Ազատություն
Հաագայի դատարանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում այսօր մերժեց Բաքվի ներկայացրած բոլոր նախնական առարկությունները։
3 տարի առաջ սեպտեմբերին Հայաստանը հայց էր ներկայացրել միջազգային այս ատյան՝ Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։
Անցած տարի ապրիլին Ադրբեջանը ներկայացրել էր իր նախնական առարկությունները։
Դատարանը գտավ, որ «Հայաստանն իրական ջանք է գործադրել քննարկման մտնելու Ադրբեջանի հետ՝ նպատակ ունենալու լուծել վեճը, որը պահանջում է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի 22-րդ հոդվածը»։
Դատարանը գտնում է նաև, որ այս բանակցությունները դարձել են անպտուղ։ Այս պատճառներով եզրակացրել է՝ Ադրբեջանի առաջին նախնական առարկությունը ենթակա է մերժման։
Բաքվի երկրորդ առարկությունը վերաբերում էր դատարանի իրավազորությանը, որը ևս մերժվեց։
Իսկ երրորդը Հայաստանի այն պնդման մասին էր, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքով հայերը համակարգված խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգման բռնության են ենթարկվել՝ Բաքուն սպանություն, խոշտանգում է կատարել հիմք ունելով մարդկանց էթնիկ ծագումը։ Դատարանը հայտնեց, որ ռասայական խտրականությունը ճանաչելու համար պետք է մանրամասն ուսումնասիրել փաստերն ու նյութերը, և վարույթի այս փուլում այս հարցը չի կարող որոշվել։
«Սրա լույսի ներքո դատարանը պետք է համոզվի, թե արդյոք տվյալ գործողությունները, որոնց վերաբերյալ բողոքում է Հայաստանը, ի զորու են ապացուցել խտրական վերաբերմունքը, որի հիմքում եղել է տուժողների հայկական էթնիկ ծագում ունենալը», – հայտարարեց Հաագայի դատարանը։
Դատարանը նաև ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի նախնական առարկությունները, որոնք վերաբերում էին դատարանի առարկայական իրավազորությանը։
Այս վճռից անմիջապես հետո ՄԱԿ-ի արդարադատության դատարանը հրապարակեց «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով իր վճիռը։ Ըստ այդմ՝ Հայաստանի երկու նախնական առարկությունները բավարարվեցին, մեկը մերժվեց։ Ադրբեջանը իր հայցը ևս ներկայացրել է նույն կոնվեցիայի շրջանակներում՝ պնդելով, թե «էթնիկ հայերը պայթուցիկներ ու ականներ են տեղադրել ադրբեջանցիներին վնասելու նպատակով», «միտումնավոր ոչնչացրել են» Ադրբեջանի բնական ռեսուրսները։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը X-ում հավելել է, որ դատարանը եզրակացրել է, որ իրավասու է քննելու պատերազմի ընթացքում և դրանից հետո (2020-2023թթ.) սպանությունների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի մասին հայկական պնդումները։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: