Ավետարանոցի դպրոցի 150-ամյակը և գրքի շնորհանդեսը

  • 18:04 12.11.2024

Ասկերանի շրջանի Ավետարանոցի Իվան Աթայանի անվան միջնակարգ դպրոցի 150-ամյակին էր նվիրված Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպված հանդիսավոր միջոցառումը։ Դահլիճը մարդաշատ էր։ Ներկա էին հյուրեր, մելիքանիստ Ավետարանոցի տարբեր սերունդներ, որոնց համար հայրենի գյուղը սրբության սրբոց է, իսկ դպրոցը՝ հավերժ լույսի տաճար։

Ողջույնի խոսքով հանդես է եկել Ավետարանոցի դպրոցի շրջանավարտ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Աթայանը։

-Օրվա միջոցառումը մեծ խորհուրդ ունի։ Արցախից հեռու նշվում է հարազատ կրթօջախի 150-ամյակը և հետայսու նշվելու են Արցախի բոլոր կրթօջախների, գյուղերի հերթական ամյակները, ճանաչված արցախցիների հոբելյանները, միաժամանակ շարունակվելու է պայքարը վերստին մեր հող ու ջրին վերադառնալու, ի վերուստ Հային պատկանող հողը շենացնելու և հայաշունչ պահելու համար։

Հիշարժան օրվան է նվիրված <<Ավետարանոցի դպրոց-150>> գրքի շնորհանդեսը։ Գիրք, որը դպրոցի անցած ողջ ճանապարհի, 150 տարի լույսի տաճարում լույս սփռած բոլոր ուսուցիչների, Արցախի ազգային-ազատագրական պայքարում անմահացած շրջանավարտների և անվանի մարդկանց մասին է։ Գրքի նյութերը հավաքելու, գրելու համար և խմբագրելու համար ամիսներ էին հարկավոր։ Հեշտ չէր կարճ ժամանակահատվածում Ավետարանոցի 150-ամյա դպրոցի և գյուղի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն հավաքել։ Գրքի տպագրման համար օգնեցին ինչպես ՀՀ տարբեր գրադարաններում, խմբագրություններում և անհատների մոտ եղած նյութերը, այնպես էլ ավետարանոցցիների անհատական և հավաքական հիշողություններն ու տեղեկությունները։ Գրքի տպագրությունը հովանավորել են շրջանավարտներ Ժիրայր Աթայանը, Արտիկ Մնացականյանը, Վրեժ Թադևոսյանը, ինչպես նաև ստեղծվել է խմբագրական խորհուրդ։

Մեծարանքի և հպարտության խոսքեր հնչեցին անվանի մանկավարժ, լավագույն տնօրեն, ԽՍՀՄ ժողովրդական ուսուցիչ Իվան Աթայանի և դպրոցում դասավանդած բոլոր ուսուցիչների մասին, ովքեր կրթությունն ու գիրն արժևորող, կրթության համար աննահանջ մարտիկներ էին։

Ելույթներն անսպառ էին՝ լի ցավով, կարոտով, հավատով։ Հայաթափված Արցախում տեղի է ունենում մշակութային ցեղասպանություն, պետք է կարողանալ տեր կանգնել ժառանգությանը: Կրթական, մշակութային օջախների մասին պետք է անպայման գրի առնել, ինչպես նաև մեծարել նվիրյալ բոլոր ուսուցիչներին՝ շարունակելով նրանց գործը։

Հիշողություններով են կիսվել դպրոցի սաները և դասավանդած ուսուցիչները։ Արցախից հեռու արցախահայության նպատակը մեկը պետք է լինի՝ լինել միասնական, երբեք չկորցնել իրար հետ կապը և պատրաստ լինել վերադարձին՝ պահպանելով համայնքային ավանդույթները, Արցախյան բարբառն ու սովորույթները։

Մինչև միջոռառումն սկսվելը՝ ներկաները այցելել են Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել անմահացած հերոսների հիշատակին։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f