Նոյեմբերի 9-ի անտանելի ցավը՝ ոչ միայն կորուստներ, այլև նվաստացուցիչ անզորություն և դավաճանության զգացում

  • 13:59 09.11.2024

Վիրավոր Շուշի, Ղազանչեցոցը՝ հրետակոծությունից հետո

Նոյեմբերի 9-ը յուրաքանչյուր արցախցու սրտում արձագանքում է անտանելի ցավով՝ ոչ միայն ծանր կորուստների, այլև նվաստացուցիչ անզորության և դավաճանության զգացողությամբ:

Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրողները տարբեր կերպ են մեկնաբանում դրա կատարումը: Ալիևը արհամարհում է հայտարարությունները և բացահայտ ասում է, որ պատերազմից 3 տարի անց ստիպել է Հայաստանի կառավարությանը ճանաչել Արցախը որպես «Ադրբեջան» և հանձնել Տավուշի շրջանի 4 հայկական գյուղերը:

Հայաստանի կառավարությունը, իր հերթին, ձևացնում է, թե ամեն ինչ վերահսկողության տակ է և ընթանում է ըստ պլանի՝ չընդունելով պարտվողական քայլերը և ցույց տալով, որ պատրաստ է ամեն գնով կառչել իշխանությունից՝ ոչնչի առջև կանգ չառնելով:

Հայաստանի կառավարության ներկայացուցիչներն ասում են, որ կցանկանային «խաղաղության պայմանագիր» կնքել Բաքվի հետ մինչև COP29-ը, քանի որ համաժողովից հետո Բաքուն, իբր, կարող է վերսկսել ռազմական գործողությունները։

ՄԱԿ-ի COP29-ի մեկնարկին մնացել է երկու օր, սակայն Հայաստանի ԱԳՆ-ն արդեն հայտարարել է, որ պայմանագրի տեքստը համաձայնեցնել չի հաջողվել: Բաքուն, իր հերթին, առաջ է քաշել նոր պայմաններ՝ եվրոպական դիտորդների հեռացում սահմաններից և Հայաստանի կողմից ռազմականացման մերժում: «Պայմանագիրը» մտել է փակուղի, և այժմ բոլորը սպասում են, թե ինչ կասի Թրամփը։

Միևնույն ժամանակ, ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն, ո՛չ էլ արևմտյան միջնորդները չեն խոսում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման հարցում Ռուսաստանի դերի մասին, թեև Պուտինը խոստովանել է, որ ինքն է դրա հեղինակը: Ըստ այդ հայտարարության՝ ռուսական զորքերը ապօրինի կերպով մտցվել են Արցախ, բացի այդ, Հայաստանը պարտավորվել էր առանց մի կրակոցի հանձնել Քարվաճառի, Քաշաթաղի և Աղդամի շրջանները: Ռուսաստանն իր վրա էր վերցրել Բերձորի միջանցքի անվտանգության ապահովման և նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի կատարման երաշխավորումը:

Սակայն չանցած 4 տարի՝ ռուսական զորքերը դուրս բերվեցին, Ակնայում փակվեց ռուս-թուրքական համատեղ հետախուզական կենտրոնը, մեկ տարի շարունակ Բերձորի միջանցքը ենթարկվեց շրջափակման, և արդյունքում Արցախը հայաթափվեց և օկուպացվեց։ Ինքը՝ Պուտինը, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նույնիսկ մեկ անգամ չի հիշատակել հայերին և չի խոստացել պաշտպանել նրանց: Այնտեղ խոսքը վերաբերում է «բնակչությանը», «փախստականներին», իսկ «բնակչություն» ասվածը կարող է նշանակել ցանկացածին։

Այսպիսին է իրավիճակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից 4 տարի անց: Հայաստանի 44-օրյա պատերազմի ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովը մինչ օրս զեկույց չի ներկայացրել և քաղաքական գնահատական չի տվել կատարվածին։

Պատերազմից անմիջապես հետո հայ իշխանամետ շրջանակները փորձում էին դրա մեղքը բարդել բանակի, արցախցիների վրա, ովքեր լավ չկռվեցին, նախկինների առած “իսկանդերների”, որոնք չկրակեցին, առհասարակ, բոլորի, բացի Հայաստանի կառավարությունից և նրա արտաքին գործընկերներից։ Դեռ բանտում են նախկին բարձրաստիճան զինվորականներ, ովքեր մեղադրվում են 44-օրյա պատերազմի ժամանակ որոշ բարձունքներ հանձնելու մեջ։

Բայց արդեն ակնհայտ է, որ հանձնաժողովը չի կարող մեղադրել բանակին կամ Արցախի ժողովրդին, չի կարող մեղադրել սեփական իշխանությանը, Մոսկվային ու Բաքվին։ Դրա համար էլ զեկույցը չեն հրապարակում։

Դատելով Ալիևի հայտարարություններից՝ մեղադրանքները կուղղվեն Արևմուտքին՝ Հայաստանին ինքնապաշտպանության «դրդողներին»։ Եվ հեռու չէ այն օրը, երբ Բաքուն, Մոսկվան և Երևանը միահամուռ մեղադրանքներ կհնչեցնեն արևմտյան երկրներին, որոնք բանաձեւեր են ընդունել ի պաշտպանություն հայերի, Մինսկի խմբին և այլ լեգիտիմ միջազգային կառույցներին, որոնք պնդում էին Արցախի ինքնորոշումը և Հայաստանի իրավունքները։

Հայաստանը համառորեն հետ չի վերցնում իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի հայտարարության տակ, թեև այն կատարվել է միայն հայկական հողերի հանձնման մասով։ Հայաստանի կառավարությունն ակնկալում էր ստորագրել «խաղաղության պայմանագիր», որը “կավարտի” նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Բայց քանի դեռ «համաձայնագիրը» ստորագրված չէ, և կառավարությունը հետ չի վերցրել իր ստորագրությունը, նոյեմբերի 9-ի հայտարարությունը ուժի մեջ է։

Նաիրա Հայրումյան