«Խաղաղություն ուժի միջոցով»․ ինչ են սպասում Թրամփից մեր տարածաշրջանում

  • 17:03 06.11.2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին «տպավորիչ հաղթանակի» կապակցությամբ։ «Պարո՛ն նորընտիր նախագահ, ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելուն՝ հայ-ամերիկյան ռազմավարական երկկողմ հարաբերություններ կառուցելու համար՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և հետաքրքրությունների վրա», գրել է նա:

Բարձր եմ գնահատում մեր երկրների միջև առկա արդյունավետ համագործակցությունը Հարավային Կովկասում ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղության և կայունության հաստատման, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի, անվտանգային սպառնալիքների կանխարգելման գործում, ասված է պաշտոնական շնորհավորանքի մեջ։

Փաշինյանը անհամբեր չի սպասում Թրամփի օգնությանը՝ Բաքվի հետ հարաբերություններ կառուցելու գործում։ 2020 թ․ 44-օրյա պատերազմի օրերին շնորհավորեով Բայդենին նախագահ ընտրվելու կապակցությամբ, Փաշինյանը այլ բան էր սպասում․

«Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Ինչպես գիտեք, արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան, անտեսելով զինադադարի հաստատման բոլոր ջանքերը, շարունակում են իրենց համատեղ ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ՝ օտարերկրյա վարձկանների ներգրավմամբ։ Հուսով եմ, որ ձեր վարչակազմը ակտիվ քայլեր կձեռնարկի պատերազմը դադարեցնելու և հակամարտությունը համակողմանի լուծելու համար, որը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման վրա՝ իր ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով»։

Հիմա չկա ոչ ինքնորոշման, ոչ Միսնսկի խմբի մասին հիշատակում, միայն տարածքային ամբողջականություն, որը վերաբերվում է ոչ Հայաստանին։

Իր հերթին, շնորհավորելով Թրամփին, Ալիևը խոստացել է, որ «Ադրբեջանը կշարունակի իր գործունեությունը Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ»։ Այսինքն՝ կշարունակի ուժով պարտադրել Հայաստանին “խաղաղության”։ Նա գոհունակություն է հայտնել հանրապետական առաջնորդի առաջին պաշտոնավարման օրոք Վաշինգտոնի և Բաքվի միջև համագործակցության առնչությամբ:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմը տեղի է ունեցել Թրամփի նախագահության օրոք․ այն ժամանակ նա ասել էր, որ հայերը լավ են կռվում, բայց տեսնենք, թե ինչքան կդիմանան։

Օրերս Թրամփը կրկին խոսել է Արցախի մասին․ «Երբ ես դառնամ նախագահ, կպաշտպանեմ հետապնդման ենթարկվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումը, մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև»։ Նա նաեւ մեղադրել է Հարիսին, որը ադրբեջանական անցած տարվա հարձակման օրերին «ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից»:

Այս ոչինչ չնշանակող գրառումը խնդրի ոչ մի լուծում չի առաջարկում։ Ըստ երեւույթին, Թրամփը չի մասնակցելու Հայաստանի հետ կապված խնդիրների լուծմանն ու այն կթողի Թուրքիային եւ Ռուսաստանին։

Դա հաստատեց Էրդողանը, հույս հայտնելով, որ Թրամփի վերադարձը կնպաստի գլոբալ հակամարտությունների լուծմանը, այդ թվում՝ Ուկրաինայում, Գազայում պատերազմների ավարտին։

Միայն Ուկրաինա եւ Գազա, մեր տարածաշրջան քիթդ չխոթես, ասում է Էրդողանը։

Սակայն «ամփոփիչ» շնորհավորանքով հանդես է եկել Ուկրաինայի նախագահ Զելենսկին։

«Ես բարձր եմ գնահատում նախագահ Թրամփի գլոբալ գործերում «ուժով խաղաղություն հասնելու» հանձնառությունը: Հենց այս սկզբունքն է, որ գործնականում կարող է մոտեցնել արդար խաղաղությունը Ուկրաինայում: Հուսով եմ, որ մենք այն միասին կգործադրենք»,- նշել է Զելենսկին։

Վերլուծաբանները նշում են, որ Թրամփը ատում է կոնֆլիկտները եւ պատերազմները, եւ չնայած Իսրաելի հանդեպ հատուկ վերաբերմունքի, կկանգնեցնի պատերազմը նաեւ Գազայում։ Ինչպիսի՞ն կլինի «խաղաղություն ուժի միջոցով» մեթոդի կիրառումը Հայաստանի հանդեպ։ 

f