Շրջափակման պարտադրած դժվարություններին հակառակ՝ ՀԲԸՄ-ը շարունակում է հավատարիմ մնալ իր ավանդույթներին և իրականացնել մի շարք բարեգործական ծրագրեր: Կրթական ծրագրերի նպատակն է` բիզնես գիտելիքներ և հմտություններ փոխանցելու միջոցով ոչ միայն բարելավել կենսամակարդակը, այլ նաև դրական ազդեցություններ տարածել Արցախում: Դասընթացների ընթացքում մասնակիցները սովորում են գրագետ բիզնես պլան մշակելու արվեստը, ամեն ինչ բիզնեսի մասին: Վերջնական փուլում իրենց բիզնես պլանը ներկայացնելուց հետո դիմում են դրամաշնորհներ ստանալու համար:
“Կին ձեռներեցների” դասընթացն ավարտած կանայք Արցախում ստացել են հավաստագրեր, իսկ լավագույն արդյունք գրանցածները՝ նաև մրցանակային դրամաշնորհներ: ՀԲԸՄ այս ծրագիրը միտված է զարգացնել Հայաստանի և Արցախի կանանց ձեռնարկատիրական գիտելիքները և հմտությունները: Ձեռք բերած գիտելիքների և դրամաշնորհների միջոցով ծրագրի մասնակիցները հնարավորություն են ստանում կյանքի կոչել իրենց գաղափարները, գործող բիզնեսը: ՀԲԸՄ Արցախի գրասենյակի աշխատակից Ռոզա Սայադյանի խոսքով՝ մասնակիցները մեծ հետաքրքրություն և աշխատասիրություն են դրսևորել եռամսյա դասընթացների ընթացքում: 60 դիմորդներից ընտրվել են 23-ը, իսկ ծրագրին մասնակցել են 20 հոգի:
Սննդաբան Գայանե Ղարայանը ներկայացրել է բիզնես պլան քաշի կարգավորման կենտրոն ստեղծելու մասին: “Լաչինի միջանցքի փակված մնալը խոչընդոտում է բոլոր դիմորդների բիզնես ծրագրերի իրականացմանը: Իմ ծրագրին մեկնարկ տալու համար անհրաժեշտ մարզասարքը գտնվում է Երևանում: Դասընթացների շնորհիվ կիրառելի գիտելիքների շատ մեծ բազա եմ ստացել: Յուրաքանչյուր դասը հագեցած էր և պահանջում էր պարտադիր ներկայություն: Մասնագետների հետ քննարկում էինք անցկացնում թեմայի վերաբերյալ բոլոր հարցերի շուրջ՝ մարկետինգ, շփում, հոգեբանություն, էթիկա, նամակագրություն, ֆինանսներ և այլն”, ասում է նա:
Ստեփանակերտի բնակիչ Ռիմա Հայրապետյանն է հաղթող ճանաչվել Համով Բոստան ծրագրով և ստացել է 2 միլիոն դրամ դրամաշնորհ, որի միջոցով ձեռք է բերելու մոտոբլոգ (ջերմոցի աշխատանքի համար առաջնային սարքավորում), հովացնող հավասարակշռված համակարգեր, ցանկապատման համար կիրառելի երկաթե սյուներ:
Հաշվի առնելով Արցախում ստեղծված իրավիճակը, ՀԲԸՄ-ը փորձել է աջակցել Կին ձեռներեցներ ծրագրի բոլոր մասնակիցներին: Նրանք ևս ստանալու են դրամաշնորհներ:
Տաթեւ Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: