Թրամփը, Անդրանիկ Քոչարյանը եւ 44-օրյա պատերազմի բանալին

  • 12:41 07.11.2024

Հայաստանյան «էլիտա»-ում տեղի ունեցող «գործընթացներում» սկսվում է ուրվագծվել «պատասխանատվության առանցքը»։

Այսօր հայաստանյան ԶԼՄ-ները գրել են, որ Անդրանիկ Քոչարյանի ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու հարցը հետաձգվել է։ Դու մի ասա, դա կապված է 44-օրյա պատերազմի մասիn նրա պատրաստված զեկույցի հետ։

Թերթերից մեկը գրել է, որ Քոչարյանն իբր ասել է, թե իրեն հեռացնելը մեծ հարված կլինի ՔՊ-ին եւ հիշեցրել, որ 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ամփոփիչ զեկույցը դեռ ներկայացված չէ: Քոչարյանը խոստացել էր, որ հոկտեմբերին հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի և ԱԺ նիստ կհրավիրվի, սակայն չի կատարել խոստումը:

44-օրյա պատերազմի մասին զեկույցը պատասխանատվության հարց է պարունակում, եւ թեկուզ փորձեր է արվում ամբողջ պատասխանատվությունը բարդել բանակի, արցախցիների, “11 հազար դասալիքների”, Արցախի “ռուսամետ” ղեկավարության վրա, նույնիսկ հավերին է պարզ, որ դա անլուրջ է։ Եւ որպեսզի պատասխանատուն հանկարծ Փաշինյանի կառավարությունը չլինի, պետք են “գլոբալ” պատասխանատուներ, բայց ոչ Ռուսաստանն ու Թուրքիան։

Որքանո՞վ է այս ամենը կապված ԱՄՆ նախագահական ընտրություններ հետ։ Կապն ակնհայտ է․ չէ որ Քոչարյանին հանկարծ «հետաձգել են» Թրամփի ընտրվելուց հետո։

Թրամփը սերտորեն կապված է 44-օրյա պատերազմի հետ։ Չէ որ նրա նախագահության օրոք է տեղի ունեցել «ուժային լուծումը», իսկ Թրամփը, ինչպես ասում է Ուկրաինայի նախագահ Զելենսկին, «խաղաղություն ուժի միջոցով» մեթոդի կաղմնակից է։

Հայաստանի իշխող կուսակցությունը սպասում էր դեմոկրատների հաղթանակին, եւ այդ ժամանակ կարելի էր 44-օրյա պատերազմի պատասխանատվությունը դնել Թրամփի վարչակազմի վրա, որը հանցավոր համաձայնության է եկել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իսրայելի հետ Արցախի հարցով։

Հիմա խնդիրը փոխվում է․ պետք է այնպես ամեն ինչ ներկայացնել, որ Թրամփի «ուժային լուծումը» արդարացված էր, դա “խաղաղության հասնելու” միակ ճանապարհն էր, իսկ 2023-ի Արցախի ցեղասպանության եւ էթնիկ զտման համար մեղավոր պետք է ճանաչվի Բայդենի վարչակազմը։

Անդրանիկ Քոչարյանի պատրաստված զեկույցը շատ հարցերի բանալի կարող է լինել, այդ պատճառով դրա հրապարակումը հետաձգել են, մինչեւ տեսնեն, թե Ամերիկայում ինչ կլինի։ Հիմա տեսան, եւ կարելի է ենթադրել՝ շուտով զեկույցը կհրապարակվի, եւ դեմոկրատները եւս մի քանգամ “կջախջախվեն”։

Թեկուզ հիմա աշխարհի առաջնորդները, շնորհավորելով Թրամփին, խոսում են հիմնականում Ռուսաստան-Ուկրաինա եւ Իսրայել-Պաղեստին պատերազմների մասին, Արցախում Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի գնահատականը առանցքային դեր կարող է ունենալ վերոհիշյալ երկու պատերազմների «կարգավորման» համար։ Եթե 44-օրյա պատերազմի եւ Արցախի զավթման եւ բռնի տեղահանության արդյունքները լեգիտիմ ճանաչվեն, ուրեմն՝ բոլոր հակամարտություններն այլեւս այդպես էլ կլուծվեն։

Ուշադիր հետեւնք Անդրանիկ Քոչարյանի ճակատագրին։

f