Առաջանում է նոր խնդիր՝ կապված Արցախում սեփականության ոչնչացման հետ

  • 15:00 18.11.2024

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ոչնչացնել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի թաղմասերն ու շինությունները։ Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը տեղեկություն է տարածել․ ուրբաթ օրը տարածված տեսանկարահանումները փաստում են, որ ադրբեջանական վարչակազմը սկսել է քանդել Ստեփանակերտի համալսարանական հանրակացարանին հարող եւս մեկ բնակելի թաղամաս: Քանդվել են 4 բազմաբնակարան բնակելի շենք եւ ԼՂՀ Պաշտպանության նախարարության 3 վարչական շենք։ 2024 թվականի ամռանից ի վեր ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում հողին է հավասարեցրել առնվազն 15 բազմաբնակարան շենք։

Նշենք, որ վերջերս տարածված տեսանյութերից նաեւ պարզ էր դարձել, որ Ադրբեջանն ավերել է Ստեփանակերտի Թումանյան թաղամասը, որը քաղաքի հին թաղամասերից է։

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին, ասել էր․ «Այն, ինչ անում է Ադրբեջանը Ստեփանակերտում, մշակութային զտում է: Ավերելով Ստեփանակերտի հին թաղամասերը՝ նա փորձում է Ստեփանակերտից հայկական հետքը ջնջել: Մեր քաղաքի պատմական դիմագիծը վերացվում է միջազգային հանրության աչքի առաջ: Քաղաքակիրթ աշխարհն էլ լուռ հետևում է մի ամբողջ քաղաքակրթության վերացմանը։ Հերթական անգամ համամարդկային արժեքները և միջազգային մարդասիրական իրավունքը ստորադասվում են քաղաքական շահերին»։

Սերգեյ Շահվերդյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ են Ադրբեջանի իշխանությունները հատկապես ոչնչացնում Ստեփանակերտի հին թաղամասերը։ Ըստ Շահվերդյանի՝ սա Արցախում հայկական հետքի վերացման քաղաքականության շարունակությունն է։ «Պատմական թաղամասերի շինությունների զգալի մասը պատմամշակութային հուշարձանների ցանկում են ներառված, եւ այս կամ այն ձեւով ամբողջ թաղամասը կապված է մեր անցյալի, քաղաքի ստեղծման ու զարգացման հետ։ Այդ թաղամասերի ամբողջական քանդումը երկու նպատակ ունի՝ առաջին նպատակը մեզ վերադառնալու հնարավորությունից զրկելն է։ Երկրորդը՝ ադրբեջանական իշխանությունները փորձում են դրանով նվազեցնել քաղաքի բնակելի ֆոնդը։ Մենք բոլորս գիտենք, որ Ադրբեջանի իշխանություններին չի հաջողվում ադրբեջանցիներով բնակեցման գործընթացն իրականացնել իրենց ուզած չափով»,- ասաց Սերգեյ Շահվերդյանը։

Հարցին՝ եթե քանդվում են արցախցիների տները, սեփականության իրավունքը հարցը փակվո՞ւմ է, Սերգեյ Շահվերդյանը պատասխանեց․ «Ոչ, ընդհակառակը առաջանում է նոր խնդիր՝ կապված Ադրբեջանի իշխանությունների կողմից սեփականության ոչնչացման հետ։ Եվ արդեն կան դեպքեր, երբ միջազգային դատարաններ են դիմել մարդիկ՝ փոխհատուցում ստանալու ոչ թե հողի համար, այլ հենց շինության, սեփականության ոչնչացման համար։ Եվ ես վստահ եմ, որ եթե այդ գործընթացը թափ ստանա, եւ արցախցիների էական մասը դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հարցը մեզ համար կստանա դրական ընթացք»։

Շահվերդյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ որեւէ իրավապաշտպան կազմակերպություն մինչ այժմ չի ուզում իր վրա վերցնել խորհրդատվություն իրականացնելու գործառույթը։ «Իսկ առանց իրավական խորհրդատվության միջազգային դատարաններ դիմելու խնդիրը գրեթե անլուծելի է։ Մենք հիմա փորձում ենք հասկանալ՝ արդյոք որեւէ իրավապաշտպան կազմակերպություն կամ անհատ իրավապաշտպան կարո՞ղ է մի ձեւաթուղթ ստեղծել, որը լրացնելով քաղաքացիները կարող են դիմել միջազգային դատարաններ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ռոզա Հովհաննիսյան

f