Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը զրուցել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Գազայի ներկայիս իրավիճակը, Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունները և Ադրբեջանի ու Հայաստանի միջև «խաղաղ գործընթացի առաջընթացը»։
Բլինքենը ավարտում է իր գործունեությունը որպես պետքարտուղար: Նրա պաշտոնավարման և դեմոկրատական վարչակազմի ղեկավարման ընթացքում Արցախում տեղի ունեցան դրամատիկ իրադարձություններ, որոնք ավարտվեցին Արցախի լիակատար օկուպացիայով, ցեղասպանությամբ և բնիկ հայ բնակչության բռնագաղթով: Սա կմնա որպես անջնջելի բիծ դեմոկրատական վարչակազմի վրա:
2023 թվականի սեպտեմբերի 17-ին, սեպտեմբերի 19-ի ագրեսիայից երկու օր առաջ, ԱՄՆ ներկայացուցիչը մասնակցել է գաղտնի հանդիպման Կոստանդնուպոլսում, որտեղ Ռուսաստանի և ԵՄ ներկայացուցչի հետ միասին հավանություն է տվել հայ ժողովրդի ցեղասպանությանը:
2023 թվականի հուլիսին, երբ Արցախը գտնվում էր խիստ շրջափակման մեջ, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հույս էր հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում: «Մենք հավատում և հուսով ենք, որ դա հնարավոր է։ Կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է համատեղ ջանքեր գործադրեն, որպեսզի դա հնարավոր լինի: ԱՄՆ-ն կարծում է, որ դա ճիշտ մոտեցում է», – ասել էր Քվինը։ Նրա խոսքով՝ կողմերը պետք է միասին գործեն՝ ապահովելու համար Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը։ Խոսվում է համապատասխան երաշխիքների անհրաժեշտության մասին։ «Մնում է գտնել այդ ճանապարհը», – ասել էր Քվինը։
Ամենալավ երաշխիքը, ւստ երեւույթին, ցեղասպանությունն էր, և երկու ամիս անց Արցախը հայաթափվեց։ Բայդենի վարչակազմը, որը պետք է պաշտոնավարի ևս երկու ամիս, դեռ փորձում է հասնել Երևանի և Բաքվի միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, որտեղ Արցախը չի հիշատակվում։ Բլինքենը «խաղաղության պայմանագիր» է քննարկում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ։ Այն նույն Թուրքիայի, որը դեռևս չի պատասխանել Հայոց ցեղասպանության համար։
Բայդենի վարչակազմը ամոթխած լռում է այն հարցի շուրջ, թե արդյո՞ք Արցախը համարում է անվիճելիորեն Ադրբեջանի մաս: Ի վերջո, 30 տարի շարունակ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պնդում էր, որ դա վիճահարույց հարց է, որը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Սակայն այժմ ԱՄՆ-ն ասում է, որ կարելի է նաև ռազմական ճանապարհով։ Խորհրդային սահմանները սրբազան են, ինչ կա որ:
ԱՄՆ-ն դեռ երկար ժամանակ կվճարի 2020-2023 թվականների Արցախում իր դիրքորոշման համար։ Բայդենի վարչակազմին մեղադրում են Աֆղանստանից և Իրաքից փախուստի մեջ, սակայն պատմաբանները մի օր կպարզեն դեմոկրատների ձախողման հիմնական պատճառը. վերաբերմունքը Արցախի նկատմամբ՝ որպես ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական անզորության մարմնավորում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: