Մարտունու շրջանի բնակիչ, արցախցի Արմենուի Քարամյանը զարմանում է իր կյանքի պատմությունը պատմելու խնդրանքից։ Կինը հավելում է, որ իր ճակատագիրն այնպիսին է, ինչպես Արցախի կանանց մեծամասնությանը։
Նա երեխա էր, երբ առաջին արցախյան պատերազմը խլեց իր հորն ու տունը։ Նոր վայրում մայրը մեծացրեց նրան, կրթություն տվեց, ամուսնացրեց։ Արմենուին սկսեց ստեղծել իր տունը, երեխաներ ունեցավ, բայց 44-օրյա պատերազմը խլեց տունը, գյուղը և ստեղծած աշխարհը։ Նոր վայրում կրկին սկսեցին ամեն ինչ զրոյից, սակայն սկսվեց 2023 թվականի պատերազմը և Արցախի բնիկ բնակչության բռնագաղթը։
«90-ականների պատերազմի ժամանակ հորս կորցնելուց հետո իմ ընտանիքն ապրեց ծանր կյանք։ Ես միշտ երազել եմ երջանիկ, անհոգ կյանքի մասին ինձ ու հարազատներիս համար։ Սակայն յուրաքանչյուր պատերազմ ավերում էր ամեն ինչ և ստիպում սկսել զրոյից։ Այսօր, կրկին անգամ ամեն ինչ կորցնելով և հարկադրաբար գտնվելով Հայաստանում, ես ընտրության առաջ եմ՝ նորի՞ց սկսել ստեղծել, թե՞ թողնել ամեն ինչ այսպես, վերադարձի հույսով»։
Դիլիջանում Արմենուիի ընտանիքը բնակվում է երկու սենյականոց բնակարանում։ Մինչ այդ նրանք ստիպված էին մի քանի անգամ փոխել բնակատեղին, մինչև գտան վարձավճարի առումով հասանելի բնակարան։ Դուստրերը շարունակում են ուսումը։ Ընտանիքի մեծահասակ անդամները երկար ժամանակ աշխատանք էին որոնում։ Ինքը աշխատանք գտավ Գեղարքունիքի Անտառամեջ գյուղի դպրոցում։ Ամեն օր ստիպված է տասնյակ կիլոմետրեր անցնել։ Ամուսինը, չնայած փորձին և կրթությանը, աշխատում է որպես պահակ։
Երբ ստիպված էին լքել Արցախը, Արմենուին կարողացավ վերցնել միայն անհրաժեշտ հագուստ երեխաների համար և փաստաթղթեր։ Բոլորին շտապ տարհանում էին։ Հեռանալիս նա պոկեց մի նուռ պարտեզից։ Նուռն ու սրտերում եղած հիշողություններն՝ այն ամենն են, ինչ մնացել է Հայրենիքից։
«Չէի մտածում, երբ պոկում էի նուռը ծառից։ Միայն հետո հասկացա, որ դա վերադարձի հույսն էր, և այն ավելի ուժեղ է, քան իրականությունը։ Այդ պատճառով մենք չենք շտապում դիմել քաղաքացիության համար, և բնակարանային ծրագրի մանրամասները դեռ չենք ուսումնասիրել։ Երբ մենք՝ արցախցիներս, շփվում ենք միմյանց հետ, բնականաբար, խոսում ենք սոցիալ-կենցաղային դժվարությունների մասին, որոնք անհնար է ինքնուրույն հաղթահարել։ Բայց ամենից շատ խոսում ենք մեր կողմերի մասին, որտեղ ծնվել և մեծացել ենք։ Հիշում ենք աղբյուրներն ու մարգագետինները, եկեղեցիներն ու թթաստանները, հարևաններին ու մեր անցյալի կյանքի պատմությունները։ Բոլորս խոսում ենք վերադառնալու ցանկության մասին, բայց նաև հասկանում ենք, որ վերադարձը հնարավոր է միայն մեր միջազգային իրավունքների՝ ազատության, անվտանգության, արժանապատիվ կյանքի բոլոր պայմանների ապահովման դեպքում։ Մեր օրենքների, բանակի, մշակութային և պատմական արժեքների վերադարձի պայմաններում։ Այդ ժամանակ հնարավոր կլինի ասել, որ այս աշխարհում արդարություն կա»։
Ալվարդ Գրիգորյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: