց Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի նախագահ՝ Ժան-Ֆրանսուա Հուշետի տեսաուղերձով։ Ծրագրում  ներառված էին Արցախի վիմագրությանը, ձեռագրերին, արծաթագործությանն ու գորգագործությանը նվիրված ելույթներ։

Գիտաժողովի աշխատանքների ավարտին նախատեսվում է մասնակիցների հյուրընկալություն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում։

Հիշեցնենք, որ գիտաժողովը նախաձեռնել են Հայաստանում գործող «Հիշատակարան» հասարակական կազմակերպությունն ու Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտը (Inalco)։